Հիանալի ֆուտբոլ «Սերամիկայում». Վիլյառեալը հաղթեց Ռեալ Մադրիդին🎥
Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Սերամիկա» մարզադաշտում, որի շրջանակում «Վիլյառեալը» մրցեց գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդի» դեմ։
Չնայած առաջին կեսում «դեղին սուզանավն» ուներ խաղային ու տարածքային որոշակի առավելություն, նախքան ընդմիջում ամենաաիրական գոլային պահն ստեղծեցին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները, սակայն 40-րդ րոպեին Վինիսիուսի կատարած հարվածից հետո «Վիլյառեալին» փրկեց 40-ամյա դարպասապահ Պեպե Ռեյնան։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղաղակեսը կողմերը շատ ավելի ագրեսիվ սկսեցին, ինչի արդյունքում 47-րդ րոպեին Երեմի Պինոն, օգտվելով հյուրերի պաշտպան Ֆերլան Մենդիի թույլ տված սխալից, դուրս եկավ հարվածային դիրք և բացեց հաշիվն` առաջ մղելով «Վիլյառեալին»։
Շատ չանցած` 60-րդ րոպեին, մրցակցի տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեցին Վինիսիուսի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Սեսար Սոտո Գրադոն դիտեց դրվագի տեսակրկնապատկերն ու 11-մետրանոց նշանակեց «դեղին սուզանավի» դարպասին, որն անվրեպ իրացրեց Կարիմ Բենզեման` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։
Այդուհանդերձ, Կառլո Անչելոտիի թիմի ուրախությունը տևեց ընդամենը վայրկյաններ, քանի որ 62-րդ րոպեին Դավիդ Ալաբան ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում, ինչից հետո Սոտո Գրադոն 11-մետրանոց նշանակեց արդեն «Ռեալի» դարպասին։
Գնդակին մոտեցավ Ժերար Մորենոն և դիպուկ հարվածով կրկին առաջ մղեց տանտերերին։
Բաց թողած երկրորդ գոլից հետո «սերուցքայինները» տիրեցին նախաձեռնությանը և ժամանակ առ ժամանակ ճնշում էին գործադրում Պեպե Ռեյնայի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն Սետիենի թիմը պաշտպանվեց անձնուրաց։
Ի վերջո, «Վիլյառեալը» հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 27 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։
«Ռեալը», 38 միավորով, 2-րդն է։
Նույնքան միավոր ունի նաև առաջնության առաջատար «Բարսելոնան», սակայն «բլաուգրանան» ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը, որի շրջանակում հունվարի 8-ին հյուրընկալվելիս կմրցի «Ատլետիկո Մադրիդի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Երեմի Պինա, Ժերար Մորենո, Լա-լիգա, Կառլո Անչելոտի, Կարիմ-Բենզեմա, Կիկե Սետիեն, Ռեալ Մադրիդ, Սեսար Սոտո Գրադո, Վիլյառեալ, Վինիսիուս