ՉԼ․ Ինչպե՞ս կանգնեցնել Լիվերպուլին կամ մարզչական փայլուն դիմակայություններ
Վերջապես վերսկսվեց Չեմպիոնների լիգան։ 1/8 եզրափակչի շրջանակում արդեն կայացել է 4 հանդիպում՝ մեզ նվիրելով փայլուն հանդիպումներ, որոնց կանդրադառնանք առանձին-առանձին։
«Ատլետիկո» 1։0 «Լիվերպուլ»
Վիճակահանությունից հետո բազմաթիվ երկրպագուներ այս դիմակայության ֆավորիտ միանշանակ համարում էին Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Լիվերպուլին»։ Յուրգեն Կլոպի թիմը ֆավորիտի կարգավիճակն ապացուցում էր նաև անգլիական Պրեմիեր լիգայում ցուցադրած անհավանական խաղով, իսկ «Ատլետիկոն», ընդհակառակը, վերջին շրջանում աչքի էր ընկնում շատ դժգույն խաղով՝ Լա լիգիայում նահանջելով նույնիսկ 4-րդ հորիզոնական։
Սակայն, Դիեգո Սիմեոնեի հիմնական զենքերից մեկը և առավելությունը մյուս թոփ թիմերի մարզիչների նկատմամբ այն է, որ արգենտինացի մասնագետը կարողանում է ամենակարևոր պահերին հավաքել իր թիմին և մոտիացնել, ինչում բազմաթիվ անգամներ համոզվել ենք։ Դրան գումարած՝ Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոն» կարճ մրցատարածություններում, գավաթային հանդիպումներում բազմակի ավելի լավ տեսք է միշտ ունեցել, քան ներքին «կանոնավոր» առաջնության շրջանակում։
Ինչպես գիտենք՝ մադրիդյան ակումբը նախորդ ամռանը գրեթե ամբողջությամբ վաճառեց պաշտպանական օղակի խաղացողներին՝ նրանց փոխարեն ձեռք բերելով նոր խաղացողների, իսկ այս խաղը տարբեր վնասվածքների պատճառով բաց թողեցին Էկտոր Էրերան, Ժոաո Ֆելիշը, Կիրիան Տրիպիեն, իսկ Դիեգո Կոստան և Ալվարո Մորատան լիարժեք պատրաստ չէին խաղին։ Այս խաղացողները հարձակմանը շատ ավելի միտված խաղացողներ են, քան նրանց փոխարինողները, այդ իսկ պատճառով զարմանալի չէր, որ «Ատլետիկոն» գրեթե ամբողջ խաղը խաղաց փակ, պաշտպանողական ֆուտբոլ․ դրան նպաստեց նաև արագ խփված գնդակը։
Դիեգո Սիմեոնեն իր թիմին խաղադաշտ էր դուրս բերել սիրելի 4-4-2 մարտավարությամբ, ինչը թույլ է տալիս հագեցնել ինչպես եզրերը, այնպես էլ կենտրոնը՝ ապահովագրելով թե՛ կենտրոնական պաշտպաններին, թե՛ եզրային։ Մրցաշրջանի ընթացքում շատ արագ պարզ դարձավ, որ Յուրգեն Կլոպն իր նախընտրած, այսպես կոչված, heavy metal մարտավարությունը դրել է մի կողմ՝ բալանսավորելով թիմի խաղը նաև պաշտպանությունում, այդ իսկ պատճառով ընթացիկ մրցաշրջանում հաճախ ենք տեսնում, որ «Լիվերպուլը» հաղթանակներ է տոնում 1։0 հաշվով։ Այո՛ այո, ծիծաղելի է թվում, որ իրար էին բախվել երկու պաշտպանողական թիմեր։ Իհարկե, «Լիվերպուլին» պաշտպանողական ենք անվանում որոշ վերապահումներով։
Սիմեոնեի նախընտրած մարտավարությունը թույլ չէր տալիս մերսիսայդյան ակումբին մոտենալ մրցակցի տուգանային հրապարակ, այդ իսկ պատճառով «կարմիրները» առաջին խաղակեսի ընթացքում մի քանի անգամ փորձեցին հեռահար հարվածներով աչքի ընկնել, իսկ ողջ խաղի ընթացքում գնդակն անընդհատ եզրից փորձում էին «կախել» տուգանային հրապարակ․ միայն Տրենտ-Ալեքսանդր Առնոլդն այդ խաղում կատարել է 16 «կրոս»։
