Պաչաջյան․ «Մշտապես առավելագույն չափով նվիրվել եմ հավաքականին, երբ խաղալու հնարավորություն եմ ստացել»
Լևոն Պաչաջյանը 2000-ականներին հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր, ով 2007 թվականին նույնիսկ ճանաչվեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ տևական ժամանակ ազգային հավաքականում կայուն տեղ ուներ, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 38 հանդիպում՝ խփելով 2 գոլ։ Այժմ Լևոնը 37 տարեկան է, սակայն չի դադարում ֆուտբոլ խաղալ և հաճույք ստանալ իր սիրած մարզաձևից՝ հանդես գալով շվեդական «Լինշոպինգ» ակումբի կազմում։
Interfootball-ի ներկայացուցիչ Միքայել Մելիքբեկյանը Լևոն Պաչաջյանի հետ անկեղծ զրույց է ունեցել՝ խոսելով գրեթե ամեն ինչից՝ կարիերայի մեկնարկից մինչև հետագա ծրագրերի մասին։
– Մանկապատանեկան ֆուտբոլի առաջին քայլերից կպատմե՞ք։ Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ և ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է ֆուտբոլիստ դառնաք։
– Ֆուտբոլիստ դառնալն, ընդհանրապես, պատահականություն չէր, որվհետև մեր ընտանիքը մարզական է եղել։ Հորեղբայրս շատ երկար ֆուտբոլային կարիերա է ունեցել։ Հայրս էլ սիրողական ֆուտբոլով է զբաղվել ժամանակին։ Այնպես էր ստացվել, որ մեր պապական տունը Մալաթիայի ֆուտբոլի դպրոցի մոտ էր, ու այդ ամեն ինչը ազդեցություն ունեցավ իմ՝ ֆուտբոլիստ դառնալու որոշման վրա։
Ֆուտբոլի պարապմունքների հաճախելու որոշումը բավական հետաքրքիր ստացվեց։ Այդ ժամանակ ես առաջին դասարան էի, և իմ ապագա առաջին մարզչի՝ Ռոբերտ Մուրադյանի աղջիկը մեր դպրոցում ուսուցչուհի էր։ Մի օր նա ներս մտավ դասարան և հայտարարեց, որ 1983 թ․ ծնված երեխաների թիմ է հավաքվում․ ովքեր ցանկանում են, կարող են գալ առաջին մարզմանը։
Հաջորդ օրը, երբ պետք է գնայի առաջին մարզմանը, այնքան ոգևորված էի, որ նույնիսկ տան ժամացույցն էի առաջ տվել, որ շուտ գար մարզման ժամը (ծիծաղում է)։ Այդպես գնացի առաջին մարզմանը և սկսեցի գնալ դեպի մեծ ֆուտբոլ։
– Իսկ ի՞նչը ստիպեց, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնաք, քանի որ, հատկապես Հայաստանում, շատ երիտասարդ ֆուտբոլիստներ վաղ տարիքում թողնում են ֆուտբոլը
– Առաջին հերթին կարող եմ ասել՝ իրադարձությունների ընթացքը, հետո՝ մրցակցությունը, քանի որ իմ բախտն այնքանով է բերել, որ ես այն ժամանակների համար շատ ուժեղ սերնդի ներկայացուցիչների հետ էի մարզվում, և ներքին մրցակցությունը բերում էր այն կետին, որ ամեն մեկն ուզում էր լինել ամենալավը։ Ես չէի կարող խուսափել ֆուտբոլիստ դառնալուց։
Յուրաքանչյուր մարզման մեծ ոգևորությամբ էի գնում, շատ անգամ դաշտից տուն չէի գնում, առավոտից երեկո ֆուտբոլի դպրոցում, կամ հենց մեր բակում էի խաղում։ Մի խոսքով, ամբողջ օրս անցնում էր այդ մթնոլորտում և այդ ամենը ստիպում էր, որ ինքնըստինքյան առաջ գնաս։
