Յուվենտուսը պատրաստ է հրաժարվել իր երեք ֆուտբոլիստների ծառայությունից
«Յուվենտուսի» կիսապաշտպաններ Ֆեդերիկո Բերնարդեսկին և Ադրիեն Ռաբիոն կարող են լքել թուրինյան ակումբն արդեն հունվարին։ Ըստ La Gazzetta dello Sport պարբերականի՝ Յուվենտուսի ղեկավարությունը պատրաստ է քննարկել ֆուտբոլիստների տրանսֆերների հարցը, եթե լինեն հստակ առաջարկներ։
Աղբյուրը նշում է «ծեր սինյորայի» ևս մեկ ֆուտբոլիստի անուն, որը նույնպես կարող է փոխել ակումբային գրանցումը․ խոսքը Սամի Խեդիրայի մասին է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա կիսապաշտպանը հնարավոր է տեղափոխվի «Էվերտոն», որի գլխավոր մարզիչը Կառլո Անչելոտին է։ Հիշեցնենք, որ Խեդիրան իտալացի մասնագետի ղեկավորությամբ հանդես է եկել նաև «Ռեալի» կազմում։
Այս մրցաշրջանում ո՛չ Բերնարդեսկին, ո՛չ Ռաբիոն չեն համարվել «բյանկոներիների» հիմնական կազմի խաղացողներ, դե իսկ Խեդիրան ընդհանրապես չի հայտավորվել Ա սերիայի խաղերին։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի 16-րդ տուրից հետո «Յուվենտուսը» վաստակել է 30 միավոր և հանգրվանել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում՝ առաջատար «Միլանից» հետ մնալով 7 միավոր։ Արդարության համար պետք է նշել, որ Անդրեա Պիռլոյի սաները մեկ խաղ պակաս են անցկացրել առաջատարի համեմատ։
# Ա Սերիա, Ադրիեն Ռաբիո, Անդրեա Պիռլո, Էվերթոն, Կառլո Անչելոտի, Յուվենտուս, Սամի Խեդիրա, Ֆեդերիկո Բերնարդեսկի