Միլանը շուտով կհայտարարի միանգամից երկու տրանսֆերի մասին

Միլանը շուտով կհայտարարի միանգամից երկու տրանսֆերի մասին

18/01/2021 - 00:50

«Միլանը» բավական ակտիվ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Ռոսոներիները» վերջերս «Տորինոյից» վարձակալեցին 26-ամյա կենտրոնական կիսապաշտպան Սուալիո Մեյտեին։ Ըստ միլանյան ակումբի պաշտոնական կայքի տեղեկատվության՝ կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, ինչի դիմաց «Տորինոն» վաստակելու է 500 հազար եվրո։ Վարձակալության ավարտից հետո «Միլանի» ղեկավարությունը կկարողանան 8 մլն եվրոյի դիմաց ձեռք բերել խաղացողի ամբոջական տրանսֆերային իրավունքները։

Մեյտեի տրանսֆերով «Միլանը» չի պատրաստվում սահմանափակվել․ ակումբը շուտով կհայտարարի ևս երկու տրանսֆերի մասին։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Յուվենտուսի», «Ատլետիկո Մադրիդի» և «Բավարիայի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչն անցնող օրերին մերժել է մի շարք թուրքական ակումբների և արդեն մեկնել է Միլան, որպեսզի պայմանագիր կնքի «ռոսոներիների» հետ։ Կնքվելիք պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, որն ունենալու է ևս մեկ տարով երկարաձգելու կետ։

34-ամյա հարձակվողը 2020 թվականի հուլիսից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, իսկ նրա վերջին ակումբը եղել է Քաթարը ներկայացնող «Ալ Դուհայիլը»։

«Չելսիի» կենտրոնական պաշտպան Ֆիկայո Թոմորին նույնպես շուտով կդառնա «Միլանի» ֆուտբոլիստ։

Ինչպես կրկին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, 23-ամյա անգլիացի ֆուտբոլիստը միլանյան ակումբի շարքերը կհամալրի վարձակալական հիմունքներով, որի ավարտից հետո իրավունք կունենան 30 մլն եվրոյի դիմաց գնել նրա ամբողջական տրանսֆերը։

Թոմորին ընթացիկ մրցաշրջանում գրեթե չի հայտնվում լոնդոնյան ակումբի կազմում և անցկացրել է ընդամենը 4 հանդիպում բոլոր մրցաշարերի շրջանակում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023