Comeback-ը չկայացավ! ՊՍԺ-ն դիմացավ, իսկ Բավարիան գնում է տուն🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ -ն սեփական հարկի տակ մրցեց «Բավարիայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում փարիզյան ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 3։2 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին խաղակեսը մասամբ նման էր Մյունխենում կայացած խաղին։ ՊՍԺ-ն գրոհում էր շատ վտանգավոր, միայն Նեյմարը 3 անգամ հարվածեց դարպասաձողին, աչքի ընկնելու պահեր էլ ուներ Կիլիան Մբապեն, սակայն նախքան ընդմիջման գնալը հաշիվը բացեցին «Բավարիայի» ֆուտբոլիստները։
Նեյմարի հերթական «դժբախտությունից» հետո, երբ նրա հարվածից հետո գնդակը կրկին դիպավ դարպասաձողին, 40-րդ րոպեին Հանսի Ֆլիկի սաները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Կինգսլի Կոմանը դուրս եկավ հարվածային դիրք, սակայն նրա հարվածից հետո Կեյլոր Նավասը փրկեց իր թիմին, սակայն վրա հասած Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը մոտ տարածությունից գրավեց նախկին թիմի դարպասը՝ բացելով խաղի հաշիվը։
Մինչ այդ պահը հանդիպման հյուրերը գրեթե պահեր չէին ունեցել, սակայն խփած գոլից հետո քիչ էր մնում ևս մեկ գնդակ ուղարկեին Նավասի դարպասը, սակայն Դավիդ Ալաբայի հեռահար հարվածից հետո կոստառիկացի դարպասապահը մեծ դժվարությամբ գնդակն ուղարկեց դեպի անկյունային։
Առաջին խաղակեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին մյունխենյան ակումբի նվազագույն առավելությամբ։
Երկրորդ խաղակեսն էլ ակտիվ մեկնարկեցին «Բավարիայի» ֆուտբոլիստները․ 47-րդ րոպեին իր թիմի առավելությունը մեծացնելուն կրկին մոտ էր Դավիդ Ալաբան, սակայն նրա՝ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածը շեղ ստացվեց։
Դրան հաջորդեց «Փարի Սեն-Ժերմենի» ակտիվությունը․ 54-րդ րոպեին հերթական գոլային պահն ուներ Նեյմարը, սակայն Անխել դի Մարիայի կատարած փոխանցումից հետո բրազիլացի հարձակվողը չկարողացավ մոտ տարածությունից գնդակն ուղարկել դատարկ դարպասը։
Այդ դրվագից հետո Հանսի Ֆլիկի թիմը սկսեցին տիրել նախաձեռնությունը և 62-րդ րոպեին ունեցան իրական գոլային պահ․ Թոմաս Մյուլլերը հայտնվել էր հարվածային դիրքում, սակայն Կեյլոր Նավասը կրկին փրեց «Փարիզին»։
Հանդիպումը մոտենում էր ավարտին, բայց «Բավարիայի» ֆուտբոլիստները չէին կարողանում դիմակայության առաջին հանդիպման նման ակտիվ ու կտրուկ գրոհներ անցկացնել, իսկ ՊՍԺ-ն պաշտպանվում էր անձնուրաց։
Հանդիպման 78-րդ րոպեին փարիզյան ակումբի ֆուտբոլիստները նետվեցին հակագրոհի ևԿիլիան Մբապեի ջանքերով հավասարեցրեցին հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն չհաշվեց գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։
Խաղավարտին մոտ մյունխենյան ակումբի գրոհները վերածվեցին պաշարման։ 83-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալուն մոտ էր Լերոյ Սանեն, սակայն գերմանացի վինգերի հարվածը շեղ ստացվեց։
Ամեն դեպքում, ՊՍԺ-ն մեծ դժվարությամբ դիմացավ «Բավարիայի» գրոհներին, որի ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց խփել այդքան ցանկալի 2-րդ գոլը։
Այսպիսով, «Բավարիան» հաղթեց 1։0 հաշվով, սակայն «Պարի Սեն-Ժերմենը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ, քանի որ մրցակցի հարկի տակ մեկ գնդակ ավելի խփեց։
Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի «Բորուսիա Դորտմունդ» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության հաղթողի դեմ, որի առաջին խաղում մանկունյական ակումբը հաղթել է 2։1 հաշվով։ Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ, Կեյլոր-Նավաս, Կիլիան-Մբապե, Մանուել Նոյեր, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