Միլանը ծանր պայքարում հաղթեց Սամպդորիային🎥
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրում «Միլանը»` Ջենոայի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում, մրցեց «Սամպդորիայի» դեմ։
Կարելի է ասել` «ռոսոներիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 6-րդ րոպեին Ժունիոր Մեսիասն առաջ մղեց հյուրերին։
Խփած գոլից հետո էլ Ստեֆանո Պիոլիի թիմը վերահսկում էր հանդիպման ընթացքն ու 21-րդ րոպեին Շարլ դե Կետելարեի շնորիվ կրկնապատկեց առավելությունը։
Այդուհանդերձ, հանդիպման գլխավոր մրցավար Միքայել Ֆաբրին դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և բելգիացի կիսապաշտպանի գոլը չարձանագրեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։
Նախքան ընդմիջում այլևս գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ կեսի հենց մեկնարկից հանդիպումը գլխիվայր շրջվեց միլանյան ակումբի համար, քանի որ 47-րդ րոպեին Ռաֆայել Լեաուն, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց խաղադաշտից։
Ստանալով քանակական առավելություն` ջենովական ակումբը բավական արագ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը. 57-րդ րոպեին աչքի ընկավ Ֆիլիպ Ջուրիչիչը։
Տանտերերի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 65-րդ րոպեին «Սամպդորիայի» կիսապաշտպան Գոնսալո Վիլյարը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո Միքայել Ֆաբրին կրկին օգտվեց VAR համակարգից և 11-մետրանոց նշանակեց «Միլանի» օգտին, որն անվրեպ իրացրեց Օլիվյե Ժիրուն ու կրկին առաջ մղեց «ռոսոներիենրին»։
Հանդիպման վերջնամասն անցավ «Սամպդորիայի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր 87-րդ րոպեին ոչ-ոքի կորզելու հինալի հնարավորություն ունեին, սակայն մեկ գրոհի ժամանակ նրանց կատարած երեք հարվածներից հետո գնդակը երկու անգամ դիպավ դարպասաձողին, մեկ անվամ էլ` «Միլանին» փրկեց Մայք Մանյանը։
Ի վերջո, «Միլանին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն` առավելության հասնելով 2:1 հաշվով։
Այս հաղթանակից հետո «ռոսոներիները» վաստակեցին 14 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։
«Սամպդորիան», 2 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Մայք Մանյան, Միլան, Ջունիոր Մեսիաս, Սամպդորիա, Ստեֆանո Պիոլի, Օլիվիե Ժիրու, Ֆիլիպ Ջուրիչիչ