Վերոնշյալ նկարների մեջ հստակ երևում է, թե «Ատլետիկոյի» խաղացողներն ինչպես են միահամուռ ուժերով պաշտպանվում՝ վերցնելով «աքցանի» մեջ հարձակվող կողմին։ Այս նկարները տալիս են շատ հարցերի պատասխաններ, օրինակ, թե ինչու «Լիվերպուլը» ողջ խաղի ընթացքում գեթ մեկ դիպուկ հարված չիրականացրեց Յան Օբլակի պաշտպանած դարպասին։ Եթե «Լիվերպուլը» պահեր էլ ունենում էր, ապա դրանք ոչ թե նրանց հարձակվողների շնորհքն էր, այլ «Ատլետիկոյի» պաշտպաններն էին դիրքային սխալներ թույլ տալիս։
«Լիվերպուլի» խաղացողները ողջ խաղի ընթացքում ստեղծեցին ընդամենը 2-3 կիսագոլային պահ։ Հատկապես հիշատակման է արժանի Ջորդան Հենդերսոնի կատարած հարվածը, երբ հարվածի պահին Օբլակի տեսադաշտը փակ էր, սակայն գնդակը դարպասից մի փոքր շեղությամբ լքեց խաղադաշտը։
Այս ամենի պարագայում պարզապես աբսուրդ է ասել, թե «Լիվերպուլը» թերագնահատել էր «Ատլետիկոյին», իսկ գու՞ցե «Ատլետիկոն» էր գերագնահատել «Լիվերին»։ Ողջ խաղի ընթացքում մադրիդյան ակումբն ավելի մոտ էր երկրորդ գնդակը խփելուն, քան մերսիսայդցիները՝ պատասխան գնդակը։
Ամեն դեպքում այս դիմակայությունում ոչինչ ավարտված չէ։ Պատասխան խաղն էլ կայանալու է մոտ երեք շաբաթից։ «The normal one»-ը շատ ժամանակ ունի հասկանալու իր սխալները։ Նա պետք է այլընտրանքներ փնտրի, հատկապես պետք է հասկանա, թե ինչպես կարող է մոտենալ մրցակցի դարպասի, քանի որ «Լիվերպուլի» կատարած ոչ մի հարված չի եղել դարպասային հրապարակից։
Պատասխան հանդիպումը կայանալու է «Էնֆիլդում», իսկ այդ մարզադաշտը բոլորի սարսափն է դարձել․ «Բարսելոնայի» երկրպագուները կհաստատեն․․․։ Պայքարը 1/4 եզրափակչում շարունակելու հնարավորությունները 50%-50% են այս պասհին, սակայն այժմ գնդակը «Ատլետիկոյի» կիսադաշտում է։
«Բորուսիա Դորտմունդ» 2։1 ՊՍԺ
Դեկտեմբերին բոլորն ադեն «թաղել» էին դորտմունդյան ակումբին, քանի որ Լուսիեն Ֆավրի թիմը բազմաթիվ խնդիրներ ուներ այդ պահին։ Սակայն, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գերմանական ակումբը երկու լուրջ համալրում ունեցավ՝ ի դեմս Էրլինգ Հալանդի և Էմրե Ջանի, ովքեր բարելավել են «իշամեղուների» խաղը։
Այս խաղում Լուսիեն Ֆավրը թիմին խաղադաշտ էր դուրս բերել 3-4-3 մարտավարությամբ։ Թոմաս Տուխելը, ի զարմանս բոլորի, նույնպես նախընտրել էր նույն մարտավարությունը։ Լիգա 1-ի վերջին խաղերում լրիվ այլ մարտավարությամբ էր խաղում փարիզյան ակումբը՝ 4-2-2-2։
Հանդիպման առաջին խաղակեսում «Բորուսիան» նախաձեռնությունը տվեց մրցակցին, որը ոչնչով աչքի չընկավ, իսկ ինքը նետվում էր սուր հակագրոհների, սակայն այդ հակագրոհների ժամանակ «դեղինների» երիտասարդ խաղացողներին ակնհայտ խանգարում էր փորձի պակասը։
