Նեյմարը բաց կթողնի Կոպա Ամերիկա-2024-ը
«Ալ Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը բաց կթողնի Կոպա Ամերիկա-2024-ը։
Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ԱԱ-2026-ի որակավորման փուլի 4-րդ տուրում կայացած Ուրուգվայ – Բրազիլիա (2:0) հանդիպման ժամանակ 31-ամյա ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել։
Հետագայում պարզ դարձավ, որ Նեյմարը վնասել է ծնկի խաչաձև կապաններն ու ստացել մենիսկի պատռվածք։
Բրազիլիայի հավաքականի բժիշկ Ռոդրիգո Լասմարը, ով վիրահատել է Նեյմարի ծունկը, հայտարարել է, որ վերջինս չի հասցնի ապաքինվել վնասվածքից և բաց կթողնի 2024 թ. ամռանը կայանալիք Կոպա Ամերիկան։
«Որևէ իմաստ չկա շրջանցել վերականգնողական ինչ-որ փուլեր և անիմաստ ռիսկի դիմել։ Մենք սպասում ենք, որ Նեյմարը խաղադաշտ կկարողանա դուրս գալ միայն 2024 թ. օգոստոսին։
Պետք է համբերատար լինել, իսկ այն խոսակցությունները, թե Նեյմարը կկարողանա 9 ամսից շուտ խաղադաշտ վերադառնալ, ժամանակավրեպ է։ Պետք է մարմնին ժամանակ տալ` վերականգնվելու համար։
Ակնկալվում է, որ Նեյմարը խաղադաշտ վերադառնալուց հետո կրկին հանդես կգա բարձր մակարդակով»,- նշել է Լասմարը, ում խոսքերը մեջբերում է Globo Esporte-ն։
Հավելենք, որ Նեյմարը երբեք չի դարձել Կոպա Ամերիկայի չեմպիոն։ 2021 թ. նա Բրազիլիայի հավաքականի կազմում հասավ մինչև մրցաշարի եզրափակիչ, սակայն պարտվեց Արգենտինային (0:1)։
Վերջում ավելացնենք, որ Կոպա Ամերիկա 2024-ն անցկացվելու է ԱՄՆ-ում` 2024 թ. հունիսի 20-ից հուլիսի 14-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Բրազիլիայի հավաքական, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Նեյմար, Ռոդրիգո Լասմար