ՉԼ. «Բարսելոնան» ու «Ինտերը» թրիլերային ոչ-ոքի գրանցեցին 🎥
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Ինտերը»։
Թրիլերային պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց գերգոլառատ ոչ-ոքի` 3:3:
Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 30-րդ վայրկյանին հյուրերի հարձակվող Մարկուս Թյուրամը կրնկով կատարած ֆանտաստիկ հարվածով բացեց հաշիվն ու առաջ մղեց «Ինտերին»։
21-րդ րոպեին Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը զարգացրեց հաջողությունը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Դենզել Դումֆրիսը։
«Բլաուգրանան» բաց թողած արագ երկու գոլից չընկճվեց։ Փոխարենը` կատալոնական ակումբը նախքան ընդմիջում կարողացավ հավասարեցնել հաշիվը. 24-րդ րոպեին հիասքանչ գոլ խփեց Լամին Յամալը, իսկ 38-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Ֆերան Տոռեսը։
64-րդ րոպեին միլանյան գրանդը կրկին առաջ անցավ հաշվի մեջ ու կրկին անկյունայինի խաղարկումից հետո գոլը խփեց Դումֆրիսը` ձևակերպելով դուբլ։
Այդուհանդերձ, հաջորդ իսկ գրոհին Հանսի Ֆլիկի սաները հավասարեցրին հաշիվը։ Ռաֆինիայի հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին և, անդրադառնալով Յան Զոմերի թիկունքից, հայտնվեց «Ինտերի» դարպասում։ Շվեյցարացի դարպասապահն ինքնագոլ գրանցեց։
«Ինտերի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, որը 75-րդ րոպեին գրավեց «Բարսելոնայի» դարպասը, սակայն չնչին խաղից դուրս իրավիճակի պատճառով գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը չեղարկեց դարպասի գրավումը։
Կողմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն մայիսի 6-ին Միլանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից