Մանչեսթեր Յունայթեդ vs Լիդս. հետաքրքիր բացահայտումներ Էրլինգ Հալանդի տրանսֆերային բամբասանքներից

Մանչեսթեր Յունայթեդ vs Լիդս. հետաքրքիր բացահայտումներ Էրլինգ Հալանդի տրանսֆերային բամբասանքներից

13/12/2019 - 18:15

«Զալցբուրգի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդն այս մրցաշրջանի իսկական բացահայտումն է։ Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում ավստրիական բունդեսլիգայում 14 խաղում հասցրել է դառնալ 16 գոլի հեղինակ, իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6 խաղում դարձավ 8 գոլի հեղինակ։

Զարմանալի չէ, որ խաղացողը եվրոպական բազմաթիվ գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Ըստ որոշ աղբյուրների՝ «Զալցբուրգ» – «Լիվերպուլ» հանդիպմանը տարբեր ակումբներից ներկա է եղել ավելի քան 40 սկաուտ՝ երիտասարդ խաղացողին հետևելու համար։

Ակումբներից մեկը, որը լրջորեն հետաքրքրված է Հալանդի ծառայություններով ,Մանչեսթեր Յունայթեդն» է։ Սակայն, անգլիական ակումբի ճամբարը չհամալրելու համար երիտասարդ հարձակվողն ունի երկու պատճառ։

Առաջին պատճառն այն է, որ 2001 թվականին «Մանչեսթեր Յունայթեդի» այն ժամանակվա ավագ Ռոյ Քինը վերջ դրեց Էրլինգի հոր՝ Ալֆ-Ինգ Հալանդի կարիերային։

Հալանդ-Քին թշնամանքը սկսվել է դեռևս 1997 թվականին։ Հալանդն այդ ժամանակ հանդես էր գալիս «Լիդս Յունայթեդի» կազմում։ «Լիդս» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումներից մեկի ժամանակ Հալանդը հիանալի «փակել» էր Ռոյ Քինին: Դրվագներից մեկի ժամանակ, երբ Քինը փորձեց ճեղքել «Լիդսի» պաշտպանությունը, Հալանդը քաշեց Քինի մարզաշապիկից, այնուհետև, ուժային պայքարի մեջ մտնելով իռլանդացի խաղացողի հետ, տապալեց նրան՝ վնասվածք հասցնելով նրան։

Ինչպես պարզվեց հետագայում, «կարմիր սատանաների» ավագը կտրել էր ծնկի խաչաձը կապանները։ Հալանդն այդ դրվագում ցույց չտվեց, որ զղջում է կատարվածի համար՝ մտածելով, թե իռլանդացին սիմուլիացիայի է դիմել։

Քինը ծանր վնասվածքից ապաքինվեց 11 ամիս։ 2001 թվականին Քինն ու Հալանդը կրկին հանդիպեցին, սակայն այս անգամ արդեն մանչեսթերյան դերբիի ժամանակ, երբ նորվեգը հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում։

Հանդիպման վերջնամասում՝ 1։1 հաշվի ժամանակ, Ռոյ Քինը «բաց ոտքով» ուղիղ հարված է հասցնում Ալֆ-Ինգե Հալանդին՝ կոտրելով նրա ոտքը։ Դրվագից հետո Քինը հեռացվեց խաղադաշտից։

Այդ վնասվածքից հետո Հալանդը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 3 անգամ։ Հալանդը ստիպված էր կարիերան ավարտել ընդամենը 31 տարեկան հասակում։

Հետագայում Ռոյ Քինն իր ինքնակենսագրական գրքում խոստովանել է, որ Հալանդին միտումնավոր է այդ վնասվածքը հասցրել՝ վրեժ լուծելով։

Երկրորդ պատճառը, որը կարող է խոչընդոտել Էրլինգ Հալանդի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ», նրա կապն է «Լիդսի» հետ, որտեղ, ինչպես նշվեց, հանդես է եկել նրա հայրը։ «Սիրամարգները» «կարմիր սատանաների» սկզբունքային մրցակիցներից մեկն են Անգլիայում։ Այս երկու թիմերի մրցակցությունը հասնում է ընդհուպ մինչև 15-րդ դար, ինչը կապված է Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմի հետ, որը եղել է Յորքշիրների և Լանկշիրների դքսությունների միջև։ «Լիդսը» ներկայացնում է Յորքշիրներին և համարվում է «Սպիտակ վարդը», իսկ «Յունայթեդը» Լանկշիրների ներկայացուցիչն է՝ լինելով «Կարմիր վարդ»։

Նույնիսկ 2017 թվականին Էրլինգ Հալանդը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ «Լիդսի» հետ ցանկանում է նվաճել Պրեմիեր լիգայի գավաթը, դառնալ լավագույն ֆուտբոլիստ, դառնալ ավելի լավը, քան եղել է իր հայրը։

Նշենք, որ Մարսիելո Բիելսայի գլխավորած «Լիդսը» ներկա պահին գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարայաին աղյուսակը՝ պայքարելով ԱՊԼ-ի ուղեգրի համար։ Հավանական է՝ «Լիդսը» կփորձի ձեռք բերել նորվեգացի տաղանդավոր հարձակվողին, ով, միգուցե, մանկության երազանքը վեր դասի կարիերայի ռացիոնալ շարունակությունից։ Այս ամենին կարող է նպաստել նաև այն, որ հունվարին հարձակվողի հրաժարագինը կազմելու է ընդամենը 21 մլն եվրո։

Սակայն, «Յունայթեդ» տեղափոխությունը ևս բացառված չէ, քանի որ երբ Հալանդը հանդես էր գալիս նորվեգական «Մոլդեի» կազմում,ակումբի գլխավոր մարզիչը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն էր, իսկ հարձակվողը մեկ անգամ չի նշել, որ կցանկանար կրկին հանդես գալ նորվեգացի մասնագետի գլխավորությամբ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023