Պեպեն գերազանցել է Ֆրանչեսկո Տոտիի պատմական ռեկորդը
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Պորտուն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց բելգիական «Անտվերպենին»։
«Վիշապների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև կենտրոնական պաշտպան Պեպեն, ով 90+1-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` ձևակերպելով վերջնական հաշիվը։
Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, պորտուգալացի պաշտպանը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության ամենատարեց գոլի հեղինակը։
«Անտվերպենի» դեմ կայացած հանդիպման օրը Պեպեն եղել է 40 տարեկան և 254 օրական։
Այդ ցուցանիշով վետերան ֆուտբոլիստը գերազանցել է «Ռոմայի» լեգենդար նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտիին, ով 2014 թ. նոյեմբերի 25-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասը գրավել էր 38 տարեկան և 59 օրական հասակում։
Հավելենք, որ Պեպեն Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրել է արդեն 116 հանդիպում` դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտվերպեն, Չեմպիոնների-լիգա, Պեպե, Պորտու, Ռոմա, Ֆրանչեսկո-Տոտտի