Չելսին ընդհուպ մոտենում է ՉԼ գոտուն․ Տուխելը բալանսավորել է «ազնվականների» խաղը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ։
Հանդիպումը կարող էր անսպասելի մեկնարկ ունենալ, քանի որ հենց 1-ին րոպեին «Շեֆիլդի» հարձակվող Օլիվեր Բերքը, մեն-մենակ մնալով «Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդիի դիմաց, չկարողացավ բացել խաղի հաշիվը, շեղ հարվածելով։
Խաղակեսի մնացած ժամանակահատվածում Թոմաս Տուխելի թիմը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, սակայն միայն ընդմիջման գնալուց առաջ հաջողվեց բացել խաղի հաշիվը․ 43-րդ րոպեին բազմաքայլ գրոհի արդյունքում Տիմո Վերները հարվածային դիրք դուրս բերեց Մեյսոն Մաունթին, վերջինս էլ առաջ մղեց «ազնվականներին»։
«Շեֆիլդի» ֆուտբոլիստները, ովքեր առաջին կեսում առանձնապես ոչնչով աչքի չէին ընկել, երկրորդ կեսի հենց մեկնարկում կարողացան հավասարեցնել հաշիվը, ընդ որում, դա ոչ թե արեցին հենց իրենք՝ «Շեֆիլդի» տղաները, այլ «Չելսիի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, ով 54-րդ րոպեին գրավեց սեփական դարպասը։
Ստացվեց այնպես, որ Քրիս Ուայլդերի սաները գոլի հեղինակ դարձան՝ մրցակցի դարպասին չկատարելով որևէ դիպուկ հարված։ Մինչ այդ պահը տանտերերի կատարած երկու հարվածն էլ շեղ էր ստացվել։
«Չելսիի» ֆուտբոլիստները բաց թողած գոլից չընկճվեցին և շատ արագ վերականգնեցին իրենց առավելությունը։ 58-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Ժորժինիոն՝ կրկին առաջ մղելով իր թիմին։
Հանդիպման մնացած ժամանակահատվածը հիմնականում անցավ հանգիստ պայքարում։ Միայն խաղավարտին մոտ «Շեֆիլդը» փորձեց խուսափել պարտությունից՝ ստեղծելով 1-2 վտանգավոր պահեր Մենդիի դարպասի ուղղությամբ, սակայն խաղում այլևս դարպասի գրավումներ չարձանագրվեցին։
Այսպիսով, «Չելսին» հաղթեց 2։1 հաշվով՝ տանելով 3-րդ անընդմեջ հաղթանակը։ Հատկանշական է, որ Թոմաս Տուխելի՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո լոնդոնյան ակումբը անցկացրած 4 խաղերից 3-ն ավարտել է հաղթանակով, իսկ մյուս խաղում գրանցվել է ոչ-ոքի։
Այս հաղթանակից հետո «կապույտները» վաստակեցին 39 միավոր, օգտվեցին «Վեսթ Հեմի» և «Էվերտոնի» միավորների կորստից՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական։ Հատկանշական է, որ Տուխելի թիմը կտրուկ մոտեցավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղին։ Ներկա պահին 4-րդ հորիզոնականը 40 միավորով զբաղեցնում է «Լիվերպուլը», որն ընթացիկ տուրում նույնպես պարտվեց՝ 1։4 հաշվով զիջելով «Մանչեսթեր Սիթին»։
«Շեֆիլդ Յունայթեդի» միավորների քանակը 11 է․ ակումբը եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Ռյուդիգեր, ԱՊԼ, Էվերտոն, Թոմաս ՏՈւխել, Ժորժինիո, Լիվերպուլ, Մեյսոն Մաունթ, Շեֆիլդ Յունայթեդ, Չելսի, Վեսթ Հեմ