Հենոյի վերադարձը հետաձգվում է․  հայտնի է, թե երբ նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ

Հենոյի վերադարձը հետաձգվում է․ հայտնի է, թե երբ նա կկարողանա վերադառնալ խաղադաշտ

30/03/2021 - 17:06

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 29-ին «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Villa Stuar բժշկական կենտրոնում բուժզննում է անցել, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես է ընթանում նրա ապաքինումը։

32-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածք էր ստացել մարտի 11-ին՝ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի Դոնեցկի «Շախտյորի» դեմ կայացած առաջին խաղում, որի շրջանակում հռոմեական ակումբը հաղթեց 3։0 հաշվով։ Այդ հանդիպումը Մխիթարյանը սկսել էր «Ռոմայի» մեկնարկային կազմում, սակայն փոխարինվեց արդեն 35-րդ րոպեին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Մխիթարյանը վնասվածքի պատճառով պետք է բաց թողներ 3-4 շաբաթ, սակայն մարտի 29-ի հետազոտությունից հետո պարզ է դարձել, որ նրա ապաքինումը սպասվածից ավելի երկար կտևի։

Ինչպես տեղեկացնում է Il Messaggero-ն, Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա երկու շաբաթից ոչ շուտ։

«Գայլերի» ղեկավարությունը հուսով էր, որ հայազգի ֆուտբոլիստը պատրաստ կլինի Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Այաքսի» դեմ կայանալիք առաջին հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 8-ին Ամստերդամում, սակայն, Մխիթարյանն այդ խաղում չի կարողանա օգնել իր թիմին։

Իր հերթին Մխիթարյանը ծրագրում է մասնակցել այդ դիմակայության պատասխան հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 15-ին, սակայն պատասխան խաղին նրա մասնակցությունը նույնպես կասկածի տակ է։

Հիշեցնենք, որ Հենոն ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 11-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023