Նվագախումբ` առանց մաեստրոյի. ի՞նչ սպասել լեգենդի հեռանալուց հետո

Նվագախումբ` առանց մաեստրոյի. ի՞նչ սպասել լեգենդի հեռանալուց հետո

08/08/2021 - 19:23

Մեսսի․․․ Մեսսի․․․ Մեսսի․․․․․ քանի, քանի անգամ են «Նոու Կամպ» մարզադաշտի լեփ-լեցուն տրիբունաները փշաքաղվել լեգենդի հանճարից։ Այդ կապտանռնագույն նստարանները տեսել են ամեն ինչ, սակայն այժմ Լեոն հեռանում է դատարկ տրիբունաների ներքո։

«Ես չեմ հավատում, որ սա տեղի է ունենում։ Ես սիրում եմ այս քաղաքը, այս թիմը։ Ես ուզում էի մնալ, բայց ստիպված հեռանում եմ։ Ես հրաժեշտը այսպես չէի պատկերացնում, շատ կցանկանայի տեսնել «Նոու Կամպը» լեփ-լեցուն»,- ասաց Լեոն իրհրաժեշտի մամուլի ասուլիսին արցունքներն աչքերին։


21 տարի։ Այսքան տևեց «Բարսելոնայի» ու Լեո Մեսսիի սիրավեպը։ Կար ակումբ, որը ծնել էր հանճարին ու կար հանճար, ով տանում էր այդ ակումբին առաջ։ Ամեն ինչ ներդաշնակ էր։ Բայց այն, ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ։
778 խաղ, 672 գոլ, միջինը մեկ խաղում 0,86 գոլ, 48 հեթ-տրիկ, 305 գոլային փոխանցում, ակուկբի պատմության լավագույն ռմբարկու և ասիստենտ, ակումբի պատմության մեջ բոլորից շատ խաղ անցկացրած ֆուտբոլիստ, 34 տիտղոս, 6 «Ոսկե գնդակ», 8 անգամ Լա Լիգայի լավագույն ռմբարկու, 7 անգամ Իսպանայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ․ փառքի ճանապարհ, որը հիացմունք է առաջացնում։ Այս ամենի անունն է Լեո Մեսսի, ով լքում է հարազատ ակումբը։

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ է սպասվում «Բարսելոնային» և Լա լիգային լեգենդի հեռանալուց հետո

Ինչո՞ւ է Մեսսին նշում, որ ստիպված է հեռանում

Լա Լիգան ֆինանսական կանոնադրություն էր ընդունել` ֆիանանսկան fair-play, որպեսզի վերահսկի ակումբներին և թույլ չտա նրանց ծախսել եկամտից շատ։

«Բարելոնան» նման խնդիր ուներ ու դրա համար կատալոնական ակումբը 34-ամյա ֆուտբոլիստին առաջարկել էր կրճատել աշխատավարձը, ինչի հետ արգենտինացին համաձայնել էր, բայց այստեղ խնդիրը չէր լուծվում, քանի որ, ըստ լիգայի կանոնադրության, Լա լիգայում ու Սեգունդայում հանդես եկող ակումբներին թույլ է տրվում աշխատավարձի վրա ծախսել եկամտի 70%-ը, իսկ «Բարսելոնայում» այն կազմում է 115%, և եթե նույնիսկ Մեսսին անվճար խաղար, այսիքն, հրաժարվեր աշխատավարձից, նույնիսկ այդ դեպքում «կապտանռնագույնների» աշխատավարձի բյուջեն գերածախս կունենար և կկազմեր 95 %:

Այսինքն` Ժոան Լապորտան ու մյուս ղեկավարները շատ լավ գիտեին, որ Մեսսիի աշխատավարձի կրճատումով խնդիրը չէր լուծվում, այդ դեպքում ի՞նչ հույս ունեին և ի՞նչ կարող էին անել։

«Բարսելոնայի» ղեկավարությունը Լեո Մեսսիի միջոցով առևտուր էր անում Լա լիգայի հետ. ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Սուպերլիգան

Ինչպես բազմիցս նշել ենք, Լա լիգան 2,7 միլիարդ եվրոյի պայամնագիր էր կնքել ներդրումային CVC ընկերության հետ, և խնդիրն այն էր, որ նրանք այդ գործարքի շրջանակում «Բարսելոնային» կտային արտոնություն, ինչը իրավունք կտար նրանց կնքել պայմանագիրը Լեո Մեսսիի հետ, բայց կար մի պայման․ «Բարսելոնան» պետք է դուրս գար Սուպերլիգայի կազմից։

