Չելսիի և Նյուքասլի նախկին ֆուտբոլիստը հայտնաբերվել է մահացած
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 6-ին` վաղ առավոտյան` Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, 7.8 մագնիտուտով աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 հազար մարդ։
Փետրվարի 6-ից անհետ կորած էր համարվում թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Հաթայսփոր» ակումբի հարձակվող Քրիստիան Աթսուն։
Հաթայ քաղաքը նույնպես մեծ վնասներ է կրել երկրաշարժի հետևանքով, որտեղ մահացել է 5000 և ավելի մարդ։
Բազմաթիվ էին տեղեկությունները 31-ամյա ֆուտբոլիստի վերաբերյալ, որոնցից մեկն էլ հաստատում էր, որ գանացի ֆուտբոլիստը դուրս է բերվել փլատակներից և հոսպիտալացվել։
Այդուհանդերձ, «Հաթայսպորի» մամուլի ծառայությունը փետրվարի 18-ին պաշտոնապես հաստատեց, որ Քրիստիան Աթսուն հայնաբերվել է մահացած։
Աթսուի դին այժմ տեղափոխվում է նրա հայրենի` Գանայի Ադա Ֆոա քաղաք, որտեղ էլ նրան կհուղարկավորեն։
Նշենք, որ Քրիստիան Աթսուն 2013-17 թթ. եղել է «Չելսիի» ֆուտբոլիստ, սակայն որևէ հանդիպում չի անցկացրել «ազնվականների» կազմում։
«Չելսին», 2013 թ. ամռանը 3 մլն եվրոյով «Պորտուից» գնելով գանացի հարձակվողի տրանսֆերային իրավունքները, պարբերաբար նրան վարձավճարով տրամադրել է այլ ակումբների` «Վիտեսին», «Էվերտոնին», «Բորնմութին», «Մալագային» և «Նյուաքսլին»։
2017 թ. հուլիսին Աթսուն դարձավ «Նյուքասլի» լիիրավ անդամ, որի կազմում հանդես է եկել մինչև 2021 թ. հուլիս ամիսն` անցկացրած 121 խաղում դառնալով 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
31-ամյա ֆուտբոլիստը «Հաթայսփորի» շարքերը համալրել էր 2022 թ. սեպտեմբերին, որի կազմում անցկացրած 4 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։
Ընդ որում, Աթսուն Հաթայ քաղաքը ներկայացնող ակումբի կազմում խփած միակ գոլը հեղինակել էր աղետալի երկրաշարժից ընդամենը մեկ օր առաջ` փետրվարի 5-ին` Սուպերլիգայի 23-րդ տուրում «Կասիմփաշայի» դեմ կայացած խաղում (1:0) 90+7-րդ րոպեին պարգևելով հաղթանակ իր թիմին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թուրքիայի Սուպերլիգա, Հաթայսպոր, Նյուքասլ, Չելսի, Քրիստիան Աթսու