ՉԼ․ ի՞նչ վիճակում են թիմերը մոտենում մրցաշարին
Այսօր՝ փետրվարի 18-ին, վերսկսվում է եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարը՝ Չեմպիոնների լիգան։ Վիճակահանությունից հետո, կարծում ենք, շատ թիմերի մոտ փոփոխություններ են եղել, որոնց նպատակահարմար ենք գտնում անդրադառնալ։ Այս հոդվածով մանրամասն կանդրադառնանք 1/8 եզրափակչի առաջին խաղային շաբաթվա բոլոր զույգերին, կհասկանանք՝ ի՞նչ վիճակում են մոտենում պայքարին, իսկ հաջորդ շաբաթ կանդրադառնանք մյուս զույգերին։
«Ատլետիկո Մադրիդ» – «Լիվերպուլ» 18․02, 23։55
Մադրիդյան ակումբը այնքան էլ լավ օրեր չի ապրում։ Կարծես թե Դիեգո Սիմեոնեի գաղափարները սպառվել են։ Վերջին 1․5 ամսվա ընթացքում «հնդկացիները» տարել են ընդամենը 2 հաղթանակ։ Ընդհանրապես՝ մեկնարկած տարում մադրիդյան ակումբը գոլային պահեր ստեղծելու և դրանք իրացնելու շատ լուրջ խնդիրներ ունի։ Ընթացիկ տարում Դիեգո Սիմեոենի թիմն անցկացրել է 9 խաղ, որոնցում աչքի է ընկել ընդամենը 9 անգամ։ Այս ամենի հետ մեկտեղ՝ «Ատլետիկոն» «Լիվերպուլի» դեմ խաղին մոտենում է լուրջ կորուստներով։ Առաջին հանդիպմանը միանշանակ չեն մասնակցելու Ժոաո Ֆելիշն ու Կիրիան Տրիպեն, իսկ Դուգլաս Կոստայի և Էկտոր Էրերայի մասնակցությունը հարցականի տակ է։
«Լիվերպուլը», ընդհակառակը, անհավանական մարզավիճակում է մոտենում մրցաշարի փլեյ-օֆֆ փուլին։ Յուրգեն Կլոպի սաները մեկնարկած տարում չեն հաղթել միայն մեկ հանդիպում։ Այդ միակ հանդիպումն էլ եղել է «Շրուսբերի Թաունի» դեմ գավաթային առաջին հանդիպումը, երբ մերսիսայդցիները խաղին մասնակցում էին երկրորդ կազմով։ «Կարմիրները» որևէ լուրջ կադրային խնդիր չունեն։ Խաղին չի մասնակցի միայն Շերդան Շաքիրին։
Վիճակահանությունից հետո բոլորը խոսում էին այն մասին, որ Դիեգո Սիմեոնեի թիմն ի վիճակի է պայքարել և դուրս թողնել գործող գավաթակրին։ Սակայն, հետագա իրադարձությունները միայն հակառակն են փաստում։ «Լիվերպուլը» անհավանական առավելություն ունի Պրեմիեր լիգայի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, ինչը Յուրգեն Կլոպի սաներին թույլ կտա լիովին կենտրոնանալ երկրորդ անընդմեջ ՉԼ գավաթը նվաճելու վրա։ Բացի դրանից՝ եկեք անկեղծ լինենք, որ մարզական բախտը նույնպես «Լիվերպուլի» կողմից է, քանի որ ընթացիկ մրցաշրջանում եղել են խաղեր, որտեղ չպետք է հաղթեր մերսիսայդյան ակումբը, սակայն հաղթել են ինչ-ինչ հանգամանքներից ելնելով։ Սակայն ոչ մի կերպ չենք նսեմացնում Յուրգեն Կլոպի անհավանական աշխատանքը։ Կարճ ասած՝ այս զույգի ֆավորիտը միանշանակ «Լիվերպուլն» է, բայց Դիեգո Սիմեոնեն էլ ի զորու է երկու խաղ իր թիմին այնպես տրամադրել, որ նույնիսկ այս բարդ իրավիճակում փորձի պայքարել գերհզոր մրցակցի դեմ։
Թիմերի հնարավորությունները՝ «Ատլետիկո»՝ 30%, Լիվերպուլ՝ 70%
«Բորուսիա» – ՊՍԺ 18․02, 23։55
Գերմանական ակումբը ձմեռային դադարի ժամանակ ցնցեց ողջ տրանսֆերային աշխարհը։ Դորտմունդյան ակումբը դեկտեմբերի 29-ին պաշտոնապես հայտարարեց, որ ձեռք է բերել «Զալցբուրգի» 19-ամյա նորվեգացի «մարդասպան» Էրլինգ Հալանդին։
Հալանդի ժամանելուց հետո Լուսիեն Ֆավրի սաները կարծես թե վերգտել են իրենց արդյունավետությունը։ Մեկնարկած տարում «իշամեղուներն» անցկացրած բոլոր 6 խաղերում նվազագույնը դարձել են 3 գոլի հեղինակ, իսկ Հալանդն այդ խաղերում իր հաշվին գրանցել է արդեն 8 գնդակ։ «Բորուսիան» կրկին խառնվել է չեմպիոնական պայքարին՝ ընդամենը 4 միավոր զիջելով առաջնության առաջատար «Բավարիային»։ «Վերդերին» և «Բայերին» պարտվելուց հետո Բունդեսլիգայի վերջին տուրում դորտմունդցիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին ամուր կորիզ համարվող Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը։
Սակայն, գերմանական ակումբը հանդիպմանը մոտենում է լուրջ կորուստով։ Մարկո Ռոյսը կրկին կարևոր հանդիպումներից առաջ վնասվածք է ստացել և միանշանակ դիմակայության առաջին հանդիպումը բաց կթողնի։ Հանդիպումը բաց կթողնի նաև Յուլիան Բրանդտը, ում բացակայությունը նույնպես լուրջ կորուստ է։
Փարիզյան ակումը, ինչպես միշտ հավասարը չունի ֆրանսիական բոլոր մրցաշարերում և ինչպես ժամանակին ասել է Դավիդ Լուիսը․ «ՊՍԺ-ի կազմում հանդես գալը դա նույնն է, ինչ FIFA խաղում դնես ամենահեշտ մակարդակի վրա և հեշտությամբ հաղթես բոլորին»։ Կարճ ասած՝ ներքին առաջնությունում և գավաթներում Թոմաս Տուխելի սաները պարզապես չունեն որևէ լուրջ մրցակից և բոլորին հեշտությամբ հաղթում են, իսկ այն մրցակիցներին, որոնք հաղթում կամ միավորներ են խլում ՊՍԺ-ից, կարելի է համեմատել պատից կախված հրացանի հետ, որը կրակում է 7 տարին մեկ անգամ։
Փարիզյան ակումբը գրեթե մարտական կազմով է մոտենում դիմակայության առաջին խաղին։ Հարցականի տակ է Նեյմարի և Պրեսնել Կիմպեմբեի մասնակցությունը, իսկ Աբու Դիալոն և Լեանդրո Պարեդեսը խաղը բաց կթողնեն վնասվածքների պատճառով։
ՊՍԺ-ի իրական զորությունը հասկանալու համար կրկին չափանիշ պետք է համարել հենց Չեմպիոնների լիգան։ Փարիզյան ակումբը մրցաշարի վերջին 4 խաղարկություններում չի կարողացել հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը։ 1/8 եզրափակչի բարդույթը հաղթահարելու համար «Բորուսիան» բավականին հարմար մրցակից է, քանի որ Լուիսեն Ֆավրի թիմը արկածախնդիր թիմ է և պաշտպանությունում բազմաթիվ խնդիրներ ունի։ Սակայն, ՊՍԺ-ն էլ հուսալի ակումբ չէ․ փարիզյան ակումբը ոչ մի լուրջ մրցակից չունի ներքին առաջնությունում և բավականին խաբուսիկ է նրանց հաջող ելույթները, սակայն ֆրանսիական ակումբն էլ իր հերթին անհավանական հարձակման գիծ ունի, ինչի շնորհիվ կարող է խփել, այնքան որքան անհրաժեշտ է։ Բայց, եկեք «Բորուսիային» պայքարից դուրս չթողնենք, քանի որ Էրլինգ Հալանդի և Ջեյդոն Սանչոյի հետ գրեթե ամեն ինչ հնարավոր է։
Թիմերի հնարավորությունները՝ «Բորուսիա»՝ 35%, ՊՍԺ՝ 65%
«Ատալանտա» – «Վալենսիա» 19․02, 23։55
Բերգամոն ներկայացնող ակումբն ընթացիկ մրցաշրջանում շարունակում է հաճելիորեն զարմացնել, իսկ մեկնարկած տարում ներքին առաջնությունում կրկին ամրապնդվել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականում։
Ջամպիերո Գասպերինիի սաներն այնքան վստահ տեսք ունեն, որ Ա սերիայի հանդիպումներից մեկում հյուրընկալվելիս 7 անպատասխան գնդակ ուղարկեցին «Տորինոյի» դարպասը, իսկ 2019 թվականի վերջին խաղում 5:0 հաշով ջախջախեցին «Միլանին»
«Ատալանտան» դիմակայության առաջին հանդիպմանը մոտենում է բացարձակ առանց կորուստների, ինչը միանշանակ առավելություն է տալիս Գասպերինիի թիմին։
Ալբերտ Սելադեսի թիմն իր հերթին բավականին անկայուն ելույթներով է աչքի ընկնում վերջին շրջանում։ «Վալենսիան» վերջերս 4։1 հաշվով պարտվեց «Մալյորկային», 3։0 «Խետաֆեին», սակայն սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բարսելոնայի» դարպասը, իսկ Լա լիգայի վերջին տուրում սեփական հարկի տակ 2։2 խաղաց «Ատլետիկոյի» հետ։ Վալենսիական ակումբը չափազանց վատ է հանդես գալիս հատկապես հյուրընկալվելիս, իսկ «Մեստալիա» մարզադաշտում ոչ միշտ է հաղթում։
Ի տարբերություն «Ատալանտայի»՝ «Վալեսիան» հանդիպմանը մոտենում է լուրջ կորուստներով։ Խաղը տարբեր պատճառներով միանշանակ բաց են թողնելու Էզեկիել Գարայը, Քրիստիանո Պիչինին, Գաբրիել Պաուլիստան, իսկ Ռոդրիգո Մորենոյի, Յասպեր Սիլեսենի և Ֆրանսիս Կոկլենի մասնակցությունը հարցականի տակ է։
«Ատալանտան» ընդհանրապես չպետք է հայտնվեր մրցաշարի 1/8 եզրափակիչում, սակայն Բերգամոն ներկայացնող ակումբին հաջողվեց խմբային փուլի առաջին երեք տուրերում պարտվելուց հետո դուրս գալ փլեյ-օֆֆ՝ դառնալով առաջին թիմը, որին հաջողվել է նման արդյունք գրանցել։ Խմբային փուլի ընթացքում ակնհայտ էր, որ թիմին չի բավականացնում փորձը, սակայն վերջին տուրերում նկատվում էր, որ ակումբը դասեր է քաղել մեկնարկում թույլ տված սխալներից։ Այժմ «Ատալանտան» փորձելու է օգտվել բարեհաճ վիճակահանությունից։ Դիմակայության ֆավորիտը «Ատալանտան» է։ Այս կարծիքին հանգելու համար կան մի շարք պատճառներ։ Նախ «Ատալանտան» խաղին մոտենում է առանց կորուստների, շարք է վերադարձել նաև թիմի հիմնական գոլահար Դուվան Սապատան, իսկ Յոսիպ Իլիչիչն ու Ալեխանդրո Գոմեսը հիանալի մարզավիճակում են, երկրորդ՝ ավելի կայացած խաղային ձեռագիր ունի, երրորդ՝ Ա սերիայի ամենաարդյունավետ թիմն է։ «Ատալանտային» կարող է խանգարել միայն փորձի պակասը։ Սակայն, «Վալենսիան» ոչ ոքի համար նվեր չէ, ինչի ապացույցը եղավ խմբային փուլում, որտեղ Ալբերտ Սելադեսի սաները կարողացան պայքարից դուրս թողնել «Այաքսին»։ Շատ բան կախված է առաջին հանդիպումից։ «Ատալանտան» Չեմպիոնների լիգայի շրջանակում իր հանդիպումներն անցկացնում է «Սան-Սիրո» մարզադաշտում, և քանի որ Միլանը և Բերգամոն միմյանց մոտ գտնվող քաղաքներ են, թիմը հսկայական աջակցություն է ստանում։ «Ատալանտան» կփորձի բազմահազար երկրպագուների առջև հարմարավետ արդյունք գրանցել պատասխան խաղից առաջ։
