ՊՍԺ-ն խոշոր գումար է վճարել Նեյմարի հորը` վերջինիս Բարսելոնա վերադարձը կանխելու համար
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան այդ պաշտոնում ընտրվելուց հետո փորձել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին համոզել, որ նա վերադառնա կատալոնական ակումբ։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, Լապորտան նախագահական ընտրություններից հետո Փարիզ է ուղարկել իր վստահված անձանց, որպեսզի քննարկեն Նեյմարի հավանական վերադարձի տարբերակները։ Արդյունքում, տվյալ մարդիկ հանդիպել են Նեյմարի հետ, որի ընթացքում բրազիլացի ֆուտբոլիստը խոստովանել է, որ կրկին կցանկանար խաղալ կատալոնական ակումբի կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասի» ու Նեյմարի միջև կապն ընդհատվել է այն բանից հետո, երբ ՊՍԺ-ի ղեկավարներից մեկն իմացել է այդ մասին, ով բրազիլացի ֆուտբոլիստի տեղափոխությունը կանխելու համար 20 մլն եվրո է փոխանցել նրա հոր հաշվեհամարին։
Հատկանշական է, որ այդ գումարը փոխանցվել է ոչ թե ՊՍԺ-ի, այլ` ինչ-որ ուրիշ հաշվեհամարից։
Հիշեցնենք, որ Նեյմարը 2013-2017 թթ. հանդես է եկել «կապտանռնագույնների» կազմում, ինչից հետո 222 մլն եվրոյի դիմաց համալրել է ՊՍԺ-ի շարքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Նեյմար, ՊՍԺ, տրանսֆերներ