Ջերարդի գլխավորությամբ Ռեյնջերսը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում🎥
Շոտլանդական Պրեմեիր լիգայի շրջանակում շարունակում է փայլել «Ռեյնջերսը», որը գլխավորում է «Լիվերպուլի» լեգենդար նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը։
Գլազգոն ներկայացնող ակումբը 21-րդ տուրում հյուրընկալվելիս 0։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սենթ Միրենի» նկատմամբ, իսկ գոլերը հեղինակեցին Կեմար Ռուֆն ու Ալֆրեդո Մորելոսը։
Այս հաղթանակից հետո Ջերարդի թիմն անցկացրած 21 խաղից հետո 63 հնարավորից վաստակեց 59 միավոր և ահռելի առավելություն մոտակա հետապնդող «Սելթիկից», որը վաստակել է 43 միավոր, սակայն, հանուն արդարության նշենք, որ «կելտերը» 3 հանդիպում տարբեր պատճառներով բաց են թողել, որոնք հետագայում պետք է անցկացնեն։ «Սենթ Միրենը» վաստակած 21 միավորով 7-րդն է։
Չենք կարող չանդրադառնալ այն փաստին, որ Սիթվեն Ջերարդը «Ռեյնջերսի» հետ պարզապես անհավանական աշխատանք է կատարում։ Ընթացիկ մրցաշրջանում միայն Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած 21 խաղերում«Ռեյնջերսը» ընդամենը 4 միավոր է կորցրել՝ հաղթելով 19 հանդիպում՝ գոլերի 56։5 հարաբերակցությամբ։ Ընդ որում՝ ակումբը վերջին 13 խաղերում տարել է նույնքան հաղթանակ։
Նույն պատկերն էր նաև Եվրոպա լիգայում․ «Ռեյնջերսը» 6 խաղից հետո վաստակեց 14 միավոր, 2 միավորով գերազանցեց «Բենֆիկային» և 1-ին տեղով դուրս եկավ մրցաշարի 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցի բելգիական «Անտվերպենի» դեմ։
Ընդհանրապես, 2020/21 մրցաշրջանում «Ռեյնջերսն» անցկացրել է 32 պաշտոնական հանդիպում՝ տանելով 27 հաղթանակ, 4 հանդիպում ավարտել է ոչ-ոքի և պարտվել է ընդամենը 1 խաղում։ Այդ պարտությունն էլ ակումբը վերջերս է կրել։ Դեկտեմբերի 17-ին Շոտլանդիայի Լիգայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում Ջերարդի թիմը հյուրընկալվելիս 3։2 հաշվով պարտվեց նույն «Սենթ Միրենին»։ Այս ընթացքում «Ռեյնջերսը» խփել է 86 գոլ, իսկ բաց է թողել ընդամենը 16-ը։
«Ռեյնջերսի» մասին խոսելիս ցանկանում ենք առանձնացնել մի շարք ֆուտբոլիստների, որոնք պարզապես ֆանտաստիկ մրցաշրջան են անցկացնում։ Առաջինը հիշատակման է արժանի աջ պաշտպան, թիմի ավագ 29-ամյա Ջեյմս Տավերնիերը, ով, չնայած եզրային պատշպան է, ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանը 11 գոլով և 8 գոլային փոխանցումով Շոտլանդիայի առաջնության լավագույն ռմբարկուն ու լավագույն ասիստենտն է։
Հաջորդը, միանշանակ, շոտլանդացի վինգեր Կեմար Ռուֆն է, ով բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 12 գոլի հեղինակ։
Փայլում են նաև Յանիս Հաջին (ենթահարձակվող, 25 հանդիպում, 4 գոլ, 10 գոլային փոխանցում), Ալֆրեդո Մորելոսը (կենտրոնական հարձակվող, 25 հանդիպում, 8 գոլ, 4 գոլային փոխանցում), Բորնա Բարիսիչը (ձախ պաշտպան, 29 հանդիպում, 2 գոլ, 10 գոլային փոխանցում), Կոնոր Գոլդսոնը (կենտրոնական պաշտպան, 32 հանդիպում, 7 գոլ, 2 գոլային փոխանցում), Ռայան Քենթը (ձախ վինգեր, 30 հանդիպում, 6 գոլ և 9 գոլային փոխանցում), Սքոթ Ալֆրեդը (կենտրոնական կիսապաշտպան, 31 հանդիպում, 7 գոլ, 5 գոլային փոխանցում) և այլ ֆուտբոլիստներ։
Փաստացի կարել է ասել, որ Սթիվեն Ջերարդը պարզապես մի այնպիսի գոլային մեքենա է ստեղծել, որը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի և Եվրոպա լիգայի մակարդակով կկարողանա լուրջ արդյունքներ գրանցել։ Այս թիմի ֆենոմենն այն է, որ 2011/12 մրցաշրջանից հետո «Ռեյնջերսը» սնանկ ճանաչվեց և ուղարկվեց նշանակությամբ 4-րդ դիվիզիոն, ինչից հետո գլազգոցիները քայլ առ քայլ բարձրացել են վերև։
# Ալֆրեդո Մորելոս, Բորնա Բարիսիչ, Եվրոպա-լիգա, Կեմար Ռուֆ, Կոնոր Գոլդսոն, Յանիս Հաջի, Շոտլանդիական Պրեմիեր լիգա, Ջեյմս Տավերնիեր, Ռայան Քենթ, Ռեյնջերս, Սենթ Միրեն, Սթիվեն Ջերարդ, Սքոթ Ալֆրեդ