Մանչեսթեր Յունայթեդը հիանալի խաղով կանգնեցրեց Արսենալին` հաղթելով «զինագործներին» 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդն»` «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, մրցեց «Արսենալի» դեմ։
Հանդիպման մեկնարկում «Արսենալն» ուներ խաղային առավելություն և արդեն 12-րդ րոպեին Գաբրիել Մարտինելիի ջանքերով Միկել Արտետայի թիմը բացեց հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Փոլ Թիրնին դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և կանոնների խախտման պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։
Խփած գոլից հետո էլ հյուրերն ունեին խաղային առավելություն, սակայն 35-րդ րոպեին «կարմիր սատանաները» նետվեցին կտրուկ հակագրոհի, որը եզրափակեց թիմի նորեկ Անթոնին` առաջ մղելով մանկունյական ակումբին։
Նախքան ընդմիջում այլևս գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ կեսի մեկնարկում էլ լոնդոնյան ակումբն ուներ տարածքային մեծ առավելություն, ինչի արդյունքում 60-րդ րոպեին Բուկայո Սակայն հավասարեցրեց հաշիվը։
Այդուհանդերձ, «զինագործների» ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ Էրիկ Տեն Հագի սաները 66-րդ րոպեին կրկին արագ հակագրոհ զարգացրին և հաշիվը դարձրին 2:1. աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը` եզրափակելով Բրունո Ֆերնանդեշի հիանալի փոխանցումը։
75-րդ րոպեին էլ Բրունոն Քրիստիան Էրիկսենին ու Ռեշֆորդին մեն-մենակ դուրս բերեց Արոմ Ռամսդեյլի դիմաց, ինչի արդյունքում անգլիացի հարձակվողն էլ մեծացրեց տանտերերի առավելությունը` դնելով հանդիպման վերջակետը։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 3:1 հաշվով, ընդհատեց «Արսենալի» հաղթարշավն ու վաստակեց 12 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։
«Արսենալը»,15 միավորով, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Բուկայո Սակա, Էնթոնի, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