Թիմերի հնարավորությունները՝ «Ատալանտա»`55%, «Վալենսիա»՝ 45%
«Տոտենհեմ» – «Լայպցիգ» 19․02, 23։55
«Տոտենհեմը» վերջին շրջանում որոշ չափով կայունացրել է արդյունքները, սակայն խաղային առումով այնքան էլ դրական տեղաշարժ չի նկատվում։ «Շնաձկները» ԱՊԼ-ի շրջանակում հաղթել են վերջին երեք խաղերը, ինչը հնարավորություն տվեց մոտենալ Չեմպիոնների լիգայի գոտուն․ Ժոզե Մոուրինոյի սաները «Չելսիին» զիջում են ընդամենը 2 միավոր։
Լոնդոնյան ակումբը կորուստներով է մոտենում հանդիպմանը։ Խաղը միանշանակ բաց են թողնելու Հարի Քեյնն ու Էրիկ Լամելան, իսկ Մուսա Սիսոկոյի ու Խուան Ֆոյթի մասնակցությունը հարցականի տակ է։
«Լայպցիգը» Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ բավականին զարմացնում է գեղեցիկ խաղով և պայքարում է Բունդեսլիգայի չեմպիոնության համար։ «Ցլերը» որոշ ժամանակ գլխավորում էին մրցաշարային աղյուսակը, սակայն կարևոր միավորներ կորցրին «Այնտրախտի», «Բորուսիա Մյունխենգլադբախի», ինչպես նաև «Բավարիայի» դեմ խաղերում՝ առաջատարի դիրքը զիջելով հենց «Բավարիային»։ Սակայն, առաջատարին զիջում են ընդամենը 1 միավոր։
Յուլիան Նագելսմանի թիմը շատ ավելի լուրջ կորուստներով է մոտենում առաջին հանդիպմանը։ Որակազրկման պատճառով խաղը բաց կթողնի Դայո Ուպամեկանոն, իսկ թիմի ավագ Վիլի Օրբանը՝ վնասվածքի պատճառով։ Ստացվում է, որ Յուլիան Նագելսմանը առաջին հանդիպմանը տրամադրության տակ չի ունենա մեկնարկային կազմի հիմնական երկու կենտրոնական պաշտպաններին։
Շատերն այս զույգի ֆավորիտ համարում են «Տոտենհեմին»՝ առաջ քաշելով Ժոզե Մոուրինոյի գործոնը, քանի որ պորտուգալացի մասնագետն այսպիսի խաղերի անհավանական փորձ ունի։ Սակայն, Ժոզեի շատ գաղափարներ գնալով հնանում են, իսկ ինքը Ժոզեն տարիների ընթացքում այնքան էլ չի զարգանում որպես մարզիչ, իսկ Յուլիան Նագելսմանը ներկայիս ֆուտբոլի ամենախոստումնալից մասնագետներից մեկն է, ով տակտիկական առումով բավականին ճկուն է։ «Լայպցիգի» հիմնական խնդիրն այն է, որ կարող է 3-4 խաղ անընդմեջ չհաղթել, այնուհետև ջախջախից հաղթանակներ տանել։ Ամեն դեպքում, իրոք, «Տոտենհեմը» այս դիմակայությունում ունի որոշակի առավելություն հենց փորձի հաշվին, սակայն լոնդոնյան ակումբին խանգարելու է Հարի Քեյնի բացակայությունը, ով ոչ մի այն գոլահար է, այլև առաջատար թիմի հանդերձարանում։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները։
Թիմերի հնարավորությունները՝ «Տոտենհեմ» 55%, «Լայպցիգ»՝ 45%
Այսպիսով, Չեմպիոնների լիգան երկու ամսվա դադարից հետո վերադառնում է՝ մեզ կրկին պարգևելով ֆուբոլային մեծ տոն։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Միքայել Մելիքբեկյան
# Ատալանտա, Ատլետիկո Մադրիդ, Բորուսիա-Դորտմունդ, Լայպցիգ, Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Վալենսիա, Տոտենհեմ