Պեպեն կհեռանա Պորտուից
Պորտուգալացի լեգենդար պաշտպան Պեպեն հեռանալու է «Պորտուից»։ Այդ մասին հայտնել է «վիշապների» նորանշանակ նախագահ Անդրե Վիլաշ-Բոաշը.
«Ես Պեպեին հասկացրել եմ, որ նրա ամբողջ ապագան անքակտելիորեն կապված է «Պորտուի» հետ՝ լինի դա էմոցիոնալ կամ նույնիսկ պրոֆեսիոնալ տեսանկյունից: Ինչ վերաբերում է նրա կարիերայի շարունակականությանը` որպես «Պորտուի» խաղացողի, ապա դա տեղի չի ունենա։ Պատճառները նրան հստակ բացատրել են։ Այնուամենայնիվ, մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում նրա կարիերային։
Կա ևս մեկ ճանապարհ, և այսպես ասած, նոր «Պորտուն» մտահոգված է աշխատավարձերի և ծախսերի կրճատմամբ»,- նշել է Վիլաշ-Բոաշը, որի խոսքը մեջբերում է beIN Sports-ը։
Պեպե «Պորտուի» կազմում հանդես է եկել նախ 2004-07, ապա 2019-2024 թթ.` 288 խաղում դառնալով 17 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։
Նա առավել հայտնի է Մադրիդի «Ռեալի» կազմում ունեցած մրցելույթներով, որի գույները պաշտպանել է 2007-2017 թթ. և 334 խաղում խփել է 15 գոլ, կատարել 20 ասիստ։ Նա «արքայական» ակումբի կազմում նվաճել է 15 տիտղոս, այդ թվում` երեք անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան։
Ակումբային մակարդակով Պեպեն հանդես է եկել նաև պոտտուգալական «Մարիտիմուի» (63 խաղ, 3 գոլ, 2 ասիստ) և թուրքական «Բեշիկթաշի» (52 խաղ, 7 գոլ, 3 ասիստ) կազմում։
Վետերան պաշտպանը նաև 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 137 խաղում։ Նա հավաքականի կազմում 2016 թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2019 թ. հաղթել է Ազգերի լիգայի խաղարկությունում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Վիլաշ-Բոաշ, Պեպե, Պորտու, Պորտուգալիայի հավաքական, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