Պիկեն կրկին վնասվածք է ստացել. հայտնի են նրա ապաքինման ժամկետները
Ինչպես տեղեկանում ենք «Բարսելոնայի» թվիթերյան էջից, կատալոնական ակումբի պաշտպան Ժերար Պիկեն վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի «Սևիլիայի» դեմ կիսաեզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ (3:0)։
Մարտի 4-ի առավոտյան ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչից հետո պարզ է դարձել, որ իսպանացին վնասել է աջ ծնկի կապանը։
Ավելի ուշ As-ը հայտնեց, որ Պիկեն վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 3 շաբաթ, ինչը նշանակում է, որ նա, հավանաբար, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել մարտի 10-ին։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում կատալոնացեները սեփական հարկի տակ պարտվել էին 1։4 հաշվով։ Հարցական է նաև Պիկեի մասնակցությունը Լա լիգայի շրջանակում «Օսասունայի», «Ուեսկայի» և «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպումներին։
Հիշեցնենք, որ «Սևիլիայի» դեմ հանդիպման ժամանակ Պիկեն անհարմարություն է զգացել ծնկի հատվածում, սակայն բժիշկները թույլատրեցին նրան շարունակել հանդիպումը։ Արդյունքում 34-ամյա ֆուտբոլիստը դարձավ կարևոր գոլի հեղինակ, որից հետո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ էլ «կապտանռնագույնները» հաղթանակ կորզեցին կարևոր խաղում։
Հատկանշական է, որ հանդիպման 94-րդ րոպեից սկսած՝ Պիկեն կաղում էր։
Ավելի վաղ իսպանացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածքի պատճառով գրեթե 3 ամիս բացակայում էր «Բարսայի» հայտացուցակից։
Ընթացիկ մրցաշրջանում բոլոր խաղերի հաշվարկով «Բարսելոնայի» կազմում Ժերար Պիկեն մասնակցել է 15 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Բարսելոնա, Ժերար Պիկե, Սևիլիա