Դրամա Բելգրադում! Սերբիայի հավաքականը գեղեցիկ Comeback արեց և փրկեց հանդիպումը🎥
Աշխարհի 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում Սերբիայի հավաքականը A խմբի շրջանակում Բելգրադում մրցեց Պորտուգալիայի հավաքականի դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսում Եվրոպայի գործող չեմպիոններն ավելի վտանգավոր էին գրոհում և 36-րդ րոպեի դրությամբ ստացել էին երկու գնդակի առավելություն․ պորտուգալացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Դիոգու Ժոտան։
Առաջին կեսում Սերբիայի հավաքականը գրեթե ոչնչով աչքի չընկավ, իսկ կողմերն ընդմիջման գնացին 2։0 հաշվի պայմաններում։
Հանդիպման ընդիջմանը բալկանյան հավաքականի գլխավոր մարզիչ Դարկո Ստոյանովիչը երկու փոփոխություն կատարեց, ինչն էլ բեկեց հանդիպման հետագա ընթացքը․ Նեմանյան Մաքսիմովիչի և Դուշան Վլահովիչի փոխարեն դաշտ մտան Նեմանյա Ռադոնիչն ու Դարկո Լազովիչը։
Երկրորդ կեսը, իրապես, Սերբիայի հավաքականը լրիվ ուրիշ տրամադրվածությամբ սկսեց և արդեն 46-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեց․ Ռադոնիչի՝ աջ եզրից կատարած բարձր փոխանցումից հետո Ալեքսանդր Միտրովիչը հաշիվը դարձրեց 1։2։
Այդ գրոհը պարզապես թևեր տվեց տանտերերին, որոնց կատարմամբ վտանգավոր գրոհները հաջորդում էին մեկը մյուսին։
55-րդ րոպեին Դուշան Տադիչի կատարած հեռահար հարվածից հետո Պորտուգալիայի հավաքականին մեծ դժվարությամբ փրկեց դարպասապահ Անտոնի Լոպեշը։ Այդ դրվագում նշանակվեց անկյունային հարված, որի խաղարկումից հետո աչքի ընկնելուն մոտ էր արդեն Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, սակայն այս անգամ նույնպես Լոպեշը փրկեց հյուրերին։
Սերբիայի հավաքականի գոլը, իրոք, հասունանում էր, ինչն էլ, ի վերջո, 60-րդ րոպեին տեղի ունեցավ։ Պորտուգալիայի հավաքականն անկյունային հարվածի իրավունք էր վաստակել, որի անհաջող խաղարկումից հետո բալկանները կտրուկ հակագրոհի նետվեցին, ինչի արդյունքում Նեմանյա Ռադոնիչը հարվածային դիրք դուրս բերեց Ֆիլիպ Կոստիչին, ով էլ հաշիվը դարձրեց 2։2։
Բաց թողած երկրորդ գոլից հետո Ֆերնանդու Սանտուշի սաները նետվեցին առաջ՝ հաղթանակ կորզելու, սակայն երկրորդ կեսում պորտուգալացիներն իրենց ափսեի մեջ չէին, ովքեր գրեթե իրական պահեր չստեղծեցին Մարկո Դմիտրովիչի պաշտպանած դարպասի ուղղությամբ։ Մի քանի անգամ հարվածային դիրք դուրս եկավ Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն 36-ամյա հարձակվողն անչափ անհաջող էր գործում նպաստավոր դիրքրեից։
Ամեն դեպքում, հանդիպման ֆանտաստիկ վերջաբանը դեռսև առջևում էր։ Նախ 90+2-րդ րոպեին սերբերի կենտրոնական պաշտպան Նիկոլա ՄիլենկովիչԲեր անչափ կոպիտ խախտում թույլ տվեց Դանիլո Պերեյրայի նկատմամբ, ինչից հետո անմիջապես պատժվեց կարմիր քարտով, ապա 90+4-րդ րոպեին Պորտուգալայի հավաքականի ֆուտբոլիստները 200 տոկոսանոց երկու պահ փչացրին։
Կրիշտիանու Ռոնալդուն դուրս եկավ հարվածային դիրք և դատարկ դարպասի դիմաց չկարողացավ դառնալ գոլի հեղինակ։ Ռոնալդուի հարվածից հետո սերբերին փրկեց Ստեֆան Միտրովիչը՝ գնդակը հեռացնելով դարպասային գծի վրայից, ինչից հետո այն հայնտվեց արդեն Բերնարդու Սիլվայի մոտ, ում հարվածից հետո Միտրովիչը նույնպես մնաց իր տեղում և երկրորդ անգամ փրկեց Սերբիայի հավաքակաին։
Սակայն, հանուն արդարության, նշենք, որ առաջին դրվագում տպավորություն էր, թե գնդակն ամբողջությամբ հատել էր դարպասային գիծը, բայց, քանի որ, աշխարհի առաջնությունների որակավորման փուլերի շրջանակում չի կիրառվում VAR համակարգը, այս դրվագն այդպես էլ չստուգվեց, իսկ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։
A խմբի մյուս խաղում էլ Լյուքսեմբորւգի հավաքականը հյուրընկալվելիս անակնկալ հաղթանակ տարավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ, իսկ խաղն ավարտվեց 1։0 հաշվով, ինչից հետո խմբի դասավորվածությունը ստացավ հետևյալ տեսքը․
1․ Սերբիա – 4 միավոր
2․ Պորտուգալիա – 4 միավոր
3․ Լյուքսեմբուրգ – 3 միավոր
4․ Ադրբեջան – 1 միավոր (անցկացրած մեկ հանդիպում)
5․ Իռլանդիա – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալեքսանդր Միտրովիչ, Դանիլո Պերեյրա, Դարկո Ստոյանովիչ, Դիեգու Ժոտա, Իռլանդիայի հավաքական, Լյուքսեմբուրգի հավաքական, Կրիշտիանու-Ռոնալդու, Նեմանյա Ռադոնիչ, Նիկոլա Միլենկովիչ, Պորտուգալիայի հավաքական, Սերբիայի հավաքական, Ստեֆան Միտրովիչ, Ֆիլիպ Կոստիչ