Պեպ Գվարդիոլան կարիերայի վատագույն արդյունքն է գրանցել
Սեպտեմբերի 27-ին Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2։5 հաշվով պարտություն կրեց «Լեսթերից»։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Պեպ Գվարդիոլայի մարզած որևէ թիմ 686 հանդիպման ընթացքում առաջին անգամ է բաց թողել 5 գնդակ, իսկ «Մանչեսթեր Սիթին» իր հերթին վերջին 483 հանդիպումների ընթացքում է առաջին անգամ «Էթիհադ» մարզադաշտում բաց թողել նման քանակի գոլեր։
Հատկանշական է, որ Պեպ Գվարդիոլայի մարզած թիմերն ընդմամենը երկրորդ անգամ են 4 կամ ավելի գնդակ բաց թողնում։ Նման դեպք առաջին անգամ տեղի էր ունեցել Չեմպիոնների լիգայի 2013/14 խաղարկության շրջանակում, երբ 2014 թվականի ապրիլի 29-ին մրցաշարի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ 0։4 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը մինչ այժմ մարզել է «Բարսելոնա Բ»-ն, «Բարսելոնան», «Բավարիան», իսկ 2016 թվականից մարզում է «Մանչեսթեր Սիթին»։
# ԱՊԼ, Բավարիա, Բարսելոնա, Բարսելոնա Բ, Լեսթեր, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռեալ Մադրիդ