Դրվագներից մեկում դորտմունդյան ակումբը հակագրոհի նետվեց՝ ունենալով 5-ը 3-ի դիմաց քանակական առավելություն, սակայն Ջեյդոն Սանչոն չգիտես ինչու որոշեց ամեն ինչ միայնակ լուծել և հարվածեց շեղ, այն ինչ նա կարող էր հարվածային ավելի նպաստավոր դիրք դուրս բերել իր թիմակիցներին։
Այսպիսի հակագրոհների խնդիրը Թոմաս Տուխելի ընտրած մարտավարությունն էր, իսկ դաշտի կենտրոնում Աքսել Վիթսել – Էմրե Ջան զույգը սկսեց առավելություն ստանալ։ Պետք է նշենք նաև, որ փարիզյան ակումի կազմում Իդրիսա Գույեն չափազանց թույլ խաղ անցկացրեց։
Թոմաս Տուխելն այս խաղում ևս մեկ կոպտագույն սխալ էր թույլ տվել՝ խաղադաշտ դուրս չբերելով նոմինալ կենտրոնական հարձակվող։ Կիլիան Մբապեն խաղի ընթացքում էլ ցույց տվեց, որ անընդհատ տեղաշարժվում է աջ եզր, իսկ Նեյմարը՝ ձախ։ Նրանք երկուսն էլ միանշանակ կենտրոնական հարձակվողներ չեն, իսկ Էդնիսոն Կավանին ու Մաուրո Իկարդին նստած էին պահեստայինների նստարանին և այդպես էլ դուրս չեկան խաղադաշտ։ Այս խաղը ևս մեկ անգամ փաստեց այն, որ ՊՍԺ-ն չեմպիոններիլիգայան կոմպլեքս ունի հատկապես հյուրընկալվելիս։ Մարզիչները գալիս ու գնում են, սակայն ֆրանսիական ակումբի խնդիրները չեն փոխվում․ այս թիմը ՉԼ-ում միշտ շեշտը դնում է սեփական հարկի տակ անցկացվող հանդիպման վրա։ Տուխելը դեռ մի բան էլ պետք է գոհ լինի այս արդյունքից, քանի որ «Բորուսիան» հարձակման կրակագծում շատ ավելի դինամիկ և լավ տեսք ուներ և ձեռքից բաց թողեց մի շարք իրական գոլային պահեր
ՊՍԺ-ն այնքան անհաջող էր խաղում, որ առաջին լուրջ գրոհը կազմակերպեց առաջին բաց թողած գոլից անմիջապես առաջ՝ 66-րդ րոպեին, երբ Կիլիան Մբապեն ճեղքեց մրցակցի պաշտպանության աջ եզրը, սակայն Ռոման Բյուրկին փրկեց այդ դրվագում իր թիմին։ Հետագայում աջ եզրում հանդես եկող Դան-Աքսել Զագադուն ևս մեկ անգամ կթերանա, իսկ այդ դիրքից նույն Մբապեն դատարկ դարպասի դիմաց դուրս կբերի Նեյմարին։
Այս խաղում Լուսիեն Ֆավրի թիմի հաղթաթուղթը միանշանակ մարտավարական հաղթանակը չէր, այլ այն, որ թիմը հավատաց իր ուժերին և պայքարեց մինչև վերջ, իսկ Էրլինգ Հալանդն իսկական զարդ է, «մարդասպան»։
Թող ներեն ՊՍԺ-ի բոլոր երկրպագուները, սակայն շեշտը դնել պատասխան հանդիպման վրա, դա առնվազն հիմարություն է, քանի որ դորտմունդյան ակումբի համար Էրլինգ Հալանդի հետ անհնար ոչինչ չկա։ Փարիզյան ակումբը կրակի հետ է խաղում՝ ռիսկի դիմելով կրկին չհաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը։ «Կապույտների» համար չափազանց բարդ է լինելու, քանի որ պատասխան հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնեն Մարկո Վերատին և Տոմա Մենյեն։
Առաջին խաղից հետո թիմերի հնարավորությունները կգնահատենք հետևյալ կերպ․ «Բորուսիա»՝ 60%, ՊՍԺ՝ 40%:
«Տոտենհեմ» 0։1 «Լայպցիգ»
Այս դիմակայությունը կարելի է անվանել մարզչական սերունդների բախում։ Ժոզե Մոուրինոն փորձում էր իր փորձի հաշվին առավելության հասնել երիտասարդ, բայց միևնույն ժամանակ շատ խարիզմատիկ Յուլիան Նագելսմանի նկատմամբ։
Շատերի կարծիքով հեցն «Տոտենհեմն» է այս զույգի ֆավորիտը, քանի որ Ժոզեն իրոք ունի մեծ փորձ, և երկրորդ՝ «շնաձկները» նախորդ մրցաշրջանում անհավանական ելույթների շնորհիվ հասան մրցաշարի եզրափակիչ։
Ժոզե Մոուրինիոն, գլխավորելով «Տոտենհեմը», բազմիցս նշեց, որ փոխվել է գրեթե բոլոր առումներով։ «Տոտենհեմը» նրա գլխավորությամբ սկբզնական շրջանում սկսեց վառ ֆուտբոլ ցուցադրել, սակայն այդ ամենի շնորհիվ կարծես թոզ փչեց մեր աչքին, քանի որ որոշ ժամանակ անց Ժոզեն վերադարձավ իրեն հոգեհարազատ դարձած ավտոբուսին, իսկ ինքը՝ մասնագետը, սկսեց նախկինի նման տարբեր պատճառաբանություններ գտնել, միայն թե մեղքն իր վրա չվերցնի։ Կարճ ասած՝ հին ու բարի Ժոզե Մոուրինիո։
Խաղից առաջ պորտուգալացի մասնագետը հստակ հասկացնել տվեց, որ իր թիմից հարձակման գծում սրություն չսպասեն, քանի որ վնասվածքներ ունեն Հարի Քեյնն ու Հին Մին Սոնը։ Հարց է առաջանում, թե Դելե Ալին, Սվեն Բերգվեյնը կամ Էրիլ Լամելան ի՞նչ են, եթե ոչ հարձակվողներ։ Այսինքն՝ Ժոզեն արդեն իր մարտավարության ձախողման համար նախօրոք էր մտածել։
Ինչպես Ժոզեն, այնպես էլ Յուլիան Նագելսմանը, խաղին մոտենում էին լուրջ կորուստներով։ «Լայպցիգի» կազմից խաղին չէին կարող մասնակցել թիմի երեք հիմնական կենտրոնական պաշտպանները՝ Լուկաս Օրբանը, Դայո Ուպամեկանոն, Իբրահիմա Կոնատեն։ Նագելսմանը խաղից առաջ որևէ ակնարկ այս առիթով չարեց և փորձեց խաղադաշտում լուծուլ տալ այդ ամենին։ Նշենք, որ 32-ամյա մասնագետը պատվով դուրս եկավ այդ խնդրից։
Այստեղ մեկ հետևություն է ի հայտ գալիս. Ժոզե Մոուրինիոն բացարձակապես չի փոխվել, իսկ նրա գաղափարները, բառի բուն իմաստով, այլևս արդիական չեն ֆուտբոլի համար։ Մամուլի ասուլիսների ժամանակ շոու անելու փոխարեն, արժե մի փոքր ավելի շատ ուսումնասիրել մրցակցին։ Ժոզե Մոուրինոին այս խաղում դարձավ առաջին մարզիչը, ով որևէ ակումբի պահեստայինների նստարանից 150+ հանդիպում է ղեկավարել։ Ո՞ւմ են հետաքրքիր այդ 150 հանդիպումը, երբ Մոուրինիոյի թիմերն արդեն 6 տարի ՉԼ փլեյ-օֆֆ փուլում գեթ մեկ հաղթանակ չեն տարել։
Այս պարագայում այդքան էական չէ արդյունքը, որքան մոտեցումները։ «Տոտենհեմը» միանշանակ այդ խաղի համար ուներ այն ռեսուրսները, որ կարողանար գոնե այնպես խաղար, որ «Լայպցիգն» ինչ-որ պահ երերար, վախենար մրցակցից։ Պետք չէ թիմին պարտվողի հոգեբանությամբ առաջնորդել խաղադաշտ։ Խաղից հետո էլ պորտուգալացին շարունակում էր իր արդարացումները՝ նշելով, որ թիմը վերածվել առանց փամփուշտների ատրճանակի։ Վարագու՜յր։ Հետևությունները թողնում ենք մեր ընթերցողին։
