Հայտնի է դարձել Հենոյի ապաքինման ժամկետը
Մարտի 11-ին «Ռոման» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում Հռոմում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Շախտյորի» նկատմամբ։
Այդ խաղի 35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը՝ դաշտում տեղը զիջելով Բորխա Մայորալին։
Արդեն որոշ մանրամասներ հայտնի դարձել հայազգի կիսապաշտպանի վնասվածքից։
Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը՝ հղում կատարելով Il Tempo-ին, 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով կբացակայի մոտ 3 շաբաթ և խաղադաշտ կվերադառնա ապրիլի 3-ից ոչ շուտ։
Այդ օրը «գայլերը» Ա սերիայի 29-րդ տուրի շրջանակում պետք է մրցեն «Սասուոլոյոի» դեմ և սպասվում է, որ միայն այդ ժամանակ Հենոն պատրաստ կլինի օգնել իր թիմին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հենրիխ Մխիթարյանը աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել։
Այսպիսով, ստացած վնասվածքի պատճառով, Մխիթարյանը չի կարողանա մասնակցել նաև Հայաստնանի հավաքականի առաջիկա խաղերին։
2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում մեր ընտրանին մարտ ամսի վերջին 3 հանդիպում ունի անցկացնելու։ Խոակին Կապառոսի տղաները մարտի 25-ին կհյուրընկալվեն Լիխտենշտեյնի հավաքականին, իսկ ամսի 28-ին և 31-ին Երևանում կմրցեն համապատասխանաբար Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Եվրոպա-լիգա, Լիխտենշտեյն-Հայաստան, Հայաստան-Իսլանդիա, Հայաստան-Ռումինիա, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Շախտյոր, Ռոմա