Պաշտոնական. Պետեր Չեխը վերսկսել է կարիերան 📸
Պաշտոնական. Պետեր Չեխը վերսկսել է կարիերան 📸
28/11/2025 - 12:48

«Չելսիի», «Արսենալի» և Չեխիայի ազգային հավաքականի նախկին, լեգենդար ու ռեկորդակիր դարպասապահ Պետեր Չեխը վերսկսել է կարիերան տափօղակով հոկեյում։

43-ամյա նախկին ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Մեծ Բրիտանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Հարինգեյ Հասկիսի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Հասկիսը» Չեխի հոկեյի կարիերայի 5-րդ ակումբն է։ Նա նախկինում խաղացել է նաև «Գիլֆորդ Ֆենիքս» (Մեծ Բրիտանիայի 4-րդ դիվիզիոն), «Չելֆսորդ» (3-րդ դիվիզիոն), «Օքսֆորդ» (3-րդ դիվիզիոն) և «Բելֆաստ» (Բարձրագույն լիգա) ակումբներում։ Չեխը հոկեյում նույնպես հանդես է գալիս դարպասապահի դիրքում։

Չեխը 2023/24 մրցաշրջանից հետո հոկեյում ակումբ չուներ։

Պետեր Չեխը ֆուտբոլային կարիերայի ընթացքում 202 անգամ դարպասապն անառիկ է պահել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նա առաջնության պատմության մեջ ամենաշատ «չոր» հանդիպում անցկացրած դարպասապահն է։

Լեգենդար ֆուտբոլիստը նաև մեկ մրցաշրջանի ընթացքում ամենաշատ «չոր» հանդիպում անցկացրած և ամենաքիչ գոլ բաց թողած դարպասապահն է։ 2004/05 մրցաշրջանում նա «Չելսիի» կազմում 24 անգամ դարպասն անառիկ է պահել` բաց թողնելով ընդամենը 15 գնդակ։

Չեխ դարպասապահը կարիերայի ընթացքում 20 տիտղոս է նվաճել, այդ թվում` «Չելսիի» կազմում չորսական անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր, մեկ անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։

Պետեր Չեխը տիտղոսներ նվաճել է նաև հոկեյում` 2021/22 մրցաշրջանում «Գիլֆորդ Ֆենիքսի» հետ դառնալով Մեծ Բրիտանիայի 4-րդ դիվիզիոնի չեմպիոն, փլեյ-օֆֆ-ի հաղթող ու գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025