Անկախ այս հոգեբանական գործոններից՝ Նագելսմանի թիմը նաև խաղադաշտում ամբողջությամբ գերազանցեց մրցակցից։ Հենց առաջին րոպեներից դա զգացվեց, իսկ լոնդոնյան ակումբի հիմնական խնդիրն այն էր, որ բավականին «նեղ» պաշտպանողական մարտավարություն էր ընտրել Ժոզե Մոուրինոին, պաշտպանության օղակում գտնվող շատ խաղացողներ միմյանց բավականին մոտ էին հանդես գալիս, ինչն էլ ազատ տարածություններ էր ստեղծում «ցլերի» համար։ Այդպես եղավ վաստակած 11 մետրանոցի ժամանակ, այդպես շարունակվեց նաև ողջ խաղի ընթացքում, ու եթե չլիներ ամենահաս Ուգո Լյորիսը, դժվար է գուշակել, թե ինչ հաշվով կպարտվեր «Տոտենհեմը»։
Այս մարտավարության պատճառով, «Տոտենհեմի» խաղացողները բազմաթիվ անգամ թողնում էին, որ հյուրերի խաղացողները հարվածեն տուգանային հրապարակի մատույցներից կամ հենց տուգանային հրապարակից մի փոքր ներս ընկած հատվածներից։ «Լայպցիգի» խաղացողների հարվածների 69% -ը եղել է հենց այդ դիրքից։
Առաջին խաղից հետո «Լայպցիգը» ֆավորիտի կարգավիճակը կտրուկ թեքեց իր վրա, քանի որ Յուլիան Նագելսմանը ավելի շատ գործ է անում և խաղադաշտում է ապացուցում իր թիմի ունակությունները, քան խոսում է և արդարանում։
Պատասխան խաղի ժամանակ խաղադաշտում արդեն կտեսնենք Դայո Ուպամեկանոյին, իսկ Լուկաս Օրբանի մասնակցությունը հարցականի տակ է դեռ։ Ուպամեկանոյի հետ «ցլերը» շատ ավելի լավ տեսք ունեն և դժվար է պատկերացնել, որ «Տոտենհեմը», ավելի ճիշտ՝ Ժոզե Մոուրինիոն, երեք շաբաթվա ընթացքում արմատապես կփոխի իր մոտեցումները։ Խաղային տեսանկյունից լոնդոնյան թիմը նույնպես կարողանում է ստեղծել գոլային պահեր, սակայն տպավորություն է, թե Մոուրինիոն այնպիսի հոգեբանական ճնշում է իր թիմի վրա գործադրում, որ խաղացողները դաշտում պարզապես մոլորվում են։ Ինչևէ, կողմերի հնարավորությունները պատասխան խաղից առաջ կգնահատենք հետևյալ կերպ․
«Տոտենհեմ»՝ 30 %, «Լայպցիգ»՝ 70%:
«Ատալանտա» 4։1 «Վալենսիա»
Վիճակահանությունից հետո բոլորի իր համար պարզ էր, որ այս դիմակայությունը կատարելապես հավասար թիմերի պայքար է լինելու։
Սպասվում էր, որ «Ատալանտան» սեփական հարկի տակ ի զորու է առավելության հասնել «Վալենսիայի» նկատմամբ, բայց քչերն էին սպասում այսպիսի հաշվով հաղթանակի։ Այս հաղթանակը դարձավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի ամենախոշոր հաշվով հաղթանակը, դրա հետ մեկտեղ շատ երկրպագուների մոտ արթնացրեց հերթական պատմական comeback-ի հույսերը, քանի որ այս խաղում «Վալենսիան» իր խնդիրներով հանդերձ շատ ավելի լավ տեսք ուներ, քան «Տոտենհեմը» սեփական հարկի տակ։