Բայց, պրոֆեսիոնալ կարիերան էլ հետաքրքիր սկսվեց․․․
– Ինչպե՞ս սկսվեց։
1983 թվականների ծնվածների թիմով, երբ դեռևս 16 տարեկան էինք ու հանդես էինք գալիս Ազատ Մանգասարյանի գլխավորությամբ, մշտապես կապի մեջ էինք թիմի տղաներով, սակայն մի օր գնացի մարզմանը և տեսա, որ ընդհանրապես մարդ չկա։
Գնացի տուն, զանգահարեցի ընկերոջս՝ տեղեկանալու, թե ինչի ոչ ոք չի գնացել մարզմանը, իսկ նա ասաց, որ Աբովյանի «Կոտայքը» թիմ է հավաքում 83 թվականի ծնվածներից և ինձ էլ կանչեցին։ Հաջորդ օրը գնացի, իսկ հետագայում մեզ հետ պայմանագիր կնքեց «Կոտայքը», և սկսեցինք հանդես գալ Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորությամբ։
Այդ ժամանակ՝ 2000 թվականին, սկսեցինք հանդես գալ Հայաստանի Առաջին խմբում, ինչը կարելի է համարել իմ՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջին տարին։ Առաջին լիգային, եթե չեմ սխալվում, 14 թիմ էր մասնակցում, որոնք բավական ուժեղ էին, սակայն երիտասարդ կազմով կարողացանք 4-րդ տեղը զբաղեցնել, ու այնպես ստացվեց, որ թիմը դիմեց ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի մեզ հնարավորություն տան հանդես գալու Բարձրագույն խմբում։ Առաջին խմբում 1-2-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը հրաժարվել էին Բարձրագույն խմբում հանդես գալու հնարավորությունից, ինչի շնորհիվ էլ հենց մեզ թույլ տվեցին հանդես գալ։
Բարձրագույն խմբում մեր մրցելույթները շատ բարդություններով սկսվեցին, քանի որ այդ տարիներին անչափ ուժեղ թիմեր էին հանդես գալիս՝ «Ցեմենտը», «Փյունիկը», «Շիրակը», «Արարատը», և գրեթե բոլորը մեզ հաղթում էին, սակայն առաջնության երկրորդ շրջանից սկսած սկեցինք հաղթանակներ նույնպես տոնել ու մարդիկ սկսեցին ճանաչել մեզ, ինչից հետո էլ ավելի ուժեղ ակումբներ մեզ նկատեցին։
«Կոտայքից» հետո սկզբում տեղափոխվեցի «Զվարթնոց», սակայն ակումբը լուծարվեց, իսկ 2003 թվականից 5 տարի հանդես եկա «Փյունիկի» կազմում։
– Բավական երիտասարդ տարիքում սկսեցիք լուրջ հաջողություններ գրանցել, իսկ 2007 թվականին «Փյունիկի» կազմում ճանաչվեցիք Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Այդ տարիների «Փյունիկը» շատ լավ կազմ ուներ։ Պահպանո՞ւմ եք կապ «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստների հետ։
– Իհարկե։ Այն ժամանակ՝ 2003-2007 թթ․, շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ էին հանդես գալիս Հայաստանում․․․ Սարգիս Հովսեփյանը հետ վերադարձավ Ռուստաստանից, խաղում էին նաև Վարդան Մինասյանը, Ռաֆայել Նազարյանը, Արթուր Պետրոսյանը, որոնց միացան նաև Աղվան Մկրտչյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վալերի Ալեքսանյանը, Էդգար Մանուչարյանը։
