Պետրակով. «Տղաների անձնազոհ խաղից շատ գոհ եմ»
Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն։
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
–Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել էիք, որ Հայաստանի հավաքականը, հնարավոր է, չկարողանա երկրորդ հանդիպումն անընդմեջ լավ անցկացնել։ Ինչպե՞ս կգնահատեք թիմի խաղն ու ֆիզիկական վիճակը։
-Ֆիզիկական առումով բավական բարդ էր։ Մենք այնքան էլ ռոտացիայի հնարավորություն չունեինք, սակայն, ամեն դեպքում, ապրեն տղաները։ Կարողացան մինչև վերջ պայքարել, չհանձնվեցին ու չհամակերպվեցին հաշվի հետ ու հաղթանակ տոնեցին։ Ամեն դեպքում, մեզ համար շատ դժվար էր` ելնելով թե՛ եղանակային պայմաններից, թե՛ ֆունկցիոնալ վիճակից։
–Արդյո՞ք փոխարինման մտած ֆուտբոլիստների խաղից գոհ եք և ի՞նչ վիճակում է Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։
-Բալեկյանն այժմ հանդերձարանում է, ոտքը սառույցի մեջ է, մի փոքր կաղում է, սակայն, կարծում եմ, որևէ լուրջ բան չկա։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներից բավական գոհ եմ, թարմություն մտցրին խաղում։ Ես բավական ինտենսիվ ֆուտբոլ էի առաջարկել տղաներին, և նրանցից շատերն այժմ հանդերձարոնում, նույնիսկ, չեն կարողանում կանգնել։ Ամեն դեպքում, տղաների անձնազոհ խաղից շատ գոհ եմ։
–Որքա՞ն եք գնահատում խմբից դուրս գալու մեր շանսերը։
-Մենք, անպայման, կփորձենք և կներդնենք բոլոր ուժերը` խմբից դուրս գալու համար, սակայն առայժմ չեմ ցանկանում խոսել դրա մասին, քանի որ հետագայում դուք բոլորդ կասեք, որ ես նշել եմ դրա մասին։ Մենք, պարզապես, կներդնենք բոլոր ուժերն ու, իրոք, շատ ենք ցանկանում հայտնվել Գերմանիայում։
–Լուկասի և Ռանոսի փոխարինումից հետո առջևի գծում սրությունը կորավ։ Դա ձեր ընտրությո՞ւնն էր, թե՞ հոգնածությունը զգացնել տվեց։
-Իքներդ եք հասկանում, թե Լուկասը որտեղից էր եկել։ Նա Ուելսի դեմ փայլուն հանդիպում անցկարցեց, սակայն, ինչպես արդեն նշել եմ, ՄԼՍ-ում այդ ինտենսիվությունը չկա և նրա համար բարդ է երեք օրում երկու հանդիպում անցկացնել։ Բնականաբար, կար նաև հոգնածություն։
Ինչ վերաբերում է Ռանոսին, վերջսին շատ էր աշխատում, շատ էր փորձում, սակայն մի տարբերություն կա. Ուելսի հավաքականը բարձր պաշտպանությունով էր խաղում և թիկունքում շատ տարածություններ էր թողնում, իսկ Լատվիան խորը պաշտպանությամբ է խաղում, այդ պատճառով էլ նրա մոտ այսօր այնքան էլ չստացվեց։ Նա դեռ շատ երիտասարդ է, որոնց շատ բնորոշ է կայունության բացակայությունը։ Ամենակարևորն այն է, որ «Բորուսիա Մյոնխենգլադբախ» տեղափոխվելուց հետո կարողանա մշտապես խաղային պրակտիկա ունենալ։
Այս հարցից հետո ուկրաինացի մասնագետն առանձին շնորահակալություն հայտնեց նաև Հայաստանի հավաքականի երկրպագուներին.
«Ցանկանում եմ իմ կողմից մեծ շնորհակալություն հայտնել նաև Հայաստանի հավաքականի երկրպագուներին։ Նրանց թիվը շատ էր և հատկապես խաղավերջում նրանք մեզ առաջ էին մղում։ Երկրպագուների ակտիվությունը շատ օգնեց մեզ վաստակել այս 3 միավորը»,- նշել է Պետրակովը։
–Այս երկու հաղթանակներից հետո երկրպագուների պահանջները ձեր նկատմամբ մեծանալու են։ Ի՞նչ կասեք այդ մասին։
-Ես այդպիսի պահանջներին սովոր եմ։ Ես մարզիչ եմ, եթե երկրպագուներին ինչ-որ բան դուր չգա, իրերս կհավաքեմ ու կհեռանամ։
–Նախաղաղային ասուլիսի ժամանակ նշել էիք, որ աշխատանք եք տանելու Հովհաննես Հարությունյանի հետ։ Ի՞նչ աշխատանք է տարվել նրա հետ և արդյո՞ք գոհ եք նրա խաղից։
-Վերլուծաբան-մարզչի հետ զրուցել ենք Հարությունյանի հետ։ Տեսանյութերի հատուկ հատվածներ ենք նրան ցույց տվել, թե ինչպես պետք է գործի խաղադաշտում։ Նա խելացի և աշխատասեր ֆուտբոլիստ է ու, բնականաբար, հասկացավ իր անելիքը, իսկ այսօր խաղաժամանակ ստացավ` հաշվի առնելով հանդիպման տակտիկական գործոնը։
–Արդյո՞ք գոհ եք թիմի խաղի որակից։
-Խաղի որակը լավն է։
–Ի՞նչ տպավորություն ունեք դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի խաղից։ Տպավորություն էր, թե գոլային դրվագում մի փոքր անվստահ գործեց։
-Չանչարևիչն այս երկու հանդիպումներում բավական լավ խաղաց։ Կարծում եմ` Ֆեդերացիայի հետ բավական լավ աշխատանք կատարեցինք, և Չանչարևիչն այս երկու խաղերում մեզ շատ օգնեց։
–Նշել էիք, որ հայ ֆուտբոլիստները դժվարությամբ են երկու անընդմեջ հաղթանակ տոնում, բայց այսօր հաջողվեց։ Ի՞նչ եք տղաներին ասել հանդերձարանում և ինչպե՞ս հաջողվեց տոնել այս երկրորդ անընդմեջ հաղթանակը։ Առհասարակ գովո՞ւմ եք ձեր ֆուտբոլիստներին։
-Այո՛, ես գովեցի իմ ֆուտբոլիստներին և շնորհակալություն հայտնեցի, իսկ այն, ինչ խոսում ենք հանդերձարանում, մնում է հանդերձարանում. դա մեր ներքին խոհանոցի գաղտնիքն է։
Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնելու հետ կապված չեմ կարող կոնկրետ մեկ հանգամանք նշել։ Կարծում եմ` մի քանի հագամանքների հանրագումարների արդյունքում ստացվեց։
–Պաշտպանության կենտրոնում խնդիրներ ունենք։ Արդյո՞ք այդ հարցով կրկին դիմելու եք Ֆեդերացիային` փորձելով գտնել ֆուտբոլիստների։
-Ինչպես նախագահն, այնպես էլ ողջ Ֆեդերացիան աշխատում են նոր ֆուտբոլիստներ գտնելու ուղղությամբ։ Խոսքը ոչ միայն պաշտպայության կենտրոնի, այլև, առհասարակ, բոլոր դիրքերի մասին է։ Եթե նկատեցիք, այս հավաքին մասնակցում էր նաև երիտասարդ Սերգեյ Մուրադյանը, ում ես հատուկ հրավիրել էի` ծանոթանալու համար, բայց չցանկացա ռիսկի դիմել ու նրան խաղաժամանակ տալ այս անգամ, քանի որ եթե ինչ-որ բան այնպես չընթանար, նրա համար շատ ծանր կլիներ։
–Հավանաբար տեղյակ եք, որ երկու տարի առաջ Հայաստանի հավաքականն ընտրական փուլը մեկնարկեց երեք անընդմեջ հաղթանակով, ինչից հետո 4-5 ամիս շարունակ հանդիպումներ չկային ու ընտրանին խմբում զբաղեցնում էր առաջին հորիզոնականը։ Այդ ժամանակ առաջացած էյֆորիան թիմի վրա դրական չանդրադարձավ։ Այժմ ի՞նչ եք անելու, որ նույնը չկրկնվի։
-Ինձ մոտ էյֆորիա չկա, իսկ մնացածն իմ խնդիրն է։
Վերջում ավելացնենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին և հյուրընկալվելիս կմրցի Թուրքիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Լատվիայի հավաքական, Հայաստան - Լատվիա, Հայաստանի-հավաքական