Համեմատելով այս դիմակայության մասնակիցների կազմերը՝ կարող ենք ասել, որ այս թիմերը գրեթե հավասար հնարավորություններ ունեն։ Սակայն այս խաղում Ջամպիերո Գասպերինիի թիմը «չղջիկներին» գերազանցեց ոչ թե որևէ խաղացողի առկայությամբ, կամ որևէ խաղացողի տեխնիկական ունակությունների շնորհիվ, այլ մանրուքների և խաղացողների ավելի խելացի լինելու շնորհիվ։ Նախ Ալբերտ Սելադեսի կազմում չկան այնպիսի կատարողներ, ինչպիսիք են Ալեխանդրո Գոմեսն ու Յոսիպ Իլիչիչը։ Այս երկուսը պարզապես բերգամոյական ակումբի խելքն ու միտքն են, ովքեր ոչ միայն իրենք են դառնում գոլի հեղինակ, այլև մրցակցին «քաշում» են իրենց վրա, մտնում են ուժային պայքարի մեջ, գոլային պահեր են ստեղծում իրենց մյուս թիմակիցների համար և այլն։ Երկրորդ՝ «Վալենսիան» ստեղծեց շատ գոլային պահեր, սակայն դրանցից իրացրեց ընդամենը մեկը, ինչն էլ թույլ է տալիս ասել, որ «Ատալանտան» կատարողների առումով ավելի լավ վիճակում է։
Սակայն, Բերգամոն ներկայացնող ակումբին քիչ էր մնում «քաշեր» փորձի պակասը։ 4։0 հաշվի ժամանակ «Ատալանտան» ժամանակից շուտ հավատաց, որ դուրս է եկել հաջորդ փուլ։ Դա պատճառ հանդիսացավ, որ վալենսիական ակումբը մեկ գնդակ հետ բերեց, իսկ խաղի մնացած ժամանակահատվածում ստեղծեց մի շարք գոլային պահեր, սակայն անհասկանալի պատճառներով դրանք չկարողացավ ջրիիրացնել։
«Վալենսիան» պատասխան խաղում միանշանակ կպայքարի։ Նույնիսկ այս խաղում «չղջիկների» xG-ն ավելի բարձր էր, քան «Ատալանտայինը», և սա 4։1 հաշվի պայմաններում։
Ալբերտ Սելադեսի թիմի մոտ դեռևս ոչինչ կորած չէ, քանի որ առաջին խաղն էլ ցույց տվեց, որ «Ատալանտան» այնքան էլ իդեալական չէ, որքան թվում է։ Նախ այդ թիմին իրոք կարող է խանգարել փորձի պակասը, երկրորդն էլ «Վալենսիան» սեփական հարկի տակ լրիվ այլ թիմ է, իսկ վերջին տարիների Չեմպիոնների լիգայի փորձը ցույց է տվել, որ 3 գնդակ հետ բերելը միանշանակ հնարավոր է։ Պարզապես պետք է ուշադիր լինել պաշտպանությունում, փորձել փակել Իլիչիչին և Գոմեսին, օգտագործել սեփական պահերը, ինչպես նաև հավատա սեփական ուժերին։ Ամեն դեպքում՝ «Ատալանտան» շատ լուրջ առավելություն է ստացել պատասխան խաղից առաջ և թիմերի ներկայիս հնարավորությունները կգնահատենք հետևյալ կերպ․
«Ատալանտա»՝ 80%, «Վալենսիա»՝ 20%
Այսպիսով, միասին փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղային շաբաթվա առաջին հանդիպումների ընթացքում։ Առջևում հաջորդ խաղային շաբաթն է, որի շրջանակում սպասվում են էլ ավելի հետաքրքիր խաղեր, որոնց ատանձին-առանձին կանդրադառնանք ավելի ուշ։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Միքայել Մելիքբեկյան
# Ալբերտ Սելադես, Ատալանտա, Ատլետիկո Մադրիդ, Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Ժոզե Մոուրինիո, Լայպցիգ, Լիվերպուլ, Կիլիան-Մբապե, Յուլիան Նագելսման, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ջամպիերո Գասպերինի, Վալենսիա, վերլուծություն