Նոան մեկ սեղանի շուրջ նստելու և քաղաքակիրթ ձևով բանակցելու կոչ է արել
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», կապված ֆուտբոլային նախորդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ, հանդես է եկել հայտարարությամբ։
««Նոա» ֆուտբոլային ակումբը, ի պատասխան երկրպագուների և լրատվամիջոցների, հայտնում է հետևյալը.
«Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին։ Ակումբն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ՀՖՖ-ին առնչվող խնդիրների շուրջ՝ հանուն արդար խաղի կանոնների։
Հայաստանում կան պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ռազմավարության բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ մեր կողմից բարձրացված, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվում ՀՖՖ-ի հետ՝ փորձելով գտնել լուծումներ։
Հայկական ֆուտբոլի առջև ծառացած խնդիրների քննարկման և լուծման գործում «Նոան» կարևորում է նաև ֆուտբոլասերների և մեր սիրելի երկրպագուների մասնակցությունը՝ գնահատելով վերջիններիս ջանքերը։
«Նոա» ՖԱ-ն շարունակում է իր ճանապարհը հայկական ֆուտբոլի զարգացման երկարաժամկետ և հեռանկարային ծրագրերով՝ հանուն այս նպատակների պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել ու հասնել փոխըմբռնելի լուծումների։
«Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ համախմբելով բոլոր ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, այն է՝ զարգացնել հայկական ֆուտբոլը և տոն պարգևել մեր սիրելի երկրպագուներին։
Բոլորիս մաղթում ենք ֆուտբոլային նոր վերելքներ»,- «Նոայի» հայտարարությունը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի անբավարար մրցելույթներից հետո «Հայկական առաջին ճակատ» (FAF) երկրպագուական շարժումը բողոքի տարբեր ակցիաներ է իրականացրել և պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ FAF-ի ակցիաներն աջակցում են «Փյունիկը», «Ուրարտուն» և «Շիրակը», ինչպես նաև «Red Eagles» («Կարմիր արծիվներ») երկրպագուական շարժումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# FAF, Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Red-Eagles, Արմեն Մելիքբեկյան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Հայաստանի-հավաքական, Հայկական Առաջին Ճակատ, Նոա, Շիրակ, Ուրարտու, Փյունիկ