Նոան ռևանշի հասավ Լոռիի նկատմամբ 🎥
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 8-րդ տուրից հետաձգված «Նոա» – «Լոռի» հանդիպումը, որը տեղի ունեցավ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։
Ընդամենը 4 օր առաջ կողմերը հանդիպել էին Վանաձորում։ 17-րդ տուրի շրջանակում կայացած խաղում «Լոռին» երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն այսօր հաջողությունը Դմիտրի Գունկոյի սաների կողմն էր, ովքեր հաղթեցին 3։1 հաշվով։
Առաջին կեսում երևանյան ակումբը մեկ գնդակ ուղարկեց «Լոռիի» դարպասը, որն իր անվան դիմաց գրանցեց Վալենտին Ազարովը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Երկրորդ կեսի միջնամասում «Նոայի» առավելությունն ավելի ակնհայտ դարձավ, որի ֆուտբոլիստները 56 և 67-րդ րոպեներին ևս երկու գնդակ խփեցին Նեմանյա Շեկիչի դարպասը։ Նախ ինքնագոլի հեղինակ դարձավ վանաձորյան ակումբի կիսապաշտպան Թիմուր Ռուդոսելսկին, ապա «Նոայի» կազմից հաշիվը եռապատկեց Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը։
Ինչ վերաբերում է Ալբերտ Սոլոմոնովի սաներին, ապա նրանք միայն կարողացան խփել հեղինակության գնդակը, որը 83-րդ րոպեին հեղինակեց Անդրե Մենսալաոն։
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Լոռին» 23 միավորով 3-րդն է։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Ալբերտ Սոլոմոնով, Անդրե Մենսալաո, Դմիտրի Գունկո, Թիմուր Ռուդոսելսկի, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ, Լոռի, Նեմանյա Շեկիչ, Նոա, Վալենտին Ազարով