Պաշտպանների բենեֆիսը․ Յուվեն ուշքի է գալիս Ատալանտայից կրած պարտությունից🎥

Պաշտպանների բենեֆիսը․ Յուվեն ուշքի է գալիս Ատալանտայից կրած պարտությունից🎥

22/04/2021 - 01:04

Իտալական Ա սերիայի 32-րդ տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Յուվենտուսը» Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցեց «Պարմայի» դեմ։

Թուրինյան ակումբի ֆուտբոլիստները խաղասկզբում ունեին տարածքային և խաղային առավելություն․ միայն Կրիշտիանու Ռոնալդուն երկու անգամ վրիպեց նպաստավոր դիրքերից, իսկ 25-րդ րոպեին գործեց ֆուտբոլի չգրված թիվ մեկ օրենքը․ չես խփում դու, խփում են քեզ։

«Պարմայի» ֆուտբոլիստները» նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել։ Գնդակին մոտեցավ Գաստոն Բուգրմանը, ով դարձավ բավական գեղեցիկ գոլի հեղինակ՝ վարպետորեն գրավելով Ջանլուիջի Բուֆոնի դարպասը։

Բաց թողած գոլից հետո էլ Անդրեա Պիռլոյի սաները տիրում էին նախաձեռնությանը, ովքեր ստեղծեցին մի շարք վտանգավոր պահեր և նախքան ընդմիջման գնալը՝ 43-րդ րոպեին, ի վերջո, հավասարեցրին հաշիվը։ Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Ալեքս Սանդրոն՝ եզրափակելով Մաթիաս դե Լիխտի փոխանցումը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 47-րդ րոպեին, «բյանկոներիները» միանգամից առաջ անցան հաշվի մեջ, իսկ կրկին գոլի հեղինակ դարձավ Ալեքս Սանդրոն՝ այս խաղում խփելով իր երկրորդ գնդակը։

68-րդ րոպեին էլ հերթական անկյունային հարվածի խաղարկումից հետո աչքի ընկնելու հերթը հասավ արդեն Մաթիաս դե Լիխտին, ով դրեց հանդիպման վերջակետը։

Հետաքրքիր է, որ այս խաղում թուրինյան ակումբին հաղթական պարգևեցին բացառապես պաշտպանությանը միտված ֆուտբոլիստները․ դուբլի հեղինակ դարձավ Ալեքս Սանդրոն, մեկ գոլ էլ հեղինակեց դե Լիխտը։ Խուան Կուադրադոն էլ կատարեց երկու գոլային փոխանցում։

Այսպիսով, «Յուվենտուսը» 3։1 հաշվով հաղթեց «Պարմային»՝ ուշքի գալով նախորդ տուրում «Ատալանտայից» կրած պարտությունից։

«Ծեր սենյորան» այս հաղթանակից հետո վաստկեց 65 միավորվ, շրջանցեց «Ատալանտային» և ժամանակավորապես բարձրացավ 3-րդ հորիզոնական։ Բերգամոն ներկայացնող ակումբն ընթացիկ տուրում դեռևս իր հանդիպումը չի անցկացրել։ Ապրիլի 22-ին Ջանպիերո Գասպերինիի սաները հյուրընկալվելիս կմրցեն «Ռոմայի» դեմ։

«Պարման» մնաց 20 միավորով և զբաղեցնում է  նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023