Յուվենտուսը վերադառնում է լավագույն եռյակ🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում վերջապես կայացավ 3-րդ տուրից հետաձգված «Յուվենտուս» – «Նապոլի» հանդիպումը։
Այս խաղը պետք է կայանար դեռևս 2020 թվականի հոկտեմբերին, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն մի քանի անգամ անորոշ ժամանակով հետաձգվեց։
Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն բավական ակտիվ մեկնարկեցին թուրինյան ակումբի ֆուտբոլիստները, ովքեր 13-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Պորտուգալացի ֆուտբոլիստն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 25-րդ գոլը և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը՝ մոտակա հետապնդող Ռոմելու Լուկակուից առաջ անցնելով 4 գնդակով։
Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում հիմնականում հավասար պայքար էր ընթանում, և կողմերն ընդմիջման գնացին «բյանկոներիների» նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից նեապոլիտանական ակումբի տղաները տիրեցին նախաձեռնությանը և 59-րդ րոպեին կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն Լորենցո Ինսինյեի հարվածից հետո հիանալի խաղաց Ջանլուիջի Բուֆֆոնը՝ փրկելով «Յուվենտուսին»։
69-րդ րոպեին Անդրեա Պիռլոն Ալվարո Մորատայի փոխարեն մարտադաշտ մտցրեց վնասվածքից ապաքինված Պաուլո Դիբալային։
Իտալացի մասնագետը գուշակեց այդ փոփոխությունը, քանի որ 73-րդ րոպեին արգենտինացի հարձակվողը կրկնապատկեց «ծեր սենյորայի» առավելությունը՝ հաշիվը դարձնելով 2։0։
Ջենարո Գատուզոյի սաներին էլ միայն հաջողվեց խփել հեղինակության գնդակ, ովքեր 89-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Լորենցո Ինսինյեն։
Խաղավարտին մոտ թուրինցները պահպանեցին հաղթական հաշիվը։
Այսպսիով, «Յուվենտուսը» 2։1 հաշվով հաղթեց «Նապոլիին», վաստակեց 59 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական՝ առաջատար «Ինտերին» զիջելով 12 միավոր։
«Նապոլին» էլ մնաց 56 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեա Պիռլո, Ինտեր, Լորենցո Ինսինե, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Նապոլի, Պաուլո-Դիբալա, Ջանլուիջի-Բուֆոն, Ջենարո Գատուզո