Նապոլին անակնկալ է մատուցում, իսկ Ռոման ընդհատում է Լացիոյի հաղթարշավը?
Իտալական Ա սերիայի շրջանակում ավարտվեց 21-րդ տուրը։
Հռոմում տեղի ունեցավ հերթական հռոմեական դերբին։ «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեցին «Ռոման» և «Լացիոն»։
Խաղը հիմնականում անցավ «գայլերի» առավելությամբ, սակայն Պաուլու Ֆոնսեկայի սաներին չհաջողվեց հաղթանակ կորզել։
Հանդիպման 26-րդ րոպեին նոմինալ տանտերերից հաշիվը բացեց Էդին Ջեկոն, սակայն 34-րդ րոպեին «արծիվներին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո անհասկանալի իրավիճակում գոլի հեղինակ դարձավ Ֆրանչեսկո Աչերբին։
Խաղի մնացած հատվածում «Ռոման» ուներ ավելի լավ տեսք, և նրանց գրոհներն ավելի սուր էին, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություն չեղավ։
Այսպիսով, «Ռոման» կարողացավ ընդհատել «Լացիոյի» անհավանական հաղթական շարքը, որը սկսվել էր նախորդ տարվա հոկտեմբերի 19-ից՝ տանելով 11 անընդմեջ հաղթանակ։
Այս ոչ-ոքիից հետո «Ռոման» վաստակեց 39 միավոր՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, իսկ «Լացիոն» 46 միավորով 3-րդն է։
Տուրի մյուս կենտրոնական հանդիպումը կայացավ Նեապոլի «Սան-Պաոլո» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» ընդունել էր առաջնության առաջատար «Յուվենտուսին»։
Հանդիպմումն ինչ-որ առումով անակնկալ ավարտ ունեցավ։ Ջենարո Գատուզոյի սաները երեք անընդմեջ պարտությունից հետո փայլուն հանդիպում անցկացրին՝ 2։1 հաշվով հաղթելով առաջնության առաջատարին։
Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ 63-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Պյոտր Զելինսկին, իսկ 86-րդ րոպեին նեապոլիտանական ակումբի առավելությունը կրկնապատկեց Լորենցո Ինսինյեն։
Հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը․90-րդ րոպեին Ռոբերտո Բենտանկուրի փոխանցումը եզրափակեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով Ա սերիայի շրջանակում 8-րդ խաղն անընդմեջ դառնում է գոլի հեղինակ՝ ռմբարկուների ցուցակում իր գոլերի քանակը հասցնելով 17-ի։
Մաուրիցիո Սարիի սաները մնացին 51 միավորով և 3 միավորով գերազանցում են «Ինտերին», իսկ «Նապոլին» 27 միավորով բարձրացավ 10-րդ հորիզոնական։
# Ա-սերիա, Էդին-Ջեկո, Լացիո, Լորենցո Ինսինե, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Նապոլի, Պյոտր Զելինսկի, Ռոմա