Ուրարտուն սահմանել է Իվուի հրաժարագինը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։
Հայտնի է, որ 23-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Ռուբինը»։
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում բոսնիական «Զրինսկիի» դեմ կայացած խաղից հետո (0:1) մարզադաշտի հաղորդավարը հայտարարեց, որ Իվուն «Ուրարտուի» կազմում անցկացրել է տնային վերջին հանդիպումը։
Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նույնպես հաստատեց, որ Իվուն հեռանալու է «Ուրարտուից»` նշելով, որ նրա տրանսֆերի հարցում բանակցություններ են ընթանում։
Այդուհանդերձ, Sport24.ru-ն հայտնում է, որ կողմերի միջև բանակցություններն այնքան էլ հարթ չեն ընթանում, քանի որ «Ուրարտուն» Իվուի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 1,5 մլն դոլար, սակայն «Ռուբինը» պատրաստ է վճարել միայն 800 հազ. դոլար։
Նշենք, որ եթե այս գործարքը կայանա, ապա այն կդառնա Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք վաճառքն ու կգերազանցի Էդգար Մալաքյանի ռեկորդը, ում դիմաց 2012 թ. ամռանը «Վիկտորիա Պլզենը» «Փյունիկին» վճարել է 750 հազ. եվրո։
Հավելենք, որ Ուգոչուկվու Իվուն «Ուրարտուի» կազմում հանդես է գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 97 խաղում դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Բարձրագույն-խումբ, Հայաստանի-առաջնություն, Հայաստանի-հավաքական, Ուգոչուկվու Իվու, Ուրարտու, Ռուբին, տրանսֆերներ