Պելեն նշել է, թե ով է իր հետնորդը

Պելեն նշել է, թե ով է իր հետնորդը

06/03/2021 - 11:22

Ֆուտբոլի լեգենդ Պելեն նշել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին տեսնում է որպես իր հետրոդ․

«Չեմ կատակում․ Մբապեն, իրոք, կարող է դառնալ իմ հետնորդը։ Ես շատ բան եմ տեսնում նրա՝ արագությամբ խաղալու ունակության մեջ։ Նա հարձակվող է, ով արագ է մտածում։

Երբ նա ստանում է գնդակը, գիտի, թե ինչ պետք է անել, ուր գնալ և ինչպես խաղալ, որպեսզի գտնի լավագույն որոշումը։ Մերօրյա ֆուտբոլում դրանք ամենակարևոր հատկանիշներից են»,- նշել է Պելեն, ում խոսքերը մեջբերում է Marca-ն՝ հղում կատարելով La Gazetta dello Sport-ին։

Պելեն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Սանթոսի» (1956-1974 թթ․) և ամերիկյան «Նյու-Յորք Կոսմոսի» (1975-1977թթ․) կազմում։ Ըստ Գինեսի ռեկորդների պաշտոնական կայքի՝ «ֆուտբոլի արքան» իր կարիերայի ընթացքում մասնակցել է 1363  հանդիպման՝ դառնալով 1289 գոլի հեղինակ։ Պելեն էլ իր Instagram-ի պաշտոնական օգտահաշվի bio-ի՝ ինքնակենսագրության բաժնում գրել է, որ դարձել է 1283 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1958, 1962 և 1970 թվականներին):

Ինչ վերաբերում է Կիլիան Մբապեին, ապա 22-ամյա ֆուտբոլիստը «Մոնակոյի» սան է։ Մբապեն մոնեգասկյան ակումբի համակարգում հանդես էր գալիս 2013 թվականից, որի գլխավոր թիմի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 60 խաղ՝ դառնալով 27 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

2017 թվականի ամռանը ՊՍԺ-ն վարձակալեց ֆուտբոլիստին, իսկ 2018-ի ամռանը 145 մլն եվրոյի դիմաց գնեց խաղացողի ամբողջական տրանսֆերը։ Մինչ այս պահը Մբապեն «Փարիզի» կազմում անցկացրել է 155 խաղ՝ դառնալով 113 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։ Նա արդեն փարիզյան ակումբի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն է՝ զիջելով միայն Էդինսոն Կավանիին (200 գոլ) և Զլատան Իբրահիմովիչին (156 գոլ)։

Մբապեն նաև 16 գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 39 հանդիպման շրջանակում։ 2018 թվականին Մբապեն «եռագույնների» հետ դարձավ աշխարհի չեմպիոն՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023