Մանչեսթեր Սիթի – Արսենալ հանդիպումը հետաձգվել է
Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը որոշում է կայացրել այսօր՝ մարտի 11-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը հետաձգել։
Այս ամենը պայմանավորված է կորոնավիրուսից զգուշանալու հետ, քանի որ 13 օր առաջ «Արսենալը» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում մրցել է «Օլիմպիակոսի» դեմ։ Երեկ հայտնի դարձավ, որ «Օլիմպիակոսի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը վարակվել է կորոնավիրուսով։ Նշվում է, որ Մարինակիսը շփվել է «Արսենալի» աշխատակիցների և խաղացողների հետ։
Բժիշկների խորհրդով և իրավիճակը լիարժեք պարզաբանելու նպատակով՝ «Սիթիի» և «Արսենալի» ղեկավարները ԱՊԼ-ի ղեկավարությանը խնդրել են հետաձգել հանդիպումը։ ԱՊԼ-ի ղեկավարությունը վերջնական որոշում կայացրել է երկու ակումբների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
«Հասկանում ենք, որ այս իրավիճակը ֆինասնական հարված է հասցնում երկրպագուներին, սակայն և՛ «Արսենալը», և՛ «Մանչեսթեր Սիթին» միաձայն այն կարծիքին են, որ պարոն Մարինակիսի վարակումը չի թողնում այլընտրանքային այլ տարբերակ։ Պետք է բացառել բոլոր ռիսկերը»,- նշվում է Պրեմիեր լիգայի պաշտոնական հայտարարությունում։
Դեռևս հայտնի չէ, թե երբ կանցկացվի հանդիպումը։
# ԱՊԼ, Արսենալ, Մանչեսթեր-Սիթի