Նախկին մրցավար. «Պետք էր 11-մետրանոց նշանակել Բարսելոնայի օգտին»
Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 0:1 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ռայո Վալեկանոյից»։
Հանդիպման վերջնամասում վիճելի դրվագ եղավ, երբ 90-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ալեխանդրո Կատենան սեփական տուգանային հրապարակում հրեց և գցեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիին, սակայն գլխավոր մրցավար Իսիդրո Դիաս դե Մերան խաղից դուրս իրավիճակ արձանագրեց` չնշանակելով 11-մետրանոց հարված։
Այդ դրվագը մեկնաբանել է նախկին մրցավար Ալֆոնսո Պերես Բուրուլը.
«Կատենան ակնհայտ հրեց, քանի որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաղթել էր արդեն դիրքը։ Պետք էր 11-մետրանոց նշանակել»,- նշել է Բուրուլը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Դրան զուգահեռ, ևս մեկ նախկին մրցավար` Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը, կարծում է, որ Իսիդրո Դիաս դե Մերան ճիշտ վարվեց` չնշանակելով 11-մետրանոց.
«Հրում եղավ թիկունքից անմիջապես դարպասին հարվածելու փորձից առաջ։ Ակնհայտ էր, որ պետք էր դիտել դրվագի տեսակրկնապատկերը։
Այդուհանդերձ, մրցավարը արձանագրեց խաղից դուրս իրավիճակ, երբ Գավին դիպավ գնդակին և կրկնապատկերի ժամանակ բոլորս էլ տեսանք, որ, իրոք, նա խաղից դուրս էր»,- նշել է Գոնսալեսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Կատենա, Ալֆոնսո Պերես Բուրուլ, Բարսելոնա, Գավի, Էդուարդո Իտուրալդե Գոնսալես, Իսիդրո Դիաս դե Մերա, Լա-լիգա, Ռայո Վալեկանո