– Անչափ մրցունակ առաջնություն ունեինք այդ ժամանակ․․․
– Այո՛։ Վերոնշյալ ֆուտբոլիստներին էլ հետո միացան Հենրիխ Մխիթարյանն ու Գևորգ Ղազարյանը և կամաց-կամաց ակնհայտ էր դառնում, որ այդ սերունդը լավ ֆուտբոլիստներ է տալու։ Մինչև 2007 թվականը «Փյունիկում» էի և դեռևս շատերի հետ էլ կապ ունեմ։
– Երիտասարդ տարիքում էլ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվեցիք։ Ի՞նչ զգացումներ ունեցաք, երբ առաջին անգամ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով դուրս եկաք խաղադաշտ։
– Դա ինձ համար մի կողմից պատասխանատվություն էր, իսկ մյուս կողմից՝ պատիվ։ Հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալը եղել է ամենա-ամենազգացմունքային պահը, սակայն երբեք չեմ մտածել, որ օրերից մի օր, հնարավոր է, ես էլ խաղամ հավաքականի կազմում, բայց ժամանակի ընթացքում, երբ արդեն այդ միջավայրում էի, ուժեղ ակումբում էի հանդես գալիս և բոլոր տարիքային հավաքականներում արդեն խաղացել էի․ այդ պատճառով էլ զգում էի, որ ազգային հավաքականում խաղալու ժամանակն է։
Առաջին հանդիպումս հավաքականի կազմում անցկացրել եմ 2004 թվականին Հունգարիայի դեմ կայացած ընկերական խաղում։ 2004-ի փետրվարին «Փյունիկի» կազմով Իտալիայում ուսումնամարզական հավաք էինք անցկացնում և այդտեղից էլ մեկնեցի Կիպրոս և անցկացրի առաջին հանդիպումս հավաքականի կազմում (խմբ․՝ խոսքը Հունգարիայի դեմ ընկերական հանդիպման մասին է, որի շրջանակում Հայաստանի հավաքականը պարտվեց 0։2 հաշվով)։ Շատ տպավորիչ հանդիպում էր, աչքի ընկնելու 2-3 լավ հնարավորություն էլ ես ունեի, սակայն, չստացվեց, բայց առաջին խաղից հասկացա, որ արդեն եկել է ժամանակը, որպեսզի մշտական տեղ ունենամ հավաքականում, բայց, ցավոք, պետք է ասեմ, որ իմ առաջին պաշտոնական հանդիպումը բավական ուշ եղավ, որովհետև տարբեր պատճառներով ինձ հնարվորություն չէին տալիս ավելի շուտ իմ պաշտոնական նորամուտը նշեմ, չնայած, մի կողմից էլ հասկանում էի, որ մրցակցությունը շատ մեծ է հավաքականում։
– Հավաքականի կամզում մի պահ, իրոք, կայուն մրցելույթներ էիք ունենում և մշտապես հրավեր էիք ստանում հավաքականից, սակայն վերջին անգամ հավաքականի կազմում խաղացել եք 2011 թվականին։ Ի՞նչ էր պատճառը, որ սկսեցիք հրավեր չստանալ։
– Եթե զուտ ֆուտբոլային տեսանկյունից դիտարկենք, հավաքականի կազմն այդ պահին սերնդափոխության էր ենթարկվում, քիչ-քիչ ավելի երիտասարդ ֆուտբոլիստներ էին սկսում հանդես գալ, չնայած ես էլ այնպես չէր, որ երիտասարդ չէի․ իմ՝ ֆուտբոլ խաղալու ամենալավ ժամանակն էր։
