Մեսսին, Նեյմարն ու Մակրոնը կփորձեն ազդել Մբապեի որոշման վրա
ՊՍԺ-ն մտադիր է լուրջ միջոցներ ներդնել, որպեսզի Կիլիան Մբապեն նոր պայմանագիր ստորագրի ակումբի հետ։
Փարիզեցիները 22-ամյա հարձակվողին առաջարկել են տարեկան 25 մլն եվրո աշխատավարձ, սակայն մերժում են ստացել։ Դրանից հետո «Պարի Սեն-Ժերմենը» ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ համաձայնության հասնելու համար նոր փորձեր չի ձեռնարկել։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, հոկտեմբերին ՊՍԺ-ն պատրաստվում է Մբապեին առաջարկել 2 տարվա պայմանագիր ավելի բարձր աշխատավարձով, քան նախորդ անգամն է եղել։
Աղբյուրի փոխանցմամբ` երիտասարդ հարձակվողի որոշման վրա փորձում են ազդել նրա թիմակիցներ Նեյմարն ու Լեո Մեսսին, քանի որ կան խոսակցություններ, որ Մբապեին դուր է գալիս լատինաամերիկացիների հետ խաղալու միտքը։
Բացի դրանից, Մբապեի ապագայի հարցում փորձում է խառնվել նաև ոչ ավել, ոչ պակաս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ըստ որոշ տեղեկությունների` Մակրոնը Մբապեի հետ մշտապես նամակագրության մեջ է և նրան անձնական հաղորդագրություններ է ուղարկում ու բացառված չէ, որ 43-ամյա քաղաքական գործիչը կրկին կկապվի նրա հետ։
Հիշեցնենք, որ վերջերս փակված ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Կիլիան Մբապեն շատ մոտ էր «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուն, սակայն ՊՍԺ-ն մերժեց «արքայական» ակումբի բոլոր երեք առաջարկները։
Մադրիդյան ակումբը ֆրանսիացի հարձակվողի դիմաց նախ առաջարկեց 160 մլն, ապա` 170+10 մլն, իսկ տրանսֆերային պատուհանի վերջին օրը` 200 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էմանուել Մակրոն, Լեո Մեսսի, Նեյմար, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