Աղբյուր․ «Ռոման նոր մարզչի հետ նախնական պայմանագիր է կնքել»
«Միլանի» ու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին, հաջորդ մրցաշրջանից սկսած, ամենայն հավանականությամբ, կվերադառնա աշխատանքի։
Ինչպես տեղեկացնում է Radio Radio-ն, 53-ամյա մասնագետը նախնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ։ Սպասվում է, որ կողմերի միջև 2-3 տարվա պայմանագիր կկնքվի վերջնական համաձայնության հասնելուց հետո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեգրիի աշխատավարձը «Ռոմայում» 4․5 մլն եվրոյից պակաս կլինի։Իտալացի մասնագետն այդքան վաստակում էր «Յուվենտուսը» մարզելու տարիներին, սակայն հաղորդվում է, որ «գայլերի» ղեկավարները Ալեգրիին պատրաստ են վճարել ավելի շատ, քան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկային, ով, ըստ որոշ աղբյուրների, տարեկան ստանում է 2․5 մլն եվրո։
Նշվում է, որ Մասիմիլանո Ալեգրին հռոմեական ակումբի հետ վերջնական պայմանագիր կկնքի միայն այն դեպքում, եթե «Ռոման» ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով նվաճի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր։
Բացառված չէ նաև այն տարբերակը, որ Ալեգրին «Ռոմայի» գլխավոր մարզիչ նշանակվի նաև ընթացիկ մցրաշրջանի կեսից, եթե ակումբի արդյունքները շարունակեն վատթարանալ։
Հավելենք, որ «Ռոմայի» ղեկավարությունը վերջին շրջանում դժգոհ է ինչպես ակումբի գրանցած վերջին արդյունքներից, այնպես էլ թիմի ներսում առաջացած մթնոլորտից։
Տարբեր ԶԼՄ-ներ հաղորդում են, որ Պաուլու Ֆոնսեկան ու ակումբի արդեն նախկին ավագ Էդին Ջեկոն կոնֆլիկտ ունեն, ինչի պատճառով բոսնիացի հարձակվողը սկսել է չհայտավորվել «Ռոմայի» խաղերին, մարզվում է թիմից առանձին, ինչպես նաև զրկվել է ավագի թևկապից։
# Էդին-Ջեկո, Մասիմիլիանո-Ալեգրի, Միլան, Յուվենտուս, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա