Պետրակով. «Բոլորը շատ մեծ նվիրումով խաղացին»
Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում սեփական հարկի տակ մրցեց Ուելսի ընտրանու դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
– Ի՞նչ կասեք խաղի մասին և ի՞նչ եք կարծում` արդյո՞ք կրկին չհերիքեց վարպետությունը։
– Այո՛, կարծում եմ, ինչ-որ տեղ վարպետությունը չբավականացրեց։ Ես երբեք չեմ ընդունում, որ ասում են` «բախտը չբերեց»։ Նույնիսկ հանդիպումից հետո Նաիր Թիկնիզյանը մոտեցավ ինձ և իր ինգնագոլի դրվագը համեմատեց Ուկրաինայի դեմ կայացած հանդիպման ժամանակ Յարմոլենկոյի դրվագի հետ, բայց ես, իհարկե, նրան հանգստացրեցի և ասացի, որ ոչ ոք չի ցանկանում դառնալ ինքնագոլի հեղինակ։ Պարզապես այդպես է ստացվում։
– Որքանո՞վ էիք ուսումնասիրել Ուելսի հավաքականի իրացրած եզրային նետումները` հաշվի առնելով, որ դա նրանց խաղի բաղկացուցիչ մասն է։
– Բնականաբար ուշադրություն դարձրել ենք մարզումների ժամանակ։ Ցավոք, չունենք այդպիսի բարձրահասակ ֆուտբոլիստներ և չկա այնպիսի մեկը, ով կկարողանա 45 մ հեռավորության եզրային նետում կատարել։ Կարիք չկա խոսել այն ամենի մասին, ինչ եղել է։ Ինչ եղել է, արդեն անցյալում է։
– Ի՞նչ կասեք Իվուի մասին։ Արդյո՞ք լուրջ վնասվածք է ստացել։
– Այժմ ոչինչ չեմ կարող ասել։ Բժիշկները նրան կհետազոտեն։ Եթե վաղն առավոտյան զգանք, որ կարիք կա, նրան կուղղորդեն հետազոտության։
– Երկրորդ խաղակեսի վերջնամասում բավական «բաց» ֆուտբոլ էր ընթանում։ Արդյո՞ք հնարավոր չէր ողջ հանդիպման ընթացքում այդպես խաղալ։
– Ուելսի հավաքականն այն թիմը չէ, որի դեմ հնարավոր կլիներ այդպես խաղալ։ Ընթացքում էլ բոլորս տեսանք, որ երբ թիմը կարգապահ ֆուտբոլ էր խաղում, ամեն ինչ ստացվում էր, բայց երբ կարգապահությունը կաղում էր, ինչ-որ բան այն չէր լինում։
– Երկրորդ կեսի միջնամասում մեր հավաքականն անցավ 4 պաշտպանով խաղին։ Դա ձեր մարզչական հրահա՞նգն էր, թե՞` այդպես խաղալն ավելի հարմար էր։
– Հայ ֆուտբոլիստներին շատ դժվար է խաղալ մեկը մեկի դեմ։ Ես չորս պաշտպանով խաղի չեմ անցել, սակայն Ուելսի կազմում փոխարինման մտած ֆուտբոլիստները ստիպեցին մեզ այդպես խաղալ։ Բոլոր ֆուտբոլիստները շատ լավ խաղացին` Հարությունյանը, Հարոյանը, ով, կարծում եմ, ընթացիկ ընտրական փուլում լավագույն հանդիպումն անցկացրեց, Չալըշըրը, ով արդեն 34 տարեկան է և գրեթե չի խաղում իր ակումբի կազմում, սակայն բոլոր ուժերը ներդրեց, նույնը Դաշյանը և Թիկնիզյանը։ Բոլորը շատ մեծ նվիրումով խաղացին։
– Այս ընտրական փուլն ավարտվում է։ Եթե ամփոփեք, ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ դրական և բացասական կողմեր կնշեք, ի՞նչ գնահատական կտաք այս ընտրական փուլին։
– Կարծում եմ` դեռևս ամփոփելու ժամանակը չէ։ Մենք դեռևս հանդիպում ունենք Խորվաթիայի հավաքականի դեմ, որը շատ ուժեղ մրցակից է։ Տղաներին էլ ասել եմ, որ որևէ ընկերական խաղում դժվար կլիներ այսպիսի մրցակից ունենալ։ Խորվաթիայի դեմ խաղից հետո նոր հնարավոր կլինի ամփոփել ընտրական փուլը։
– Սպասե՞նք, որ Էդուարդ Սպերցյանը Խորվաթիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա այն դիրքում, որտեղ հանդես է գալիս «Կրասնոդարի» կազմում։
– Դա հնարավոր չէ, քանի որ «Կրասնոդարը» խաղում է 4-3-3 մարտավարությամբ։ Անձամբ խոսել եմ Սպերցյանի հետ և նրան առաջարկել եմ խաղալ ձախ վինգերի դիրքում։ Նա ասել է, որ այդ դիրքում հարմարավետ չի զգում իրեն։
– Արդյո՞ք հնարավոր չէ, որ մենք խաղանք 4-3-3 մարտավարությամբ։
– Ցավոք, իմ տրամադրության տակ չկան այնքան ֆուտբոլիստներ, որպեսզի կարողանանք խաղալ այդ մարտավարությամբ։
– Յուրաքանչյուր խաղում ինչ-որ խնդիրներ են ի հայտ գալիս։ Այս անգամ խնդիրն այն էր, որ կատարեցինք 14 հարված, սակայն միայն 2-ն էին դիպում։ Ի՞նչ է պետք անել` այդ խնդիրը լուծելու համար։
– Միայն մեկ բան է պետք անել` շատ մարզվել, բայց ոչ միայն հավաքականի, այլ նաև ակումբների կազմում էլ։ Պետք է աշխատել այդ խնդրի շուրջ, գալ հավաքական, նվիրվել և խաղալ 100%-ով, որովհետև բախտի գործոն ասվածը բացառում եմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Պետրակով, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Հայաստանի-հավաքական, Ուելսի հավաքական