Բայց, մի կողմից էլ օբյետկտիվորեն հասկանում էի, որ իմ ակումբային կարիերան այնքան էլ հարթ չէր ընթանում, որովհետև երբ ես 2008 թվականին տեղափոխվեցի Շվեդիա (խմբ․՝ Լևոնը 2008թ․ տեղափոխվեց շվադական ԳԱԻՍ), լավ տարի անցկացրեցի, սակայն մեկ սխալ որոշման պատճառով ողջ 2009-ը կորցրի։ 2009 թվականը շատ լուրջ հարված էր իմ կարիերայի համար։ Վարձավճարով տեղափոխվեցի նորվեգական «Ֆրեդրիկստադ», սակայն ոչինչ չստացվեց այդ տարի, և միանգամից շուռ եկավ ամեն ինչ։ Տեղափոխվեցի Իրան (խմբ․՝ 2010թ․ «Սանաթ Նավթ») ու մինչև մարզավիճակս հետ էի բերում, հավաքականում շատ փոփոխություններ էին լինում։ Այդ ժամանակ մի 2-3 անգամ նույնպես հանդես եկա հավաքականի կազմում, որոնց էլ վատ հանդես չեկա, բայց այդքան էլ վառ հանդիպումներ չէին իմ կատարմամբ։
Ինչ-որ չափով ես այդ որոշումների հետ համաձայն չէի, որ սկսեցի չհրավիրվել հավաքական, քանի որ երբ վառ հանդիպումների ֆոնին իմ խաղը մի փոքր անկում ապրեց, սկսեցին հնարավորություն չտալ։ Երկրորդ հնարավորություն չստացա։ Պատճառաբանում էին, որ խաղաոճս հարմար չէ հավաքականի համար, սակայն կարծում եմ, որ որքան հնարավորություն ստացել եմ հավաքականում հանդես գալու, առավելագույն չափով նվիրվել եմ, հնարավորինս արել ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ հավաքականին և շնորահակալ եմ այդ մարդկանց, ովքեր հավատացել են ինձ ու հնարավորություն են տվել։
– Ֆուտբոլային առումով արդեն վետերան եք, սակայն շարունակում եք հաջող հանդես գալ Շվեդիայում։ Այժմ արձակուրդում եք։ Ինչպե՞ս եք կարողանում պահպանել լավ մարզավիճակը։
Մեզ մոտ մարզումային նախապատրաստական շրջան է։ Աստիճանաբար վերականգնում ենք մեր մարզավիճակը, սակայն թիմում դեռ խնդիրներ կան այն մասով, որ ոչ բոլոր ֆուտբոլիստներն են ժամանել մարզումներին։
Կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսական խնդիրներ էլ ունենք, քանի որ մեր հովանավորների մեծ մասը սրճարանային, հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչներ են, որոնք, բնականաբար, տուժել են համաճարակով պայմանավորված սահմանափակումների հետևանքով։
Ստեղծված իրավիճակում շատ բարդ է մտածել նոր ֆուտբոլիստներ գնելու մասին, իսկ ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես մարզվում եմ, ես աշխատում եմ և կարծես թե վերականգնել եմ մարզավիճակս արձակուրդից հետո։
– Իսկ ինչպե՞ս են գործերը մրցաշարային աղյուսակում։
– Հայաստանում շատերը կարող են կարծել, որ եթե 3-րդ դիվիզիոնում ես խաղում, ուրեմն սիրողական մակարդակ է, սակայն շտապեմ հայտնել, որ այդպես չէ։ Շվեդիայում առաջին երեք դիվիզիոնները պրոֆեսիոնալ են համարվում։ Ես հանդես եմ եկել այդ երեք դիվիզիոններում։ Կան ակումնբեր, որոնք ընդամենը երկու տարի առաջ Բարձրագույն խմբում էին հանդես գալիս․ այնպես որ այդ առումով մրցակցությունը շատ ուժեղ է։
