Մխիթարյանը կարիերան շարունակելու մի շարք տարբերակներ ունի
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է անորոշ մնալ։
Sport 24-ի լրագրող Արարատ Մամբրեյանը Telegram-ի իր ալիքում գրում է, որ «գայլերի» ու Մխիթարյանի միջև նոր պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները տևական ժամանակ է մտել են փակուղի։
Մաբրեյանը, հղում կատարելով La Repubblica-ին ու Roma Press-ին, հայտնում է, որ հռոմեական ակումբը չի պատրաստվում ներկայիս պայմաններով երկարաձգել պայմանագիրը 33-ամյա կիսապաշտպանի հետ։
Նշվում է, որ, չնայած Մխիթարյանը «Ռոմայի» կազմում լավ մրցաշրջան է անցկացնում, իսկ Ժոզե Մոուրինիոյի հետ կոնֆլիկտը վաղուց հարթվել է, միևնույնն է, «ջալոռոսիները» պատրաստ չեն հայ ֆուտբոլիստին տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ վճարել. հենց այդքան է կազմում Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Ռոմայում»։
Մամբրեյանի փոխանցմամբ` Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ շարունակում են հետաքրքրվել Մխիթարյանի ծառայություններից, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի սահմանած պատժամիջոցների հետևանքով այդ ակումբները, ամենայն հավանականությամբ, կհրաժարվեն Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու մտքից, այդ պատճառով էլ քիչ հավանական է, որ 33-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի «Սպարտակի», «Դինամոյի» կամ էլ «Կրասնոդարի» կազմում։
Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Միլանը», որի ղեկավարության հետ նրա գործակալ Մինո Ռայոլան բավական ջերմ հարաբերություններ ունի։
«Ռոսոներիները» դեռևս 2021 թ. ամռանն էին փորձում պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ, երբ ակումբից հեռացավ Հական Չալհանօղլուն, սակայն հայ ֆուտբոլիստը, ընտանեկան հանգամանքներից ելնելով, որոշեց ևս մեկ մրցաշրջան մնալ «Ռոմայում»։
Նշվում է, որ եթե «Միլանը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալ Մադրիդից» չգնի Բրահիմ Դիասի տրանսֆերային ամբողջական իրավունքները, ապա մեծ է հավանականությունը, որ «ռոսոներիները» կրկին կվերադառնան Մխիթարյանի տարբերակին։
Հաղորդվում է, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մարսելը»։ Հավանական տրանսֆերի հարցում պրովանսյան ակումբն արդեն կապվել է Ռայոլայի հետ։
Ինքը` Մխիթարյանը, նույնպես դեմ չէ կարիերան Ֆրանսիայում շարունակելու տարբերակին, որտեղ հանդես է եկել նաև նրա հայրը` Համլետը։
Բացառված չէ նաև , որ Մխիթարյանը կարիերան շարունակի ամերիկյան ՄԼՍ-ում։ Հավանական տարբերակներից են «Լոս-Անջելես Գալաքսին» ու «Լոս Անջելեսը»։
Կա հավանականություն նաև, որ Մինո Ռայոլան Մխիթարյանի ծառայությունները կփորձի առաջարկել Դևիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամիին»։
Մխիթարյանն այժմ այլևս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ չէ, և, հնարավոր է, հայ կիսապաշտպանը կարիերայի վերջնամասը որոշի անցկացնել ԱՄՆ-ում, որտեղ հետագայում բնակություն հաստատելը նրա ու նրա ընտանիքի նպատակներից մեկն է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև ղազախական «Կայրաթը», սակայն հայ ֆուտբոլիստի կարիերայի շարունակության այդ տարբերակը բացառված է։
Մամբրեյանը գրում է, որ 2022 թ. ամռանը, Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կդառնա ազատ գործակալ, սակայն, միանշանակ, չի մնա առանց ակումբի։
Հավելենք, որ 33-ամյա կիսապաշտպանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «գայլերի» մարզաշապիկով անցկացրել է 33 հանդիպում` դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ Մամբրեյան, Դևիդ Բեքհեմ, Դինամո Մոսկվա, Ինտեր-Մայամի, Լոս-Անջելես, Լոս-Անջելես Գալաքսի, Կրասնոդար, Հենրիխ-Մխիթարյան, Միլան, Մինո Ռայոլա, ՄԼՍ, Ռոմա, ՌՊԼ, Սպարտակ, Սպարտակ-Մոսկվա, տրանսֆերներ, Օլիմպիկ Մարսել