Չելսիի և Նյուքասլի նախկին ֆուտբոլիստին դուրս են բերել փլատակների տակից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 6-ին` վաղ առավոտյան`Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով արդեն հայտնի է, որ զոհվել է ավելի քան 4000 մարդ։
Երկրաշարժի էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 7.8 մագնիտուտ։
Թուրքական Սուպերլիգայի 23-րդ տուրում փետրվարի 5-ին «Հաթայսփորը» 1:0 հաշվով հաղթեց «Կասիմփաշային»։
Հանդիպման հաղթական գոլը 90+7-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո խփեց գանացի վինգեր Քրիստիան Աթսուն։
Հանդիպումից հետո «Հաթայսփորի» գլխավոր մարզիչ Վոլկան Դեմիրելը երկօրյա հանգիստ տվեց իր սաներին։
Բացի Աթսուից, ակումբի մյուս բոլոր ֆուտբոլիստները լքել էին Հաթայ քաղաքը, որը գտնվում է հենց թուրք-սիրիական սահմանին և լրջորեն տուժել է երկրաշարժից։
Այդուհանդերձ, տեղի ունեցած երկրաշարժից հետո 31-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ անհետ կորած էր համարվում և չէր լինում նրա հետ կապվել։
Բարեբախտաբար, ինչպես հայտնում են համաշխարհային մամուլի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում` ֆուտբոլային աշխարհի գլխավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Քրիստիան Աթսուին դուրս են բերել փլատկների տակից։
Գանացի ֆուտբոլիստը ողջ է և հոսպիտալացվել է։ Նա ստացել է աջ ոտքի վնասվածք և շնչառության հետ խնդիրներ ունի։
Հավելենք, որ Քրիստիան Աթսուն 2013-17 թթ. եղել է «Չելսիի» ֆուտբոլիստ, սակայն որևէ հանդիպում չի անցկացրել «ազնվականների» կազմում։
«Չելսին», 2013 թ. ամռանը 3 մլն եվրոյով «Պորտուից» գնելով գանացի հարձակվողի տրանսֆերային իրավունքները, պարբերաբար նրան վարձավճարով տրամադրել է այլ ակումբների` «Վիտեսին», «Էվերտոնին», «Բորնմութին», «Մալագային» և «Նյուաքսլին»։
2017 թ. հուլիսին Աթսուն դարձավ «Նյուքասլի» լիիրավ անդամ, որի կազմում հանդես եկել մինչև 2021 թ. հուլիս ամիսն` անցկացրած 121 խաղում դառնալով 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
31-ամյա ֆուտբոլիստը «Հաթայսփորի» շարքերը համալրել է 2022 թ. սեպտեմբերին և «Կազիմփաշայի» դեմ կայացած վերոնշյալ խաղում խփեց իր անդրանիկ գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թուրքիայի Սուպերլիգա, Հաթայսպոր, Նյուքասլ, Չելսի, Քրիստիան Աթսու