– Երիտասարդ ֆուտբոլիստներին խարհուրդ կտա՞ք հանդես գալ Շվեդիայի առաջնությունում։
– Իհարկե, Շվեդիայի առաջնությունը թոփ-5 առաջնություններին զիջում է, սակայն երիտասարդ հայ ֆուտբոլիստներ եղել են, որոնց ներկայացրել եմ այստեղ խաղալու առանձնահատկությունները։
Եթե ֆուտբոլիստը ցանկանում է մեծ գումարներ վաստակել, ապա Շվեդիան այդ առումով նրա տեղը չէ, սակայն, եթե երիտասարդ ֆուտբոլիստը ցանկանում է աճել, կայանալ որպես ֆուտբոլիստ, ապա դրա համար շատ լավ պայմաններ կան այս երկրում։
Այստեղից շատ հաճախ երիտասարդ ֆուտբոլիստներ են տեղափոխվում Հոլանդիայի առաջնություն, կամ Անգլիայի տարբեր դիվիզիոններ։ Այդ առումով Շվեդիան հիանալի դպրոց է։
Հնարավորության դեպքում փորձում եմ հայ երիտասարդներին բացատրել, որ որպես ֆուտբոլիստ կայանալու համար Շվեդիայում կան հիանալի պայմաններ։ Ես էլ իմ հնարավորության սահմաններում փորձում եմ նպաստել նրանց տեղափոխությանը։
– Վերջերս ԱԻԿ-ից Հերդի Ռաշիդին տեղափոխվեց «Արարատ- Արմենիա»։ Ի՞նչ կարող եք ասել նրա մասին։
– Տեղյակ եմ տեղափոխությունից, սակայն անձամբ ֆուտբոլիստի մասին ոչինչ չեմ կարող ասել։ ԱԻԿ-ը Շվեդիայի ամենահին, ամենատիտղոսակիր , ամենաավանդական, ամենաուժեղ ակումբներից է։ Այդ ակումբում պատահական ֆուտբոլիստներ չեն լինում։ Եթե նա ԱԻԿ-ում է խաղացել ուրեմն լավ ֆուտբոլիստ է, և ես ուրախ եմ, որ Հայաստանում կա ակումբ, որը նման տրանսֆեր է իրականացնում։
– Եղե՞լ են Ձեր կարիերայում դեպքեր, երբ ինչ-որ ակումբ պետք է տեղափոխվեիք, սակայն վերջին պահին տրանսֆերը չի կայացել։ Կբացե՞ք չակերտներ մեր ընթերցողի համար։
– Նման դեպքեր շատ են եղել։ Ինձ համար ամենացավալի տեղափոխությունը, որն այդպես էլ չկայացավ ԳԱԻՍ-ից ՊԱՕԿ տեղափոխությունն էր։ Ամեն ինչ համաձայնեցված էր, ես արդեն գնացել էի Հունաստան, սակայն վերջին պահին չկայացավ տեղափոխությունը։
Վերջին տարիներին, երբ ես «Շիրակում» էի, շատ լավ առաջարկ ստացա Ղազախստանի թոփ ակումբներից մեկից։ Անգամ այդ ակումբի մարզիչն էր զանգահարել ինձ, ամեն ինչ պայմանավորվել էինք։ Ինքնաթիռի տոմս էի գնել, որ երկու օրից արդեն պիտի մեկնեի Ղազախստան, սակայն այն ֆուտբոլիստը, որը պետք է վարձավճարով տեղափոխվեր այլ ակումբ, իսկ ես՝ զբաղեցնեի նրա տեղը, չէր կարողացել լուծել իր տեղափոխման հարցը, իսկ ես չկարողացա տեղափոխվել այդ ակումբ։
Մեկ այլ դեպք․ իրանական թոփ ակումբներից «Սեպահանը» ցանկանում էր ինձ և Ալեքսանդր Թադևոսյանին տեսնել իր կազմում։ Կրկին ամեն ինչ համաձայնեցված էր։ Արդեն ժամանել էինք Իրան, և ակումբ գնալու ճանապարհին զանգահարում են մեր գործակալին և հայտնում, որ մարզիչը, որը ցանկանում էր մեզ տեսնել այդ ակումբի կազմում, հեռացվել է պաշտոնից, իսկ նոր մարզիչը չի ցանկանում մեզ հետ պայմանագիր կնքել։ Նման զավեշտալի իրավիճակները ցանցակած ֆուտբոլիստից անբաժան են(ծիծաղում է)։
