Կլատենբուրգ․ «2018թ․ Ռեալ-Յուվենտուս հանդիպման  մցարվարը ստիպված էր ընտանիքին ապահով վայր տանել խաղից հետո»

Կլատենբուրգ․ «2018թ․ Ռեալ-Յուվենտուս հանդիպման մցարվարը ստիպված էր ընտանիքին ապահով վայր տանել խաղից հետո»

09/02/2021 - 17:54

Վերջերս հայտնի դարձավ, որ անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումները սպասարկող Մայք Դինը մահվան սպառնալիքներ է ստացել, ինչից հետո ԱՊԼ-ի ղեկավարությանը խնդրել է, որպեսզի առաջիկա՝ 25-րդ տուրում իրեն խաղ չտրամադրեն։

Այդ ամենը սկսվել է «Մանչեսթեր Յունայթեդ» 9։0 «Սաութհեմպտոն» և «Ֆուլհեմ» 0։0 «Վեսթ Հեմ» հանդիպումներից հետո։ Վերոնշյալ խաղերում Դինը կասկածելի կարմիր քարտեր է ցույցտվել նախ «Սաութհեմպտոնի» երկու ֆուտբոլիստներ Ալեքսանդր Յանկևիցին ու Յան Բեդնարեկին, ապա «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Տոմաշ Սոուչեկին։ Հետագայում Բեդնարեկի ու Սոուչեկի կարմիր քարտերը չեղարկվեցին։

Բանը հասավ նրան, որ «Սաութհեմպտոնի» ղեկավարությունը դիմեց ԱՊԼ-ին, որպեսզի Դինն այլևս երբեք չսպասարկի իրենց մասնակցությամբ որևէ հանդիպում։

Վերջին իրադարձությունների հետ կապված՝ իր մեկնաբանությունն է տվել անգլիացի նախկին մրցավար Մարկ Կլատենբուրգը․

«Տհաճ և սարսափելի իրավիճակ է, սակայն ամենավատն այն է, որ սոցցանցերում նման բաներ են կատարվում։ Կարո՞ղ է արդյոք Պրեմիեր լիգան որևէ բան փոխել։ Ո՛չ։ Մրցավարական կորպո՞ւսը։ Ո՛չ։ Twitter-ը։ Այո՛, հենց նրանք են այս ամենը թույլ տալիս։

Աշխատելով որպես Հունաստանի մրցավարական կորպուսի ղեկավար՝ ես նույնպես ստանում եմ սպառնալիքներ։

Մայք Դինին ես ճանաչում եմ արդեն 15 տարի։ Նա հիանալի անձնավորություն է։ Դինն այն մարդկանցից է, ում հետ նույնիսկ կարող ես պատերազմ գնալ։ Նա հարուստ փորձ ունի և վստահ եմ՝ կմեղադրի ինքն իրեն, որ նրա ցույց տված երկու կարմիր քարտերը չեղարկվել են։

Այդ ամենը միայն սրում է իրավիճակը։ Մրցավարները նույնպես մարդիկ են։ Պայքարի թեժ բովում նրանք կարող են և սխալվել։ Ես նույնպես սխալներ թույլ էի տալիս, այնուամենայնիվ, ամեն ինչ պետք է սահմանափավկի, քանի որ սոցցանցերում հաճախ մարդիկ դուրս են գալիս իրենց սահմաններից։

Մայքլ Օլիվերը, ով 2018 թվականին սպասարկել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալ» 1։3 «Յուվենտուս» հանդիպումը, խաղից հետո ստիպված էր ընտանիքին տեղափոխվել ապահով վայր։

Այդպիսի բաներ պետք է տեղի չունենան, սակայն սոցցանցերը թքած ունեն, այդ պատճառով էլ Դինին ուղղված սպառնալիքները չավարտվեցին»,- Կլատենբուրգի խոսքերը մեջբերում է  Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության քառորդ եզրափակչի շրջանակում միմյանց դեմ բախվեցին «Ռեալն» ու «Յուվենտուսը»։ Դիմակայության առաջին խաղկում մադրիդյան ակումբը Թուրինում 3։0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ։

Թվում էր՝ «Ռեալը» արդեն վճռել է դիմակայության ելքը, սակայն Մադրիդում կայացած խաղում հակառակ պատկերն էր։ «Բյանկոներիները» Մարիո Մանջուկիչի դուբլի և Բլեզ Մատուիդիի գոլի շնորհիվ երկար ժամանակ հաղթում էին 3։0 հաշվով, սակայն հանդիպման վերջնամասում՝ 90+2-րդ րոպեին, թուրինյան ակումբի պաշտպան Մեհդի Բենատիան կանոնների խախտում թույլ տվեց «արքայական» ակումբի վինգեր Լուկաս Վասկեսի նկատմամբ, ինչի հետևանքով հանդիպումը սպասարկող Մայքլ Օլիվերը 11-մետրանոց հարված նշանակեց «Յուվեի» դարպասին։

Այդ դրվագից հետո կրքերը բորբոքվեցին, իսկ թուրինյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հեռացվեց խաղադաշտից։

Գնդակին մոտեցավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իր թիմին դուրս բերեց մրցաշարի կիսաեզրափակիչ, իսկ հետագայում «Ռեալը» 13-րդ անգամ նվաճեց բաղձալի գավաթը։

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023