«Ման. Յունայթեդը» համառ պայքարում հաղթեց «Չելսիին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։
Հանդիպումն անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ 5-րդ րոպեին լոնդոնյան գրանդի դարպասապահ Ռոբերտ Սանչեսը կոպիտ խախտում թույլ տվեց «կարմիր սատանաների» վինգեր Բրայան Մբեումոյի նկատմամբ` հեռացվելով դաշտից։
Մանկունիական գրանդը, ստանալով քանակական առավելություն, նախքան ընդմիջում երկու գնդակ ուղարկեց «ազնվականների» դարպասը. 14-րդ ու 37-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Բրունու Ֆերնանդեշն ու Կազեմիրոն։
Հատկանշական է, որ «Յունայթեդը» 45+5-րդ րոպեին նույնպես մնաց 10 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվեց նույն Կազեմիրոն։
Երկրորդ խաղակեսում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 80-րդ րոպեին Թրևո Չալոբայի խփած գոլի շնորհիվ կարողացավ կրճատել միայն հաշիվը։
«Չելսին» առաջին պարտությունը կրեց և 8 միավորով 6-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 7 միավորով բարձրացավ 9-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am