Յուրաքանչյուր ֆուտբոլիստի կարիերայում էլ կարող է պատահել նման բան, և պետք է հոգեբանորեն պատրաստ լինել այդպիսի զարգացումների։ Նման դեպքերի համար մենք միշտ ասում ենք՝ քանի դեռ գրիչը չի դիպչել պայմանագրին, այն ցանկացած պահի կարող է ձախողվել։
– Արտասահմանյան շատ ակումբներում եք հանդես եկել։ Ո՞րն է, ըստ Ձեզ, ամենաուժեղ ակումբը, որի կազմում խաղացել եք։
– Կարող եմ նշել իրանական «Սանաթ Նավթի» անունը, որի կազմում կարողացանք նվաճել Բարձրագույն խմբի ուղեգիր։ Ակումբի ներսում շատ թեժ պայքար էր հիմնական կազմում հայտնվելու համար։ Ընդ որում՝ լեգիոներների սահմանափակում կար․ ընդամենը երեք օտարազգի ֆուտբոլիստ կարող էր հայտնվել թիմի մեկնարկային կազմում։
Այդ տարի Իրանի առաջնության Բարձրագույն խմբում տևական ժամանակով գլխավորում էինք առաջնությունը՝ հաղթելով մի շարք թոփ ակումների, ինչպիսիք էին «Էսթեղլարը», «Պերսպոլիսը», «Սեպահանը»։
Ուժեղագույն ակումբներից կարող եմ առանձնացնել իմ այժմյան ակումբի՝ «Լինշոպինգի» կազմը երկու տարի առաջ, սակայն, ցավոք, ղեկավարությունը չկարողացավ ակումբում պահել այդ ֆուտբոլիստներին։
Շվեդական ԳԱԻՍ-ն էլ բավական ուժեղ կազմ ուներ։ Թիմում մեծ թվով բրազիլացիներ կայն, որոնք նույնպես ժամանակի ընթացքում տեղափոխվեցին այլ ակումբներ։ Կարող եմ նշել հատկապես բրազիլացի Վանդերսոնին, ով հետագայում հանդես եկավ նաև «Կրասնոդարի» կազմում։
– Եթե կարողանայիք ժամանակի մեջ հետ գնալ, ապա ի՞նչ խորհուրդ կտայիք 18-ամյա Լևոն Պաչաջյանին։
– Երևի խորհուրդ կտայի, որ ավելի․․․․ (լռում է) ավելի նուրբ վարվի գնդակի հետ (ծիծաղում է)։ Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ իմ ամենամեծ թերությունը երիտասարդ տարիքում այն է եղել, որ այդքան էլ շատ չէի աշխատում գնդակով։ Իհարկե, տարիների հետ սկսում ես շատ ավելի լավ զգալ գնդակը։ Մյուս խորհուրդս այն կլիներ, որ շատ չլարվեր, երբ դարպասապահի դեմ մեն-մենակ հայտնվեր։ Հիշում եմ՝ այն իմ առաջնային խնդիրներից է եղել։ Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ նման իրավիճակում գոլը ձեռքիցս բաց եմ թողել։
Իմ խաղային ոճով ես գոլահար չեմ եղել, նախընտրում եմ գոլային փոխանցումներ կատարել։ Հիմնականում խաղացել եմ աջ եզրում և խաղի բնույթով ավելի շատ հակված եմ եղել գոլային փոխանցում կատարելուն, քան գոլ խփելուն։
– Արդեն 37 տարեկան եք․․․ Դեռ որքա՞ն եք պատրաստվում ֆուտբոլ խաղալ և ի՞նչ ծրագրեր ունեք։
