Սիթին կրկին փայլում է՝ ևս մեկ քայլ կատարելով դեպի չեմպիոնություն🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։
Այս հանդիպումը նախապես որոշված էր, որ պետք է կայանար սույն թվականի ապրիլի 24-ին կամ 25-ին, սակայն, քանի որ «քաղաքաբնակները» հասել են Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ, այս հանդիպումն առաջ է բերվել։
Լիգայի գավաթի եզրափակչի շրջանակում «Սիթին» ապրիլի 25-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցելու է «Տոտենհեմի» դեմ։
Ինչ վերաբերում է այս հանդիպմանը, ապա Պեպ Գվարդիոլայի թիմը գրեթե հնարավորություն չտվեց մրցակցին։
«Սիթիի» ֆուտբոլիստներն ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 15-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ երկար դադարից հետո գոլի հեղինակ դարձավ Կևին դե Բրոյնեն, ով վերջին անգամ մանկունյական ակումբի կազմում գնդակ հեղինակել էր սույն թվականի հունվարի 3-ին, երբ «երկնագույնները» Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեցին «Չելսիին»։
Շատ չանցած՝ 25-րդ րոպեին, «սրբերին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ Էմերիկ Լապորտը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսը նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց «Սաութհեմպտոնի» ավագ Ջեյմս Վորդ-Պրոուսը։
Տատներերի առավելությունն այնքան ակնհայտ է, որ նրանք նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան․ նախ 40-րդ րոպեին հաշիվը 2։1 դարձրեց Ռիյադ Մարեզը, ապա 45+3-րդ րոպեին Իլկայ Գյունդողանն ավելի մեծացրեց «քաղաքաբնակների» առավելությունը։
Հետաքրքրական է, որ գերմանացի կիսապաշտպանը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է արդեն 12 գոլի հեղինակ և իր թիմի լավագույն ռմբարկուն է։
Կողմերն ընդմիջման գնացին 3։1 հաշվի պայմաններում․ առջևում էին «Սիթիի» ֆուտբոլիստները։
Երկրորդ կեսն էլ կողմերը գերարդյունավետ մեկնարկեցին՝ 55-59-րդ րոպեների ընթացքում համատեղ ուժերող խփելով 3 գնդակ։
Այդ երեք գնդակներից երկուսը խփեցին տանտերերը, իսկ գոլերն իրենց անվան դիմաց կրկին գրանցեցին Ռիյադ Մարեզն (55-րդ րոպե) ու Կևին դե Բրոյնեն (59-րդ րոպե) ովքեր այս խաղում դարձան դուբլի հեղինակ։ «Քաղաքաբնակներն» այդ երկու գոլերն էլ խփեցին Ֆիլ Ֆոդենի կատարած փոխանցումներից հետո։
Ռալֆ Հազնհյութլի թիմից խփած գնդակով էլ աչքի ընկավ Չե Ադամսը (56-րդ րոպե)։
Գվարդիոլայի սաները, ճիշտ է, խաղի մնացած ժամանակահատվածում էլ կարող էին մեծացնել իրենց առավելությունը, սակայն այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վերականգնվեց մանկունյական դերբիում կրած պարտությունից հետո և 5։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սաութհեմպտոնի» նկատմամբ։
«Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 68 միավոր և վստահորեն գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով 14 միավոր, սակայն «կարմիրները» մեկ խաղ պակաս են անցկացրել։
«Սաութհեմպտոնն» էլ մնաց 33 միավորով և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, ԱՊԼ, Իլկայ Գյունդողան, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չե Ադամս, Պեպ Գվարդիոլա, Ջեյմս Վորդ-Պրոուս, Ռիյադ Մարեզ, Սաութհեմփթոն, Տոտենհեմ, Ֆիլ Ֆոդեն