Մեկ գնդակով` երկու նպաստակ. Մեսսին մեկ գոլով երկու տպավորիչ ցուցանիշ է գրանցել
Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հարավային Ամերկայի գոտու 11-րդ տուրի շրջանակում Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ուրուգվայի ընտրանու նկատմամբ։
Հանդիպման 38-րդ րոպեին «ալբիսելեստեի» կազմից հաշիվը բացել է թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին։
Այդ գոլի շնորհիվ 34-ամյա հարձակվողը միանգամից երկու տպավորիչ ցուցանիշ է գրանցել։
Բանն այն է, որ, ինչպես տեղեկացնում է BBC-ն, Մեսսին հավաքականի կազմում խփել է իր 80-րդ գնդակը։
Այդ ցուցանիշի շնորհիվ նա դարձել է առաջին լատինաամերիկացի ֆուտբոլիստը, ում հաջողվել է հավաքականի կազմում խփել այդքան գոլ։ Մեսսին հաջորդում է Պելեն, ով Բրազիլիայի հավաքականի կազմում հեղինակել է 77 գոլ։
Բացի դրանից, ֆուտբոլի պատմության շրջանակում Մեսսին դարձել է միայն հինգերորդ ֆուտբոլիստը, ով իր հավաքականի կազմում հատում է 80 գոլի սահմանագիծը։
Նախկինում նման նվաճման հասել են Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 112 գոլ), Ալի Դաեի (Իրան, 109), Մոխտար Դահարի (Մալազիա, 89) և Ֆրենց Պուշկաշը (Հունգարիա, 84)։
Mister Chip-ն էլ հայտնում է, որ Լեո Մեսսին աշխարհի առաջնության ընտրական փուլերի շրջանակում իր խփած գոլերի քանակը հասցրել է 27-ի։
Աշխարհի առաջնության որակավորման փուլերի պատմության լավագույն ռմբարկուների պայքարում Մեսսին այժմ 5-7-րդ հորիզոնականները կիսում է Ռոբերտ Լևանդովսկու (Լեհաստան) և Կաձույոսի Միուրայի հետ (Ճապոնիա)։
39 գոլով լավագույն ռմբարկուն Կարլոս Ռուիսն է (Գվատեմալա), ում հաջորդում են Ալի Դաեին (35 գոլ), Կրիշտիանու Ռոնալդուն (33 գոլ) և Կարիմ Բեգերին (Իրան, 28)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալի Դաեի, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Կաձույոսի Միուրա, Կարիմ Բեգերի, Կարլոս Ռուիս, Կրիշտիանու-Ռոնալդու, Մոխտար Դահարի, Ռոբերտ-Լևանդովսկի, Ֆերենց Պուշկաշ