Չելսին շարունակում է գրագետ ֆուտբոլն՝ ամրապնդվելով Չեմպիոնների լիգայի գոտում 🎥
Անգլիական պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Էվերտոնին»։
Խաղի հենց մեկնարկից «ազնվականներն» ունեին առավելություն, գնդակին տիրում էին ավելի շատ (67%), ինչն էլ նպաստում էր, որ ավելի վտանգավոր գրոհեն։
Այդ գրոհներից մեկն էլ 31-րդ րոպեին ավարտվեց դարպասի գրավումով․ «իրիսների» կենտրոնական պաշտպան Բեն Գոդֆրեյը գրավեց սեփական դարպասը, ինչի շնորհիվ Թոմաս Տուխելի թիմն առաջ անցավ հաշվի մեջ։
Նախքան ընդմիջման գնալը՝ 41-րդ րոպեին, Մարկոս Ալոնսոն հայտնվեց հարվածային դիրքում, սակայն իսպանացի լատերալի կատարած հարվածը փակվեց մրցակցի պաշտպանների կողմից։
Կողմերն ընդմիջման գնացին «Չելսիի» նվազագույն առավելության պայմաններում։
51-րդ րոպեին Մարկոս Ալոնսոն աչքի ընկնելու ևս մեկ հնարավորություն ուներ, սակայն այս անգամ նրա հարվածից հետո հյուրերի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը փրկեց իր թիմին։
55-րդ րոպեին «կապույտները», ի վերջո, երկրորդ գնդակն ուղարկեցին «Էվերտոնի» դարպասը, սակայն հանդիպումը սպասարկող Դևիդ Քութը, խորհրդակցելով VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերների հետ, չեղարկեց Կայ Հավերցի խփած գնդակը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։
64-րդ րոպեին «թոշակառուները», ամեն դեպքում, խփեցին երկրորդ գնդակը։ «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո նշանակվեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ժորժինիոն։
Հատկանշական է, որ բրազիլական արմատներով իտալացի կիսապաշտպանը, Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 խաղում, դարձել է արդեն 6 գոլի հեղինակ և բոլոր դեպքերում նա աչքի է ընկել 11-մետրանոց նշակետից։
Խաղավարտին մոտ «Չելսին» շարունակում էր իր ճնշումը և որևէ հնարավորություն չէր տալիս Կառլո Անչելոտիի թիմին։ 81-րդ րոպեին աչքի ընկնելու լավ պահ ձեռքից բաց թողեց Տիմո Վերները․ գերմանացու հարվածից հետո տեղում էր Պիկֆորդը։
«Ազնվականները» նախքան խաղավարտ կրկին մոտ էին հաշիվն ավելի մեծացնելուն, սակայն հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ, իսկ խաղն ավարտվեց 2։0 հաշվով։
«Չելսին» այս հաղթանակից հետո վաստակեց 50 միավոր և ամրապնդվում է Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականում։
Հատկանշական է, որ «Չելսին» Թոմաս Տուխելի՝ գլխավոր մարզիչ դառնալուց հետո բոլոր մրցաշարերից հետո անցկացրել է արդեն 11 հանդիպում, տոնել՝ 8 հաղթանակ, իսկ 3 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։ Այդ ընթացքում լոնդոնյան ակումբը բաց է թողել ընդամենը 2 գնդակ։
Ինչ վերաբերում է «Էվերտոնին», ապա մերսիսայդյան ակումբը մնաց 46 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բեն Գոդֆրեյ, Էվերտոն, Թոմաս ՏՈւխել, Ժորժինիո, Կառլո Անչելոտի, Չելսի, Ջորդան Պիկֆորդ, Տիմո Վերներ