Էվերտոնը դժվար պայքարում կոտրեց համառ մրցակցի դիմադրությունը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Էվերտոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Սաութհեմպտոնին»։
Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին տանտերերը և արդեն 9-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան։ Գիլֆի Սիգուրդսոնը ճշգրիտ փոխանցմամբ մրցակցի դարպասապահի դեմ դիմաց դուրս բերեց «իրիսների» բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնին, ով կարողացավ անվրեպ հարվածով բացել հանդիպման հաշիվը։
25-րդ րոպեին աչքի ընկնելու հերթը Մայքլ Քինինն էր, ով կրկնապատկեց իր թիմի առավելությունը, սակայն գոլը չեղարկվեց անգլիացու՝ խաղից դուրս վիճակում գտնվելու պատճառով։
Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածն անցավ համեմատաբար հանգիստ պայքարում, և կողմերն ընդմիջման գնացին «Էվերտոնի» նվազագույն հաշվով առավելությամբ։
Երկրորդ խաղակեսը նույնպես մեկնարկեց Կառլո Անչելոտիի սաների փոքր առավելությամբ, սակայն թիմերը վտանգավոր հարվածներով չէին սպառնում միմյանց դարպասին։
Հատկանշական է, որ երկրորդ խաղակեսի մնացած ժամանակահատվածում կողմերը փոխանակվեցին բազմաթիվ հարվածներով սակայն միայն մեկ դեպքում հանդիպման հյուրերը կարողացան դիպուկ հարվածել, որը չկարողացան վերածել գոլի․ մնացած դեպքերում գնդակը շեղ էր ընթանում։
Ընդհանրապես ողջ հանդիպման ընթացքում մերսիսայդյան ակումբի տղաներն ընդամենը մեկ դիպուկ հարված կատարեցին մրցակցի դարպասին, որն էլ ավարտեցին գոլով։ Ռիչարլիսոնի՝ խաղասկզբին խփած գոլը միակն էր այսօրվա խաղում և հաղթականը՝ «Էվերտոնի» համար։
Այս խաղթանակից հետո Անչելոտիի սաները 25 հանդիպումներից հետո վաստակեցին 43 միավոր և զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։
«Սաութհեմպտոնն», իր հերթին, անց է կացրել 26 հանդիպում և իր ակտիվում ունի 30 միավոր, որին համապատասխանում է 14-րդ հորիզոնականը։
# Գիլֆի Սիգուրդսոն, Էվերտոն, Կառլո Անչելոտի, Մայքլ Քին, Պրեմիեր-լիգա, Ջորդան Պիկֆորդ, Ռիչարլիսոն, Սաութհեմփթոն