Լապորտան չհամաձայնեց այդ պայմանի հետ այն հույսով, որ, լիգան Խավիեր Տեբասի գլխավորությամբ, ամեն դեպքում, թույլ չի տա, որպեսզի Մեսսի պես ֆուտբոլիստը լքի Լա լիգան։
Արդյունքում Տեբասը և լիգան ոչինչ չարեցին։
Այստեղ կարևոր մի հանգամանք ևս կա․ Ժոան Լապորտան, ի սկզբանե ընտրվելու նպատակով, շահարկել է Լեո Մեսսիի գործոնը, խոստանալով, որ արգենտինացին կմնա ակումբում, շատ լավ իմանալով լիգայի ֆինանսական սահմանափակումների մասին։

Այսինքն` ակումբի ղեկավարը խորամանկ պարտիա է խաղարկել․ այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ցանկացած դեպքերի զարգացումից մաքուր դուրս գա։ Արդյունքում տուժում է ֆուտբոլային լեգենդը, ում նախապես չեն ասում իրերի իրական դասավորվածության մասին։ Կարճ ասած` արգենտինացուն օգտագործում են։ Հստակ է մեկ բան․ Լեո Մեսսիին թիմում պահելը առաջնային չի եղել «Բարսելոնայի» համար։

Ի՞նչ սպասել «Բարսելոնայից» առանց իր պատմության լավագույն ֆուտբոլիստի

2020/21 մրցաշրջանը լավագույններից չէր արգենտինացու համար, բայց, նույնիսկ իր չափանիշներով վատ մրցաշրջանում, Լեոն լավագույնն էր գրեթե բոլոր ասպեկտներում։

Եվ այսպես. Մեսսին 2020/21 մրցաշրջանում դարձել է Լա լիգայի լավագույն ռմբարկու (30 գոլ), լավագույնն է եղել գոլ+գոլային փոխանցում անվանակարգում (30 գոլ + 9 ասիստ), կատարել է ամեշատ հարվածները (196), ամենաշատ գոլային պահերն է ստեղծել թիմակիցների համար (77), ամենաշատ իրական գոլային պահերն է ստեղծել (22), ամենաշատն է գնդակով ներխուժել մրցակցի տուգանային հրապարակ (327), ամենաշատն է խաղն իր վրա վերցրել (159), նրա նկատմամբ մրցակիցներն ամենաշատն են խախտել կանոնները (99), ամենաշատն է գնդակը կասեցրել մրցակցի տուգանային հրապարակում (243)։

Սա համեստ ակնարկ է, թե ինչ է կորցնում «Բարսելոնան»։
Շատ էին հարցերը, ու հիմա էլ կան, օրինակ, թե որն է Մեսսիի լավագույն դիրքը։ Այս երկու խաղային քարտեզները շատ լավ են բնորոշում Մեսսիի ու խաղընկերների միջև խաղակցվածության աստիճանը։
Լեոն իր փոխանցումների 36,91%-ը կատարում է Ժորդի Ալբային։

Դրան զուգահեռ, Սերխիո Բուսկետսն իր փոխանցումների գերակշիռ մասը՝ 53,68%-ը, կատարում է դեպի Մեսսին։

Սրանք այն ամենահամեստ օրինակներ են, թե որքան կարևոր է Մեսսին թիմի համար։

Նման ֆուտբոլիստի կորստից տուժում է ոչ միայն ակումբը, այլև ողջ իսպանական ֆուտբոլը։
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ գալիք մրցաշրջանը կմեկնարկի ու «Նոու Կամպում» այլևս չի լինի «Բարսելոնայի» «10» համարը, բայց իրականության հետ չես վիճի։
Ափսոսալու շատ բան կա․ մենք, որպես ֆուտբոլի երկրպագուներ, ականատես չեղանք այն հրաժեշտին, որին արժանի էր «Բարսելոնայի» լեգենդը։

ՊՍԺ-ում կամ մեկ այլ ակումբում հանես գալով` Մեսսին էլի կմնա Մեսսի, բայց «Բարսելանան» միանշանակ այլևս առաջվանը չի լինելու։ Առանց արգենտինացու կատալոնական ակումբը վերածվելու է նվագախմբի, որը չի ունենալու մաեստրո։ Բոլորը կնվագեն, բայց այն ներդաշնակությունը, որը տալիս էր Լեոն, այլևս չի լինի։

Որպես ֆուտբոլի երկրպագուներ` մենք ցանակնում ենք, որպեսզի բոլոր ֆուտբոլասերները գնահատեն այս հավերժացող պահերը։ Այս անցողիկ ու երախտամոռ կյանքում միակ մնայունը մեր զգացմունքներն ու մեր էմոցիաներն են, որոնք դառնում են անգին հիշողություններ։

Մեսսիի` «Բարսելոնայից» ճանապարհելը ժամանակը գնահատելու, նրա ու մյուս հանճարների խաղով հիանալու լավ հնարավորություն է ընձեռում. չէ՞ որ ոչ մի ֆուտբոլիստի կարիերա հավերժ չէ։
Այսքան իրարանցում, Լեո, իսկ դու ընդամենը ակումբն ես փոխում․ հուսանք կարիերադ երկար կլին, ՀԱՆՃԱՐ։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023