Ման. Սիթին գնեց արգենտինական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Ռիվեր Փլեյթի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կլաուդիո Էչևերիին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
18-ամյա ֆուտբոլիստը մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը վարձավճարով կշարունակի հանդես գալ «Ռիվեր Փլեյթի» կազմում, իսկ «քաղաքաբնակների» շարքերը կհամալրի 2025 թ. հունվարի 1-ից։
Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ մանկունյական ակումբն արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 14,5 մլն եվրո։
Այդ գումարին հավելավճարների տեսքով հետագայում կարող է ավելանալ ևս 9 մլն եվրո։
Հավելենք, որ Կլաուդիո Էչևերին համարվում է արգենտինական ֆուբոլի գլխավոր տաղանդներից մեկը, ով «Ռիվեր Փլեյթի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 6 հանդիպում` դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
Էչևերին ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում հայտնեց վերջերս Ինդոնեզիայում կայացած Մ-17 տարեկանների աշխարհի առաջնության ժամանակ, որի շրջանակում անցկացրած 7 խաղում դարձավ 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մրցաշարի 1/4 եզրափակիչում Արգենտինան 3:0 հաշվով հաղթեց Բրազիլիային, իսկ Էչևերին խփեց իր թիմի բոլոր գոլերը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Կլաուդիո Էչևերի, Մանչեսթեր-Սիթի, Ռիվեր Փլեյթ, տրանսֆերներ