Նապոլին արգելել է Գատուզոյին և ֆուտբոլիստներին հարցազրույց տալ
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ատալանտայից» կրած պարտությունից հետո (4:2) «Նապոլիի» ղեկավարությունը բավական տարօրինակ որոշում է կայացրել։
Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը անորոշ ժամանակով արգելել է գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին և ֆուտբոլիստներին հարցազրույց տալ։ Նշվում է, որ վերոնշյալ խաղից հետո Գատուզոն անգամ չի ներկայացել հետխաղյա մամուլի ասուլիսին, որը սահմանված է Ա սերիայի կանոնակարգով։
Բոլոր մրցաշարերի հաշվարկով վերջին 10 հանդիպումներում «երկնագույնները» տոնել են ընդամենը 3 հաղթանակ՝ պարտվելով 6 խաղերում։
Գատուզոյի թիմն այս պահին Ա սերիայի շրջանակում 23 հանդիպումներից հետո վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Նապոլին» նաև դուրս է մնացել Իտալիայի գավաթից՝ կիսաեզրափակչում պարտվելով նույն «Ատալանտային» (0:0, 3:1):
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպման շրջանակում «Նապոլին» արտագնա խաղում 2։0 հաշվով պարտվեց նաև «Գրանադային», որի հետ պատասխան հանդիպումը կկայանա «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 21։55-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Ատալանտա, Գրանադա, Եվրոպա-լիգա, Նապոլի, Ջենարո Գատուզո