Չելսին ապացուցում է իր բարձր կարգը՝ պատասխան խաղից առաջ ստանալով լուրջ առավելություն🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Պորտուն» մրցեց «Չելսիի» դեմ։
Այս հանդիպումը նախօրոք որոշված էր, որ պետք է կայանա Պորտուի «Դրագաու» մարզադաշտում, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կողմերը մրցեցին Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում։
Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա որքան էլ անսպասելի էր, սակայն առաջին կեսն անցավ պորտուգալական ակումբի ակնհայտ առավելությամբ, որի ֆուտբոլիստները Էդուարդ Մենդիի դարպասի ուղղությամբ ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Մաթեուս Ուրիբեն, Խեսուս Կորանան, Պեպեն, բայց որոշ դրվագներում սենեգալցի դարպասապահը հրաշքներ էր գործում։
«Չելսին» էլ, առաջին կեսում ունենալով մեկ իրական գոլային պահ, առաջ անցավ հաշվի մեջ․ 32-րդ րոպեին Ժորժինիոն հարվածային դիրք դուրս բերեց Մեյսոն Մաունթին, ով էլ դիպուկ հարվածով գրավեց Ավգուստին Մարչեսինի պաշտպանած դարպասը։
Հատկանշական է, որ ողջ առաջին կեսում Թոմաս Տուխելի սաները կատարեցին այդ մեկ հարվածը, որն էլ վերածվեց գոլի։
Առաջին կեսում այլևս գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին լոնդոնյան ակումբի նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսում ավելի հավասար պայքար էր ընթանում, և երկու թիմերն էլ աչքի ընկնելու լավ հնարավորություններ ունեին։
Նախ 47-րդ րոպեին հաշվի մեջ փոփոխություն կարող էր մտցնել Տիմո Վերները, ապա 51-րդ րոպեին՝ «Պորտուի» հարձակվող Մուսա Մարեգան, սակայն մեկ դեպքում գերմանացի հարձակվողը բարձր հարվածեց, իսկ Մարեգայի հարվածից հետո Մենդին կրկին փրկեց «Չելսիին»։
57-րդ րոպեին էլ Սերժիո Կոնսեյսաուի թիմը կրկին մոտ էր աչքի ընկնելուն․ այս անգամ էլ հարվածային դիրքում էր Լուիս Դիաշը, սակայն 24-ամյա կոլումբացու հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ լքեց դաշտի դիմային գիծը։
Այդ դրվագից հետո դաշտում սկսեց հավասար պայքար ընթանալ, ինչը միանշանակ ձեռնտու էր «Չելսիին»։
85-րդ րոպեին էլ «ազնվականները» կրկնապատկեցին իրեց առավելությունը, իսկ գոլի հեղինակ դարձավ Բեն Չիլվելը։ Գոլային դրվագում անգլիացի լատերալին մեծապես օգնեց Խեսուս Կորոնայի սխալը, ով չկարողացավ գնդակը կասեցնել Մատեո Կովաչիչի կատարած փոխանցումից հետո։
Խփած երկրորդ գոլից հետո Թոմաս Տուխելի թիմն ընդհանրապես հանգստացրեց խաղը՝ այն մոտեցնելով իր տրամաբանական ավարտին։
Այսպիսով, «Չելսին» հյուրընկավելիս 2։0 հաշվով հաղթեց «Պորտուին» և պատասխան խաղից առաջ ստացավ շատ լուրջ առավելություն։
Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին՝ կրկին նույն մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավգուստին Մարչեսին, Բեն Չիլվել, Էդուարդ Մենդի, Թոմաս ՏՈւխել, Ժորժինիո, Խեսուս Կորոնա, Մեյսոն Մաունթ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Պեպե, Պորտու, Սերժիո Կոնսեյսաու