Միլանը համաձայնության է հասել Ատալանտայի առաջատարներից մեկի հետ
«Միլանը» փորձում է ամրապնդել իր կազմը. «Ատալանտայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը մոտ է «ռոսոներիների» շարքերը համալրելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «կարմրասևերն» արդեն համաձայնության են հասել սլովենացի ֆուտբոլիստի հետ, սակայն «Միլանը» դեռևս չի ցանկանում ավարտին հասցնել գործարքը։
Բանն այն է, որ միլանյան ակումբը ցանկանում է սպասել մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը, որպեսզի ավելի շահավետ գնով ձեռք բերի 33-ամյա կիսապաշտպանին։
«Միալնն» այդ կերպ է վարվում, քանի որ Իլիչիչի ու «Ատալանտայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, իսկ Բերգամոն ներկայացնող ակումբը կնախընտրի նրան վաճառել ցածր գնով, քան կորցնի անվճար։
Աղբյուրի փոխանցմամբ` «ռոսոներիները» դիտարկում են նաև այլ տարբերակներ։ Եթե Իլիչիչի տրանսֆերը չկայանա, ապա ակումբը կփորձի գնել «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշին, սակայն «Միլանը» դեռևս գոհ է սլովենացի ֆուտբոլիստի հետ բանակցություններից։
Հիշեցնենք, որ Յոսիպ Իլիչիչը «Ատալանտայի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից և մինչ այժմ Բերգամոն ներկայացնող ակումբի մարզաշապիկով անցկացրել է 149 հանդիպում` դառնալով 56 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Միլան, Յոսիպ Իլիչիչ, տրանսֆերներ