– Ենթադրություններ չեմ ցանկանում անել։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե տարին ինչպես կընթանա։ Եթե ամեն ինչ լավ լինի, ապա կարիերան ավարտելու մասին չեմ մտածում, սակայն պարզ է, որ մի օր պիտի ավարտեմ ֆուտբոլիստի կարիերան։ Ծրագրում եմ, բացի սա, ևս մեկ տարի խաղալ և, երևի թե, ավարտեմ կարիերաս․ այլ պլաններ ունեմ հետագա գործունեության հետ կապված։
Ճիշտ է, ես շարունակում եմ հաճույք ստանալ այս խաղից, սակայն այն չպետք է ինքնանպատակ լինի։ Կապված այն պահից, թե թիմն ինչ նպատակներ է դնում իր առջև՝ ես կորոշեմ շարունակել խաղալ ևս մեկ-երկու տարի, թե ավարտել կարիերաս։
Չեմ մտածում նաև նոր թիմ տեղափոխվելու մասին։ Կարծում եմ՝ այս տարիքում իմաստ չունի կարիերայի նոր շրջան սկսել․ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է հաշվի առնել։
– Նշեցիք, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո պլանավորում եք գործունեություն ծավալել։ Այդ գործունեությունը կապվա՞ծ կլինի ֆուտբոլի հետ։
– Իհարկե, կփորձեմ ֆուտբոլից չհեռանալ, հնարավորության դեպքում ֆուտբոլային գործունեություն կծավալեմ, սակայն այս պահին ընկերոջս հետ միասին ընտանիքներով այլ գործունեություն ենք ծավալում, որը կապված չէ ֆուտբոլի հետ։ Այն դիզայներական արտադրություն է լինելու և ներկա պահին իմ ողջ ուշադրությունը կենտրոնացրել եմ դրա վրա։
– Իսկ մարզչական կարիերա սկսելու մասին մտածու՞մ եք։
– Չեմ բացառում, սակայն այս պահին, եթե ֆուտբոլային գործունեությունից խոսենք, ես ինձ ավելի շատ պատկերացնում եմ որպես ֆուտբոլային գործակալ։ Եթե հասնեմ ֆինանսական վիճակի, որը որ ես եմ պատկերացնում, կցանկանայի ունենալ իմ սեփական ակումբը։
Անգամ իմ ընկերների հետ միավորվել և միասին ստեղծել ակումբ․ խոսքը հայկական ակումբ հիմնելու մասին է։
– Եվ վերջին հարցը․ Հետևո՞ւմ եք Interfootball-ին։ Ի՞նչ գիտեք Interfootball-ի մասին։
– Կապված վերջին իրադարձությունների հետ (խմբ․՝ խոսքը արցախա-ադրբեջանական պատերազմի մասին է)՝ մի պահ կտրվել էի թե՛ ֆուտբոլից, թե՛ ամեն ինչից առհասարակ, բայց այս պահից սկսած՝ կհետևեմ ձեր էջին։
Միքայել Մելիքբեկյան
Հ․Գ․ Լուսանկարները՝ Լևոն Պաչաջյանի արխիվից
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, ԱԻԿ, Ալեքսանդր Թադևոսյան, Աղվան Մկրտչյան, Առաջին-Խումբ, Արարատ, Արթուր Պետրոսյան, ԳԱԻՍ, Գևորգ-Ղազարյան, Զվարթնոց, Էդգար Մանուչարյան, Իրանի առաջնություն, Լևոն Պաչաջյան, Լինշոպինգ, Կոտայք, Հայաստանի հավաքական, Հայաստանի-առաջնություն, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Հերադի Ռաշիդի, Շիրակ, Շվեդիայի առաջնություն, ՊԱՕԿ, Ռաֆայել Նազարյան, Ռոբերտ Արզումանյան, Ռոբերտ Մուրադյան, Սանաթ Նավթ, Սարգիս Հովսեփյան, Վալերի Ալեքսանյան, Վարդան Մինասյան, Ցեմենտ, Փյունիկ